Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 9-ին օֆշորում բիզնես ունեցող հայ պաշտոնյաների նոր անուններ կհրապարակվեն

Մայիս 06,2016 16:00

Ինչպես բացահայտվեց, որ Միհրան Պողոսյանը Պանամայի օֆշորում է

Գերմանական մի թերթ Պանամայում եւ այլ օֆշորային գոտիներում գրանցված բիզնեսների մասին ստացել է արտահոսված փաստաթղթերի մի տրցակ, եւ քանի որ այդ թերթը չի ունեցել միջազգային հետաքննություններ կազմակերպելու ունակություններ, այդ փաստաթղթերը տրամադրել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին՝ ICIJ-ին: Այս մասին այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում «Ինչ պետք է իմանա լրագրողը օֆշորի եւ օֆշորային գործարքների մասին գրելիս» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Հետք» պարբերականի լրագրող Քրիստինե Աղալարյանը, որը «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ հաշիվները շվեյցարական բանկերում» նյութի համահեղինակն է:

Քրիստինե Աղալարյանը պատմեց, թե ինչպես է բացահայտվել, որ Միհրան Պողոսյանը Պանամայի օֆշորում է: Ըստ նրա՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը, ստանալով գերմանական թերթի տեղեկությունները, կազմակերպել է այդ հետաքննությունների համակարգումը, որին մասնակցել են 70-ից ավելի պետությունների 400-ից ավելի լրագրողեներ:

«Ստեղծվել է մի օնլայն խմբագրություն, որն աշխատում է միայն օնլայն հարթակում, բայց համագործակցում է ամեն վայրկյան, ամեն րոպե, եւ այդ համագործակցությունը շատ արդյունավետ է, ցանցում եղած բոլոր այդ փաստաթղթերը հասանելի էին բոլոր լրագրողներին, որոնք ներգրավված են ցանցում: Հայաստանից հետաքննությունն արել է «Հետքը»:

Եթե ինձ պետք էր ասենք` Լիտվայում ինչ-որ ընկերության կամ հայ պաշտոնյայի մասին տեղեկություններ, օգնում էին լիտվացի լրագրողները, եթե նրանց պետք էին Հայաստանի մասին տեղեկություններ` ես էի օգնում նրանց, այսպես ասած` գլոբալ խմբագրություն էր»,- ասաց Քրիստինե Աղալարյանը: Ցանկն ուսումնասիրելիս փաստաթղթերում ամենաակնառուն, որն աչքի է զարնել, եղել է Միհրան Պողոսյանի անունը: Ի դեպ, երբ «Հետքի» լրագրողը հետաքննության ավարտին արդեն հարցում է արել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին, նրա ղեկավարած գերատեսչությունից պատասխանել են` Միհրան Պողոսյանը օֆշորում գրանցված նշյալ ընկերությունների հետ որեւէ առնչություն չունի:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

«Առավոտի»-ի հարցին, թե ինչպես են հավաստիացել, որ հենց ԴԱՀԿ պետի` նույն Միհրան Պողոսյանի մասին է խոսքը, այլ ոչ թե Հայաստանից մեկ այլ քաղաքացի Միհրան Պողոսյանի, Քրիստինե Աղալարյանն ասաց, որ փաստաթղթերում Միհրան Պողոսյանի անձնագրի պատճեն, սերտիֆիկատը, տան հասցեն՝ այդ բոլոր անհրաժեշտ եւ հավաստող փաստաթղթերը կան:

Այն հարցին էլ, թե Միհրան Պողոսյանն ինչո՞ւ է իր անունով դրանք գրանցել՝ շատ լավ իմանալով, որ սկանդալի առարկա կարող է դառնալ, Քրիստինե Աղալարյանն ասաց, որ Միհրան Պողոսյանը երբեւէ չի մտածել, որ այս փաստաթղթերը կգաղտնազերծվեն, եւ արտահոսք կլինի. «Քո բաժնեմասի մասին տեղեկությունը գաղտնի է, Միհրանն ունեցել է այդ սերտիֆիկատը եւ իմացել է, որ իր անունը երբեւէ չի երեւալու գրանցման փաստաթղթերում, քանի որ չի եղել իր անունը, բայց քանի որ փաստաթղթերի արտահոսքը եղել է բիզնեսները գրանցող կազմակերպությունից, ապա այդ փաստաթղթերն էլ են ջրի երես դուրս եկել, եւ մեզ մոտ հայտնվել է Միհրան Պողոսյանի սերտիֆիկատը»: Ըստ լրագրողի՝ այսուհետ պաշտոնյաները պետք է շատ զգոն լինեն, որովհետեւ որքան էլ խելացի վարվեն, միեւնույն է՝ վտանգ կա, քանի որ ինտերնետի դարաշրջան է:
Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հետաքննությունը կատարելիս «Հետքի» լրագրողը պարտավորություն է ստորագրել, որ չի հրապարակելու, գաղտնազերծելու նյութը մինչեւ այն ժամկետը, որը սահմանված է ցանցի լրագրողների համար. «Նույնիսկ սահմանված են ժամկետներ, թե դու երբ կարող ես հարցում ուղարկել պաշտոնյային, կարող ես նրանից պարզաբանում ստանալ եւ այլն, այդ ամենը կանոններ են, որոնք սահմանված են բոլորի համար. եթե ես մեկ օր շուտ հարցում անեի, ես կխախտեի այդ կանոնները»:

Իսկ թե ինչպիսի նոր սկանդալային տեղեկություններ են բացահայտվելու եւ որ պաշտոնյաների, քրեական անցյալ ունեցող անձանց անուններ են հրապարակվելու, որոնց բիզնեսները գրանցված են օֆշորում, կիմանանք մայիսի 9-ին՝ ասաց Քրիստինե Աղալարյանը: Ըստ նրա՝ ցանկը բաց է լինելու, եւ բոլոր ցանկացողները կարող են օգտվել:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը խոսեց օֆշորային գոտիներում գրանցման, փողերի լվացման տարածված սխեմաների մասին: Ըստ նրա՝ 4 կարեւոր առավելություն կա օֆշորում գրանցվելու՝ ցածր հարկեր, կազմակերպության խիստ պարզեցված գրանցում, տոտալ գաղտնիություն, թույլ վերահսկողություն: Նշենք, որ օֆշորում գրանցված կազմակերպության մասին անգամ դատարանով հնարավոր չէ որեւէ տեղեկատվություն ստանալ: Ըստ պարոն Հարությունյանի՝ որպես կանոն, օֆշոր են գնում այն մարդիկ, որոնք գաղտնի մնալու նպատակ ունեն:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031