Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանի որդին ապրիլի 5-ին տոմս էր գնել, որ Բոստոնից գա Հայաստան

Մայիս 06,2016 12:47

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի կարծիքով` Ադրբեջանը մեկ օրում ցանկանում էր ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Նիկոյանը հայտարարեց, որ միջազգային կառույցներն ու Մինսկի խումբն իրենց լղոզված հայտարարություններով թույլ տվեցին դա:

Քառօրյա պատերազմից հետո էլ Սամվել Նիկոյանը շարունակում է նույն կարծիքին մնալ, թե ճիշտ էր ԵՏՄ մուտք գործելը, քանի որ այդ համագործակցությունը տվել է իր արդյունքները. ունեցել ենք բավարար քանակի ռազմական տեխնիկա, անհրաժեշտ ամեն ինչ, որ կարողանանք դիմագրավել թշնամուն:

Նա խոստովանեց, որ այս դաշտում կան նաև խնդիրներ: Սամվել Նիկոյանը փաստեց. «Ադրբեջանը ցանկանում էր մեկ-երկու օրվա ընթացքում գրավել անհրաժեշտ քանակի տարածություններ և հասնել Ստեփանակերտ: Դա են վկայում այն բոլոր փաստաթղթերը, որ գտնվում են մերոնց ձեռքին»:

Պարոն Նիկոյանը նկատեց, թե միջնորդ երկրները հույս ունեին, որ ՀՀ-ն դիմելու է նրանց, բայց դա չեղավ, քանի որ մեր զինվորները լուծեցին պարզ խնդիր`պաշտպանեցին իրենց հայրենիքը, ընտանիքն ու արժանապատվությունը. «Այսօր մեր սահմանները պաշտպանում է հայ զինվորը, այլ ոչ թե խաղաղապահները»:

Անդրադարձ կատարվեց նաև այն փաստին, որ Սամվել Նիկոյանի որդին քառօրյա պատերազմի ընթացքում գտնվում էր Բոստոնում: Նա հստակեցրեց, որ որդին Բոստոնում էր ուսման նպատակով, քանի որ սովորում է Ֆլեթչերի դիվանագիտության դպրոցում: Հարցին` հարկ լինելու դեպքում նրան կբերի՞ Հայաստան, պարոն Նիկոյանը պատասխանեց. «Որդիս երկու ամսից ավարտում է ուսումն ու վերադառնում: Բայց նա ապրիլի 5-ին էր տոմս գնել, որ Բոստոնից վերադառնա Հայաստան, սակայն ընկերները հայտնել էին զինադադարի մասին, որից հետո ետ է տվել տոմսը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031