Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Սկակովը երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հարցին, թե ի՞նչ կփոխի ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումը հակամարտության կարգավորման գործընթացում, պատասխանել է. «Պետք է ընդունենք, որ Հայաստանը, Ղարաբաղը և Ադրբեջանը չեն ապրում անօդ տարածության մեջ։ Նրանք աշխարհի մի մասն են, ուստի կարծում եմ, որ տրամաբանական կլիներ, եթե Երեւանը ավելի վաղ կատարեր այդ քայլը եւ ճանաչեր Ղարաբաղի անկախությունը։ Սա տրամաբանական և արդարացի քայլ է: Քանի որ այժմ ստացվում է, որ Հայաստանը դե յուրե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իրավական իմաստով իրավիճակն այսպես է։ Ուստի ես միշտ ասել եմ, որ Հայաստանն առաջինը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, եւ ոչ թե սպասի, որ դա իր տեղը անի մեկ այլ պետություն, լինի դա Ոուսաստանը, թե ԱՄՆ-ը։
Մյուս կողմից, վախերն անտեղի են, քանի որ հակամարտության գործընթացում ոչինչ չի փոխվում։ Այն ուղղակի տորպեդահարված է: Ուստի Ղարաբաղի անկախության ճանաչումից մենք կտրուկ տեղաշարժեր չենք տեսնի։ Խաղաղ կարգավորման գործընթաց ինչպես չի եղել մինչև հիմա, այնպես էլ չի լինի ապագայում։
Թերևս մի փոփոխություն կարող է տեղի ունենալ, այն է՝ այս քայլերը կարող են հարվածել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, որն արդեն իսկ հոգեվարքի մեջ է. ճանաչման քայլն Ադրբեջանին ֆորմալ առիթ կտա հրաժարվել համանախագահների ծառայություններից։
Ուստի այս տեսանկյունից ոչ միայն ՌԴ-ն, այլև համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան և ԱՍՆ-ը դեմ կլինեն Ղարաբաղի ճանաչման Երևանի նախաձեռնությանը։ Ուղղակի այդ քայլը կարող է հանգեցնել Մինսկի խմբի ձևաչափի կրախին։ Այն, իհարկե, թերի է, շատ խնդիրներ ունի, մերթընդմերթ կլինիկական մահ է ապրում, բայց միակն է, որ ապահովում է կողմերի միջև կապը:
Կարդացեք նաև
Ուստի հենց հաշվի առնելով այս հանգամանքը և միջազգային խաղացողների բացասական վերաբերմունքը՝ Ղարաբաղի ճանաչման գործընթացը բավական երկար կտևի: Օրինագիծը կմտնի խորհրդարան, կքննարկվի համապատասխան հանձնաժողովում։ Սակայն իրականում սա ավելի շատ ճնշման միջոց է ոչ այնքան Բաքվի (քանի որ դա անիմաստ է), որքան միջնորդների վրա»։
– Պարոն Սկակով, կարծիք կա, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է առիթ տալ Ադրբեջանին վերսկսել պատերազմը։ Համաձա՞յն եք այդ կարծիքի հետ։
– Ճանաչումը կկոտրի բանակցային գործընթացն այն ձեւով, ինչպիսին այն կա այժմ։ Սա առիթ կտա Ադրբեջանին փլուզել այդ ձեւաչափը։ Իրականում չկա ոչ մի բանակցային գործընթաց, մենք գործ ունենք դրա պատրանքի հետ։ Ուստի իրականության մեջ ոչինչ չի փոխվի։
Պետք չէ հղում կատարել այն հանգամանքին, որ ճանաչումը կհանգեցնի Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսմանը, քանի որ Բաքուն ցանկացած պահի կարող է գործընթացը տեղափոխել ռազմի դաշտ, եթե ադրբեջանական ղեկավարությունը կտրվի իրականությունից ու կորցնի գլուխը։ Այստեղ ոչ մի դեր չեն կարող ունենալ ոչ միջնորդները, ոչ Մինսկի խմբի ձեւաչափը, ոչ էլ Ղարաբաղի ճանաչման փաստը։ Ադրբեջանը, իհարկե, կարող է ճանաչումը հենց այդ լույսի ներքո ներկայացնել, սակայն իրականում դա ոչ մի նշանակություն չի ունենա։
Զրուցեց Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում