Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առայժմ «պետական ազգ» չենք

Մայիս 06,2016 10:00

Վերջերս Ֆեյսբուքում մի քննարկման ժամանակ բազմաթիվ օգտատերերի մեկնաբանություններից ես հասկացա, որ մենք հայերս, պարտավոր ենք հակասեմիթ (հակահրեա) լինել, որովհետեւ պատմության ընթացքում հրեաները, իսկ այնուհետեւ Իսրայել պետությունը մեզ արել են այսինչ եւ այնինչ «վատությունները»: Դրանից հետո բերվում են բազմաթիվ` իրական, մտացածին եւ մեծ մասամբ կոնսպիրոլոգիական փաստարկներ: Չքննարկենք դրանք եւ մի պահ ենթադրենք, որ բոլորն էլ ճիշտ են: Բայց այդ դեպքում մենք «նույն հաջողությամբ» պետք է լինենք հակաարաբ, հակապարսիկ, հակագերմանացի, հակառուս եւ հակաանգլիացի, որովհետեւ մեր դարավոր պատմության ընթացքում այդ ազգերը կամ նրանց պետությունները մեզ նույնպես բազմիցս «նեղացրել են»:

Այո, կարելի է գենետիկ հիշողության մակարդակով կրել որոշակի հոգեբանական «սպիներ»: Բայց դրանք առաջին պլան մղելը բացարձակապես անընդունելի է, երբ դու ունես պետություն եւ փորձում ես ձեւակերպել դրա շահերը: Եթե աշխարհի բոլոր ազգերն առաջնորդվեին այդ «նեղացածություններով», ապա դաշնակից եւ բարեկամ պետություններ չէին լինի: Քանի որ նրանք դաշնակից են ոչ թե այն պատճառով, որ ողջ պատմության ընթացքում իրար հետ խնդիրներ չեն ունեցել, այլ որովհետեւ պատմության տվյալ ժամանակահատվածում նրանց շահերը համընկնում են: Դա նշանակում է նաեւ, որ հաջորդ ժամանակահատվածում այդ շահերը կարող են հակասել:

Էրդողանն ու Բաշար ալ-Ասադը ընտանիքներով միասին արձակուրդներ էին անցկացնում: Հիմա Թուրքիայի նախագահի գերագույն նպատակներից մեկն է Ասադին իշխանությունից զրկելը: Ռուսաստանը զենք է վաճառում եւ ագրեսիայի է դրդում Ադրբեջանին ոչ թե այն պատճառով, որ ադբեջանցիներին մեզնից շատ է սիրում կամ «հակահայ» է՝ պարզապես ուզում է մեր հարեւան երկրին նույնպես պահել իր ազդեցության ոլորտում, նաեւ՝ իհարկե, փող է աշխատում: Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ աշխարհը մեզ չէր համակրում՝ ուղղակի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ հատկապես Գերմանիայի շահերից չէր բխում սպանդը կանխարգելելը:

Հիմա որեւէ մեկից պետք է նեղանա՞նք եւ ինչ-որ մի ազգի «հակա՞» լինենք: Ոչ, դա 5 տարեկան երեխայի պահվածք է: Հակառակը՝ պետք է բոլորի հետ փնտրենք ընդհանուր շահեր: Այդ թվում, չզարմանաք, նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Այդ «հատման կետերը» կարող են լինել հատուկենտ կամ բազմաթիվ, բայց շահերի 100 տոկոսանոց համընկնում չի լինում: Քո դեմ համաշխարհային դավադրության տեսություններն ի հայտ են գալիս, երբ քո պետության շահերը ձեւակերպված չեն, եւ քո պետական ինստիտուտները վատ են աշխատում: Այդ ժամանակ է սկսվում թվարկումը, թե ով քեզ ինչ «վատություն» է արել:

Մի տեղ կարդացի օտարերկրացու դիտարկումը հայերիս մասին. դուք շատ խելացի եք եւ խիզախ, բայց ախր, հեչ պետական ազգ չեք: Վստահ եմ, որ դա դատավճիռ չէ:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ընդհանուր առմամբ համամիտ եմ բերված փաստարկներին, սակայն վերնագիրն, ըստ իս՝ պետք է բոլորովին լիներ.
    ՛՛Առայժմ մեր պետությունն ՛՛ազգային՛՛ չէ՛՛:
    Ասում եք.
    == երբ քո պետության շահերը ձեւակերպված չեն, եւ քո պետական ինստիտուտները վատ են աշխատում: ==
    Հարց է առաջանում. իսկ ո՞վ պիտի ձևակերպի պետության շահերը, շարքային քաղաքացի՞ն, թե պետական կառավարման լծակներին տիրապետող անձը:
    Սկսենք Նրա ամենավերջին՝ գլուխգործոց ձևակերպումից.
    ՛՛Մենք հասնելու ենք մեր նպատակներին…՛՛
    Մտքի այս աննախադեպ ու հզոր փայլատակումից խամրում են անգամ այնպիսի ուղենիշային ձևակերպումներ, ինչպիսիք են.
    – Առա՜ջ, Հայաստան…
    – Դեպի՜ ապահով Հայաստան…
    – Կորչի՛ արտագաղթը, կեցցե՛ ներգաղթը…
    – Արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ…
    – Մենք իրավական պետություն ենք՝ թող իրավապահները որոշեն…
    – Պետականորեն պայքարենք մենաշնորհների դեմ…
    – Փոքրիկ Հայաստանում քանի՞ հոգի պետք է շաքար… ( կներեք, սա ինքնախոստովանական ցուցմունք բաժնից էր )
    Լավ, ինչևէ՝ ձևակերպեմ շարքային քաղաքացիներից մեկի մտահոգություն-կոչը.
    – Արամ ջան, քանի դեռ Ձեր պաշտպանյա՛լն է երկրի նավավարն ու մեքենավարը, խութերն ու խոչերը մեզանից անպակաս են լինելու…

    • Մարգար Մախսուդյան says:

      Հ.Գ.
      Իսկ ազգի ՛՛պետական՛՛ լինել կամ չլինելու մասին կարել է եզրակացնել թեկուզ ապրիլյան ճգնաժամին հետևած միահամուռ ընդվզումից:

  2. Լավատես says:

    Պետական ազգի հզոր բնազդ մենք ունենք, միայն թե այն պետք է ջրի երես հանենք: Երբ մենք անձնակենտրոն արտասահմանյան էշաբանությունը փոխարինենք մեր բնական ընտանիքակենտրոն գերդաստանակենտրոն ցեղակենտրոն գաղափարախոսությամբ, այդ ժամանակ էլ պետության անհրաժեշտությունը՝ որպես մեր այդ կենտրոնների պաշտպանության, գաղափարախոսության ու նյութական զարգացման միջոց շատ սուր կզգացվի ու բոլորիս հասկանալի կլինի: Պարզապես անձին կարող է ընտանիքը պաշտպանել, ընտանիքին՝ գերդաստանը, գերդաստանին՝ ցեղը, ցեղին էլ՝ պետությունը, իսկ մեր պետությունը՝ մեր նման ազգերի պետությունների միությունը եւ ամբողջ մարդկությամբ միավորվենք այլմոլորակայինների հարցերը լուծելու համար )) : Անձնակենտրոնության մակարդակի վրա մնացածի համար դրանից բարձր բոլոր կենտրոնների անհրաժեշտությունը վերանում է, երբ մարդ հնարավորություն ունի միայն իր գոյության մասին մտածել, նմանապես՝ ընտանիքակենտրոնության մակարդակի վրա մնացածը անհրաժեշտություն չունի գերդաստանի կամ էլ ցեղի, կարճ ասած՝ անձը հարկ է վճարում ընտանիքին, ընտանիքը հարկ է վճարում գերդաստանին, սա էլ ցեղին, վերջինս էլ պետությանը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031