Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան մայիսի 6-ին այցելել էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վալյերը:
Նշենք, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման աշխատանքային լեզուն գերմաներենն էր, գերմաներենից թարգմանությունը նախատեսված էր միայն բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանի համար:
Ռեկտորը իր խոսքի ընթացքում նշեց, որ ծրագիրը արդեն մի քանի տարի է, ինչ գործում է: Ծրագրի շրջանակներում բուհը հյուրընկալում է դիվանագետների, տարբեր երկրների դեսպանների, քաղաքական գործիչների, մշակույթի ներկայացուցիչների: Նա ընդգծեց, որ Ալբերտ Վայլերը մեծ ազդեցություն է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Որպես շնորհակալություն կատարած աշխատանքի համար Գայանե Գասպարյանը նրան շնորհակալագիր հանձնեց:
Կարդացեք նաև
Ալբերտ Վալյերը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստան է ժամանել երիտասարդության շրջանում գործազրկություն թեմայով բանակցություններ վարելու նպատակով: Նա արդեն հանդիպել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Հայաստանում նա ուղեկցում է նաեւ երիտասարդների փոխանակման մի ծրագիր՝ իր հետ Գերմանիայից հինգ աշակերտ է բերել եւ ակնկալում է հայ աշակերտները եւս կայցելեն Գերմանիա՝ փոխանակումը շարունակելու համար: Նա նշեց, որ կցանկանար Լեզվահասարակագիտական համալսարանի հետ համագործակցություն սկսել: Ալբերտ Վայլերը բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ բանակցություններ է ունենալու, ինչի ընթացքում հստակ կդառնան այդ համագործակցության հնարավորությունները:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ