ՀՀԿ պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Կարեն Ավագյանը ասում է, թե օրենսդրությամբ չի սահմանափակվում սերմնաբջիջների պահեստավորումը, եւ շատ կամավորներ օգտվում են այդ հնարավորությունից կամ տարբեր վերարտադրողական կենտրոններում օգտվում են համապատասխան բանկերից։ «Պարզապես պետք է այդ հնարավորության մասին բարձրաձայնել, որ մարդիկ իմանան, որ այսօր գործող օրենսդրությունը տալիս է նման հնարավորություն»,- ասում է Ավագյանը։
Վերջինս, իհարկե, չի բացառում, որ դեմոգրաֆիկ խնդիր ունեցող Հայաստանը պետք է ավելացնի վերարտադրողական ծրագրերի նկատմամբ պետական հոգածությունը, որ կարելի է առանձնացնել որոշակի ռիսկային՝ օրինակ, սպայական խմբերին, եւ այդ մասին նրանց իրազեկելու խնդիր դրվի։ «Իմ կարծիքով, պարոն Պողոսյանի առաջարկությունը ուղղակի դրա մասին բարձրաձայնելն է։ Եվ այդ ամբողջ գաղափարախոսության հիմքում պետք է դնել վերարտադրողական առողջությունը։
Մեր հանձնաժողովի վերջին նիստում հավանության է արժանացել «Վերարտադրողականության մասին» օրենքի նախագիծը, որը տալիս է նման շատ հարցերի պատասխանները, եւ որտեղ ամրագրվել են դոնորության, փոխնակ մայրության, արհեստական բեղմնավորման վերաբերյալ մեր պատկերացումները, հնարավոր ռիսկերից սահմանափակումները»,- ավելացնում Է Կարեն Ավագյանը։
Իսկ հայտնի մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պետրոսյանը դրական է գնահատում Թ. Պողոսյանի նախաձեռնությունը։ «Գիտեք, դա վատ նախաձեռնություն չէ, որովհետեւ թե՛ սահմանում զոհված, թե՛ այլ պատճառներով մահացած երիտասարդների գենոֆոնդը կորած չի լինի։ Եվ սերմը կարելի է օգտագործել արհեստական բեղմնավորում կատարելու համար այն կանանց մոտ, որոնց ամուսինները գենետիկ ցուցմունքներով կամ այլ պատճառներով չեն կարող երեխա ունենալ։ Ծնողները կարողանան թոռ ունենալ։ Ինչ վատ բան կա, եթե այդ խիզախ տղաների գենոֆոնդը պահպանվի»,- ասում է Գ. Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Պետրոսյանն, իհարկե, այս նախաձեռնության դեպքում որոշակի բարոյական խնդիրներ տեսնում է։ «Բայց եթե մոտենանք բիոլոգիական, բժշկական տեսակետից, դա վատ բան չէ։ Դրսում էլ կա սերմերի բանկ, որտեղ սերմ են հանձնում հայտնի մարդիկ, գիտնականներ»,- հավելում է նա։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում