Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճապոնիայում գործում է «Կոմիտասասերների» ասոցիացիա»

Մայիս 06,2016 15:10

«Առավոտը» հանդիպել էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ
եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ

Ճապոնիան հին ու զարգացած մշակութային երկիր է: Ուշագրավ է ճապոնացի վարպետների արվեստը՝ բնապատկերային գեղանկարչության, ճենապակու, ճարտարապետության, թատրոնի եւ այլ ոլորտներում: Հայտնի է հատկապես ծաղկեփնջեր կազմելու եւ գաճաճ ծառեր մշակելու նրանց յուրատեսակ արվեստը:

Հայաստանցի դասական երաժշտության երկրպագուների ուշադրությունն է գրավել այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հերթական համերգի հայտագիրը, որը տեղեկացնում է, որ այն կղեկավարի ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոյեն, որի արվեստին, դարձյալ նույն նվագախումբը ղեկավարելիս, ծանոթացել ենք 1990-ականների վերջերին: Ծրագրում ընդգրկված են կոմպոզիտոր Յասուշի Ակուտագավայի երգեհոնի եւ նվագախմբի համար «Հնչյուններ» ստեղծագործությունը, ամերիկաբնակ դաշնակահար եւ կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի ձայնի եւ նվագախմբի համար գրված վոկալիզը ու սիմֆոնիկ կոնցերտը դաշնամուրի եւ նվագախմբի համար, ինչպես նաեւ կհնչեն հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից: Երեկոյին հրավիրված են Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը եւ երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը:

Մեր դիտարկմամբ՝ հաճախակի չեն ճապոնացի արվեստագետների եւ մշակութային կոլեկտիվների հյուրախաղերը Հայաստանում, թեեւ 2015թ. հայ հանդիսատեսը հիացած էր ճապոնական ավանդական Կաբուկի թատրոնի Երեւանում ցուցադրած ներկայացմամբ, մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ջութակահարուհի Ակիկո Սուվանայի բարձրարվեստ նվագով, ինչպես նաեւ ժամանակին անվանի երգչուհի Արաքս Մանսուրյանի հետ Երեւանում հանդես եկած դաշնակահար Տակահիրո Ակիբայի արվեստով:
Քանի որ այսօր կայանալիք համերգի հայտագրում որպես աջակիցներ հիշատակված է ոչ միայն ՀՀ մշակույթի նախարարությունը, այլեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը, «Առավոտը» ցանկություն հայտնեց հենց դեսպանից տեղեկանալու մեր երկրների միջեւ մշակութային կապերի մասին:

Taguchi_1

Դիրիժոր Հիսայոշի Ինոյեն:

Մեզ սիրով ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Պարոն դեսպանը համակարծիք լինելով մեր դիտարկմանը, ինքն էլ կրկնեց, որ այսօր բավարար կամ ակտիվ չեն Ճապոնիայի ու Հայաստանի մշակութային հարաբերությունները, ավելին՝ պարոն Տագուչիի խոսքերով՝ ճապոնացի լայն հասարակությունը բավարար չգիտի հայկական մշակույթի մասին եւ հակառակը՝ հայերդ էլ մեր: Մինչդեռ Ճապոնիան ու Հայաստանը հին մշակույթ ունեցող երկրներ են: Բայց կա երաշխիք՝ միասնաբար զարգացնելու այդ հարաբերությունները: «Օրինակ, ինձ վրա դեռ վաղուց դրական մեծ ազդեցություն է ունեցել Կոմիտաս-Դոլուխանյանի «Ծիծեռնակը», ծանոթ եմ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Մանսուրյանի արվեստին»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ երբ 2015թ. հունվարի 1-ից նշանակվեց Հայաստանում դեսպան, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանի հրավերով ներկա է եղել համերգի եւ հիացել Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ «Սպեղանի» կամերային երգչախմբի կոմիտասյան կատարումներով: Պարոն դեսպանը նշեց, որ տեղեկացված է այս տարի Կոմիտասի անվան քառյակի եւ դեռ տարիներ առաջ (2008թ.) Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ճապոնական հյուրախաղերի դրական արձագանքների մասին: «Աշնանը Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա սիմպոզիում, որի շրջանակներում հանդես կգա նաեւ մեր ճանաչված NOH թատրոնը: Կոնկրետ սեպտեմբերին Երեւանում հանդես կգանք կարատե, ձյուդո, սուսերամարտ, այկիդո մարտարվեստների ցուցադրական ելույթներով: Համագործակցությունը մշակութային դաշտում կլինի շարունակական, արդեն ծրագրված է 2017թ. աշնանը ճապոնական «Շամիսեն» անսամբլի ելույթը (շամիսենը ճապոնական 3 լարանի կիթառ է), կիրառական արվեստի վարպետների աշխատանքների ցուցադրություն եւ այլն»,- հայտնեց պարոն Տագուչին:

Կարելի է նաեւ համագործակցել մշակութային-կրթական ոլորտում, ինչպես դեսպանին հայտնեցինք, դեռեւս 1965թ. Արամ Խաչատրյանը ջութակի իր կոնցերտը Մոսկվայի Չայկովսկու անվան մեծ դահլիճում հնչեցնելը վստահեց ընդամենը 13-ամյա ճապոնուհի Յոկո Սատոյին, ով հետագայում դասեր վերցրեց մեծանուն կոմպոզիտորից: Այս դիտարկման առիթով դեսպանը հավաստիացրեց, որ լրջորեն կմտածի:
Մշակութային զրույցի ընթացքում դեսպան Էյջի Տագուչին փաստելով հայ-ճապոնական ոչ բավարար ու աշխույժ կապերը, բազմիցս շեշտում էր, որ Ճապոնիայում գործում է «Կոմիտասասերների» ասոցիացիա:

Իսկ զրույցի ավարտին դեսպանին խնդրեցինք հայտնել իր կարծիքը հայ-ադրբեջանական սահմանին կատարվող վերջին իրադարձությունների մասին: «Նախ ցավակցում եմ զոհերի ընտանիքներին, հարազատներին: Պատերազմը, հավատացնում եմ՝ ոչ մի հարց չի լուծում, պատերազմը արյուն է: Համոզված եմ, որ այս հարցը իր շուտափույթ լուծումը կստանա խաղաղ ճանապարհով՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով»,- ասաց Էյջի Տագուչին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031