Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռիվ է արդեն, էլ ի՞նչ քաղաքական քայլ»

Մայիս 06,2016 17:00

Արամ Կարապետյանի համոզմամբ` Արցախի ճանաչումը զինանոցի այն մեթոդն է, որը չի կարելի այդպես հաճախ կիրառել

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` Ղարաբաղի անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելը քաղաքական զինանոցի այն բախտորոշ մեթոդներից է, որը չի կարելի նման հաճախականությամբ օգտագործել: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:

Այս առիթով իր դիրքորոշումն էր հայտնել նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը` նշելով, որ «մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը»: Նա հավաստիացրել էր, որ «ճանաչումը Հայաստանի կողմից կարող է տեղի ունենալ միայն, եթե Ադրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ, այդ ժամանակ արդեն այլընտրանք պարզապես չի լինի»:

Karabax-3
Պաշտոնական Բաքուն եւս այս առիթով հայտարարություններ է կատարել: Ըստ լրատվամիջոցների` «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Երեւանը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էր անդրադարձել այս խնդրին: Նա մասնավորապես նշել էր. «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»:
Արամ Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում դիրքորոշում հայտնեց, որ Հայաստանը ԼՂՀ անկախությունը հիմա չպետք է ճանաչի: Նա նշեց, թե հասկանալի է, որ սա շանտաժի միջոց է, որ կիրառում է Սերժ Սարգսյանը, բայց չպետք է այդ քայլին նման հաճախականությամբ դիմել. «Հասկանալի է, որ երբ իրավիճակը գնում է սրացման, այդ մեթոդն է կիրառվում, որով ՀՀ-ն փորձում է աշխարհին ապացուցել, որ եթե սկսեցին լայնածավալ պատերազմ, դրան կհետեւի ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը:

Սա կանխորոշիչ դիրքորոշում է, բայց դա չի կարելի նման հաճախականությամբ կիրառել: Հիմա էլ մայիսի 8-ի նախօրեին, երբ հասկանալի է, որ սրացումներ են կրկին լինելու, նույն հնարքն է օգտագործվում: Բայց դա այն փաստարկն է, որը չի կարելի այդպես հաճախ օգտագործել, քանի որ դառնում է ծիծաղի առարկա»: Պարոն Կարապետյանի հավաստմամբ` աշխարհը չի նայում, թե այդ օրենքի նախագիծը Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյա՞նը բերեցին, իշխանությունն էլ դեմ գնաց, այլ մեզ դիտարկում են աշխարհաքաղաքական համատեքստում: Մեր հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է անընդհատ նշված հնարքը կիրառվում, մի՞թե քաղաքական զինանոցում այլ հնարք չկա, պարոն Կարապետյանը արձագանքեց. «Կամ այդ մեթոդն է, կամ ռազմականը: Կռիվ է արդեն, էլ ի՞նչ քաղաքական քայլ: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ գնաց Ստեփանակերտ, դա լավ է. ինչքան շատ մարդ գնա, այնքան Ստեփանակերտի դերը կբարձրանա»: Արամ Կարապետյանը հորդորում է ներքաղաքական հարցերը պարզել հետո, քանի որ հիմա ռեալ արտաքին վտանգ կա, բայց եւս մեկ անգամ շեշտեց, որ նման բախտորոշ քայլերը, որ կան զինանոցում, չի կարելի այդպես հաճախակի օգտագործել ու փոշիացնել, քանի որ բոլորը կսկսեն ծիծաղել մեզ վրա:

Մեր հարցին` այդ դեպքում այժմ Սերժ Սարգսյանն ի՞նչ քայլի դիմի, պարոն Կարապետյանը հիշեցրեց. «Որ ժամանակին ասում էինք` չի կարելի քաղաքական միտքը, քաղաքական դաշտն ամայացնել, մեզ վրա ծիծաղում էին: Հիմա հանգեցին, չէ՞, նրան, որ ոչ մի բան չգիտեն, քանի որ զինանոցում էլ ոչինչ չի մնացել»:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031