Ոմանք արդեն շտապել են հայտարարել, թե Ղարաբաղի ճանաչման այս գործընթացը դամոկլյան սուր է՝ կախված Ադրբեջանի գլխին։ Այո, դա զենք է այսօր, դա Բաքվին եւ միջնորդներին ստիպում է նյարդայնանալ, բայց, ավաղ, շատ նման է հաթաթայի, որովհետեւ ի լուր աշխարհի հայտարարել ենք. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»։ Ոզնուն էլ հասկանալի է, որ մեկ քայլ առաջ է, բայց նաեւ երկու քայլ հետ։
Ի՞նչ է նշանակում՝ «հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ նաեւ արտաքին գործոնները»։ Ո՞ւմ է պետք այս բառակույտը, որի տողատակում հստակ կարդացվում է, որ Հայաստանն ընդամենը փորձում է վախեցնել եւ չի պատրաստվում որեւէ ինքնուրույն քայլ անել այս ուղղությամբ։
Լավրովի, ապա Պեսկովի հայտարարությունները, կարծում ենք, լավագույնս ապացուցեցին, որ առնվազն Մոսկվան վստահ է, որ Հայաստանը միակողմանիորեն նման բան չի անի։ Վստահաբար, նույնկերպ են արդեն մտածում Վաշինգտոնում եւ Փարիզում, ավաղ՝ նաեւ Բաքվում։ Մինչդեռ կարելի էր ընդամենը մեկ տողով ասել, որ Հայաստանն առանց ձեւականությունների կճանաչի Արցախի անկախությունը՝ Ադրբեջանի հերթական ոտնձգության դեպքում։
Արցախի անկախության ճանաչումը ոչ մի դեպքում չի կարելի ներկայացնել որպես բանակցային գործընթացին հակընդդեմ քայլ։ Այսինքն՝ այնպիսի տպավորություն չպետք է ստեղծվի, որ բանակցային գործընթացը տարվում է, որ հանկարծ Արցախը չճանաչվի, կամ Արցախը չենք ճանաչում, որ հանկարծ բանակցային գործընթացը չտապալվի։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի վերջնական նպատակն Արցախի կարգավիճակի ճշտումն է, որին կհաջորդի նրա միջազգային ճանաչումը։ Հետեւաբար, հենց այս տրամաբանության մեջ պետք է հնչեն մեր բոլոր
Կարդացեք նաև
հայտարարությունները։ Որքան գիտենք, համանախագահները կիրառում են «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը։ Ահա եւ կարծում ենք, որ բանակցային գործընթացին մեծ վնաս տված չենք լինի, եթե հայտարարենք, որ Հայաստանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն, մինչեւ նրա կարգավիճակի վերջնական հստակեցումը եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչումը։ Նախ՝ մեզ ոչ ոք չի կարող հանդիմանել այս քայլի համար, եւ ապա՝ ոչ ոք չէր կասկածի, որ Արցախի դեմ գնալու դեպքում մռութին մի ուրիշ տեսակ հարված կստանա ու ոչ թե քառօրյա, այլ քառաժամ պատերազմ էլ չի կարողանա վարել։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում