Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ, եւ, դատելով տեսագրված փոքրիկ հատվածից, բավականին նյարդային ելույթ ունեցել։
Ելույթի (համենայն դեպս՝ հրապարակված հատվածի) իմաստը եղել է այն, որ ինքն այնքան թույլ մարդ չէ, որ լսի կողքից հնչող խորհուրդները եւ լուծարի Ազգային ժողովը, ռազմական դրություն հայտարարի եւ այլն, մի խոսքով՝ «37 թիվը դարձնի մեր երկիրը», իսկ այդ մարդիկ խորհուրդներ տալու փոխարեն լավ կանեն՝ գնան մարդկանց բացատրեն, թե իշխանություններն ինչ են անում եւ ինչի համար։
Հետո էլ հաղթականորեն արձանագրել է, թե ապրիլին ՊԵԿ-ը 100 միլիարդ դոլար է հավաքել, ընդ որում՝ «հիմնական հարկատուները» գրեթե շահույթ չեն ստացել եւ շահութահարկ չեն վճարել։ Եվ եզրակացրել է, որ ուրեմն էլի՛ հավաքելու տեղ կա, եւ էլի՛ են հավաքելու։
Կարդացեք նաև
Ճիշտն ասած՝ չենք հիշում, որ ինչ-որ մեկը հրապարակավ Սերժ Սարգսյանին առաջարկած լինի ռազմական դրություն հայտարարել, բայց «37 թվի» հիշատակումը մոտավորապես հասկանալի է. Սերժ Սարգսյանը նկատի ունի ոչ թե քաղաքական ռեպրեսիաները, այլ կուլակաթափը (իսկ այդպիսի կոչեր ամեն օր են հնչում)։ Եվ ահա նա հանգստացնում է թիմակիցներին՝ «մի՛ լարվեք, կուլակաթափություն չի լինելու»։
Ավելին՝ հրապարակավ արդարացնում է «հիմնական հարկատուներին» (պարզ ասած՝ օլիգարխներին), որ նրանք համարյա շահութահարկ չեն վճարել։ Մարդը պարզ ասում է՝ հիմնականում փոքր ու միջին բիզնեսին ենք կթել երբեւէ նմանը չունեցած ծավալներով, ու էլի՛ ենք կթելու, իսկ թիմակիցների ուղղակի պարտականությունն է՝ գնալ եւ մարդկանց բացատրել, թե դա ինչի համար է արվում։
Նախ՝ խնդրի տնտեսական կողմի մասին։ Սերժ Սարգսյանն իզուր է պարծենում հարկահավաքության աննախադեպ ծավալներով, որովհետեւ եթե տնտեսությունն աճել է, ասենք, 5 տոկոսով, իսկ հավաքված հարկերը 20 տոկոսով, դա նշանակում է, որ պարզապես բիզնեսը քերթել են աննախադեպ դաժանությամբ, ու դա վաղ թե ուշ ինչ-որ տեղից «դուրս է քցելու», այսինքն՝ բացասական հետեւանքներ է ունենալու։
Բացի այդ էլ՝ նույնիսկ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն է ընդունում, որ «աննախադեպ ցուցանիշի» հիմնական պատճառն այն է, որ, ինչպես ինքն է ասում, «ապրիլ ամիսը նաեւ շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է»։ Պարզ ասած՝ հիմա վճարել են, բայց առաջիկա ամիսներին չեն վճարելու։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում