Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարությունը պարզաբանում է

Մայիս 06,2016 16:30

«Առավոտի» 03.05.2016-ի «Վարչապետն ու գյուղնախարարը խաբում են ՀՀ նախագահին» հրապարակմամբ «Կրեպսոն» ընկերության ղեկավար Արման Երեմյանը նշել է, որ ընկերությունը գյուղնախարարությանն է ներկայացրել իսրայելական «ICL» ընկերության արտադրության կալիում-ֆոսֆորական պարարտանյութի միջոցով հողերի սնուցման եւ բերքատվության բարձրացման ծրագիր, սակայն անհիմն մերժվել է: Այս ծրագրով, ինչպես գործարարն է ասել, բավականին գումարներ կտնտեսվեին, ու շատ կարճ ժամանակաշրջանում հազարավոր գյուղացիական տնտեսություններ ոտքի կկանգնեին:
Արձագանքելով մեր հրապարակմանը՝ գյուղնախարարությունը պարզաբանում է. «Կրեպսոն» ՍՊԸ-ի կողմից ըստ էության ծրագիր, որպես այդպիսին, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն երբեւէ չի ներկայացվել, ինչով պայմանավորված՝ գյուղնախարարի կողմից այն չէր կարող մերժվել կամ հաստատվել:

Ընկերության տնօրենը նշում է, որ այսօր կառավարությունը 1 հա-ի համար կալիում-ֆոսֆորական պարարտանյութը գնում է 154.000 դրամով (պարարտանյութի կես գումարը գյուղացին է վճարում, կառավարությունը սուբսիդավորում է), իսկ իրենց առաջարկած գինը 55.000 դրամ էր: Գյուղնախարարության կողմից ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրիը մշակվում է՝ հիմք ընդունելով մարզպետարաններից ստացված վճարունակ պահանջարկը, որը ձեւավորվում է համայնքների ներկայացրած տեղեկատվությամբ։ 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, սուբսիդավորված գներով հատկացվելու են ազոտական՝ ամոնիակային սելիտրա 34,4% ազոտի պարունակությամբ, ֆոսֆորական՝ կրկնակի սուպերֆոսֆատ 46% ֆոսֆորի պարունակությամբ եւ կալիումական՝ կալիումական աղ 60% կալիումի պարունակությամբ պարարտանյութեր։ Վերոնշյալ ծրագիրն իրականացնելու համար նախարարությունը մրցակցային հիմունքներով կազմակերպում է ընտրություն պարարտանյութեր ներկրող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ:

Ծրագրով նախատեսված 1 տոննա ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի չսուբսիդավորված գինը համապատասխանաբար կազմում է 274 700 եւ 275 980 դրամ, որը ներառում է մինչեւ համայնքներ տեղափոխման, բարձման եւ բեռնաթափման ծախսերը: «Կրեպսոն» ՍՊԸ-ի կողմից 18.01.2016 թվականին ներկայացված գրությունում առաջարկվող պարարտանյութի 1 տոննայի արժեքը կազմում է 419 եվրո կամ 232.500 դրամ՝ Փոթի նավահանգստում։ Փոթիից մինչեւ Երեւան 1 տոննայի փոխադրման արժեքը կազմում է շուրջ 35-40 հազար դրամ։ Հաշվի առնելով այն, որ ծրագրով պահանջվում է պարարտանյութերի տեղափոխում հանրապետության գրեթե բոլոր համայնքներ տարբեր քանակություններով՝ ըստ հողօգտագործողների պահանջարկի, հետեւաբար ավելացնելով վերը նշված ծախսերը՝ ընկերության կողմից առաջարկված արժեքը կստացվի ավելի բարձր։
«Կրեպսոն» ՍՊԸ-ն ոչ մի անգամ, չհիմնավորված ծախսերից բացի, չի ներկայացրել ծրագրի ամբողջական իրականացման իր հնարավորությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։ Բացի այդ, ընկերության կողմից առաջարկված անհայտ բաղադրությամբ կոմպլեքս պարարտանյութը հողօգտագործողը չի կարող օգտագործել իր հնարավորության սահմաններում՝ հաշվի առնելով տարբեր հողակլիմայական պայմանները եւ մշակվող մշակաբույսի պահանջարկը։

Երեմյանը նշում է, որ 1 հա հողի համար կառավարությունը գնում է 550 կգ ֆոսֆոր-կալիումական պարարտանյութ, ընկերությունն առաջարկում է 1 հա-ի համար 250 կգ, քանի որ իսրայելական պարարտանյութի որակը շատ բարձր է, նրա կարծիքով, ոչ միայն բերքատվությունն է ավելացնում, այլեւ պտղի որակը: Պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրերով սահմանվում են ըստ ագրոտեխնիկական կանոնների 1 հեկտարի համար տրամադրվող պարարտանյութերի առավելագույն քանակները: Միաժամանակ տեղեկացվում է, որ ելնելով հողակլիմայական պայմաններից՝ տարբեր մշակաբույսերի համար անհրաժեշտ պարարտանյութերի չափաբաժինները տարբեր են:

«Կրեպսոն» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող ֆոսֆոր-կալիում համակցված պարարտանյութի նշված չափաքանակից 250 կգ/հա պարզ չէ առաջարկվող պարարտանյութի համարժեքությունը ծրագրերով առաջարկվող պարարտանյութերին (կրկնակի սուպերֆոսֆատ՝ 46% ֆոսֆորի պարունակությամբ, եւ կալիումական աղ՝ 60% կալիումի պարունակությամբ):

Նշվում է նաեւ, որ մրցույթին հայտ է ներկայացրել, մասնակցությունը հաստատել են, սակայն, ըստ նրա, մրցույթից 3 ժամ առաջ են միայն տեղյակ պահել մրցույթի անցկացման մասին եւ տեղեկացրել, որ ներկայացնի վերջնական գինը, ծախսն ու շահույթը: Սակայն, ըստ տնօրենի, այդ կարճ ժամանակամիջոցում անհնար էր անել դա:
Երեմյանը նշել է, որ իրենց առաջարկն ընդունելու դեպքում, նախնական հաշվարկով, բյուջեից նվազագույնը 540 մլն դրամ է տնտեսվելու: Պարարտանյութերի գների վերաբերյալ հարցում կատարելու նպատակով հանրապետություն պարարտանյութեր ներմուծող խոշոր ընկերությունների վերաբերյալ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի հիման վրա գնումների պատասխանատուն նշված ցանկում ներառված կազմակերպություններին ուղարկել է հրավեր` մեկօրյա ժամկետում գնային առաջարկ ներկայացնելու համար, բացի այդ՝ ցանկում ներառված կազմակերպությունների հետ կապ է հաստատվել նաեւ հեռախոսով: 2016 թվականի հունվարի 15-ին գյուղնախարարության աշխատակազմում մուտքագրվել է «Կրեպսոն»-ի տնօրենի դիմումը` մրցույթի ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով: 2016 թվականի հունվարի 18-ի առավոտյան Երեմյանի հետ կապ է հաստատվել եւ առաջարկվել է նրան տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե՝ գների հարցման մասին հայտարարությունն ընկերությանը տրամադրելու համար: 2016 թվականի հունվարի 18-ին, ժամը 13.30-ին, ստացվել է էլեկտրոնային փոստի հասցեն եւ նույն օրը ժամը 13.36-ին հրավերն ուղարկվել է «Կրեպսոն»-ին: Սակայն ընկերության կողմից գնային առաջարկ այդպես էլ չի ներկայացվել:

Հրապարակման մեջ նշվում է՝ ընկերությունը նախարարությունից ստացել է պատասխան, ըստ որի՝ Հայաստան են ներկրվում նմանատիպ (կալիում-ֆոսֆորական) համակցված այլ պարարտանյութեր, որոնց պահանջարկն առայժմ չի գերազանցում 500 տոննան, եւ որ այն հիմնականում օգտագործվում է ջերմատնային տնտեսություններում:
Ներկրվող համակցված պարարտանյութերը օգտագործում են ինչպես ծածկած, այնպես էլ բաց գրունտում: Սակայն դրանց բարձր արժեքի պատճառով հիմնականում օգտագործվում են ջերմատներում եւ որոշակի քանակություն՝ բաց գրունտում: Գրության մեջ նշվել է, որ այդ պարարտանյութերը հիմնականում օգտագործվում են ծածկած գրունտում, որովհետեւ դրանք հեշտ լուծվող են, բացի այդ՝ նախատեսված են հիդրոպոնիկ սնուցող կոկտելներում եւ ոռոգման համակարգով (կաթիլային ոռոգման միջոցով) սնուցելու համար:
«Կրեպսոն»-ի տնօրենի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս առաջարկվել է ներկայացնել իր կողմից առաջարկվող պարարտանյութում մատչելի սննդատարրերի` ֆոսֆորի եւ կալիումի քանակները, ինչպես նաեւ համապատասխան հիմնավորումներով՝ տնտեսական եւ ֆինանսական ծրագիր, սական ընկերության կողմից հստակ ձեւակերպված ծրագիր չի ներկայացվել: Միաժամանակ տնօրենին տեղեկացվել է, որ հանրապետությունում ագրոքիմիկատների եւ պեստիցիդների շուկան ազատականացված է, եւ գյուղնախարարությունը բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել ընկերությանը առաջարկվող պարարտանյութի վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում: Հրապարակման մեջ նշվում է, որ գյուղնախարարությունը հրաժարվում է նման համապետական ծրագրից, որի դեպքում երկիրը կարող է տնտեսել: Եվրոպայի մի շարք երկրներ այդ ընկերությունից են օգտվում, հիմա, ըստ նրա, ընկերությունը համաձայնել է կապ հաստատել Հայաստանի հետ, բայց այստեղ չեն ուզում: Նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու ցանկացած առաջավոր կազմակերպության հետ, սակայն «ILC» ընկերությունը երբեւէ չի դիմել համագործակցելու համար»:

 

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031