Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ու… մենք 2

Մայիս 06,2016 15:30

Զրույց գյուղամիջյան ճանապարհին

2001 թվականի մի արեւոտ օր անցնում էինք Հանրապետության հրապարակով եւ տեսանք խմբված մարդկանց, իսկ կենտրոնում՝ կանգնեցված կախաղան…

Մի պահ մեզ մոտ խախտվեց իրականության ադեկվատ ընկալումը, թվաց, թե ժամանակների կապը խաթարվել է: Նման դեպքերում, սովորաբար, իրավիճակը պարզելու համար, սկսում ես նայել շրջապատող մարդկանց դեմքերին: Տեսանք, որ նրանք էլ շվարած իրար են նայում, լուռ, զգուշավոր, երկչոտ: Մարդկանց աչքերում տեսանք զարմանք, վախ, կասկած, չարախնդություն: Սակայն այդ ամենի հետեւում նկատվում էր թաքուն ուրախություն ու հույս: Ի՞նչ հույս կարող է արթնացնել քաղաքացիների մոտ կախաղանը` Երեւանում, Հանրապետության հրապարակում: Քիչ անց հասկացանք, որ հավաքված մարդկանցից յուրաքանչյուրը երազում էր տեսնել կախաղանին կախված իր, ժողովրդի եւ Հայաստանի դժբախությունների մեղավորին: Ի՛ր կարծիքով, անշուշտ…

Հետո պարզվեց, որ կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը նկարահանում էր ֆիլմի դրվագ, բայց, չգիտես ինչու, այդ ամենը հենց այսօր դարձավ զրույցի առիթ:

Պետությունների ստեղծման եւ զարգացման պատմությունն առաջադրել է հպատակներին մի շարք հասկացություններ, որոնց անսասան լինելը կասկածի ենթակա չէ. հայրենիք, հայրենասիրություն, ազատություն, անկախություն, ազգասիրություն, ժողովրդավարություն: Այդ գաղափարների ստվերում են մնացել աննշան թվացող «մանրուքներ»: Սակայն այդ «մանրուքները» որոշում են ամեն ինչ:
Անցնենք մանրուքներին:

Ինքնամաքրման խնդիրը գոյատեւման չափանիշ է ցանկացած մարդկային հանրության համար, սկսած ցեղից եւ վերջացրած պետականություն ձեռք բերած ժողովրդի համար: Ինքնամաքրման մեխանիզմի խաթարումը առաջացնում է չարորակ կծիկ, եւ վերջինիս բազմատեսակ շոշափուկները ներխուժում են հասարակական կացության բոլոր ոլորտները. քաղաքականությունից մինչեւ ընտանիք:

Նույն կարգի չափանիշներից է չարության պատժելիությունը, քանի որ այն հասարակության ինքնամաքրման հիմնական միջոցն է:

Կախաղանի տեսարանը ոչ թե էկզոտիկ դրվագ էր, այլ վկայություն, որ մարդիկ 15 տարի առաջ արդեն հոգնել էին անարդարությունից ու երազում էին ականատես դառնալու չարի վերջին, նույնիսկ կախաղան բարձրացնելու դաժան տեսքով: Գումարեք եւս 15 տարի սաստկացող բեւեռացումը` բոլոր բնագավառներում եւ կստանանք այսօրվա նկարագիրը:
Ինչ ուզում են ասեն-խոսեն իշխանավորները, տրամաբանեն, արդարանան ու արդարացնեն միմյանց, դիմեն իրավաբանական խուճուճ միջոցների, բոլորը գիտեն, որ այդ ամենը սուտ է: Այսօր սոցիալական անարդարությունը չտեսնելու համար, պիտի շատ ուզես այն չտեսնել, չբացահայտել եւ չպատժել: Կամ էլ պետք է լինես այդ անարդարության կրողն ու պաշտպանը: Միայն այդ դեպքում է հասկանալի դառնում, թե ինչու է քաղաքական եւ տնտեսական էլիտան կառուցել «անմեղության կանխավարկածի» պատը եւ թաքնվել այդ պատի հետեւում: Այնտեղ ծվարել է նաեւ սպասարկող հանցագործ անձնակազմը:
Այս կողմում, որտեղ բնակվում է բազմաշերտ «ժողովուրդ» կոչվող հանրությունը, արդեն վաղուց հաստատվել է ներկա իշխանության եւ իրեն ենթակա խամաճիկների «մեղավորության կանխավարկածի» համազգային դատավճիռը: Որովհետեւ մեղավորության ապացույցները սփռած են ամենուր` եւ՛ Հայաստանում, եւ՛ արտասահմանում:
Մի «մանրուք» եւս. գող… Մարդ առանց խղճի, պատվի… Միայն հիվանդ հասարակարգում գողը կարողանում է «ազնվանալ» ինչ-որ քաղաքական եւ տնտեսական մանիպուլյացիաների միջոցներով: «Առաջ ես բիզնեսով էի զբաղվում…»,- երգում է քաղաքական դաշտ բերված ավազակների երգչախումբը: Ինչ խոսք, գողը եղել է միշտ, եւ լինելու է միշտ, եւ անհնար է բոլորին նստեցնել բանտ: Բայց գոնե թող զբաղեցնի հասարակության, դարերով ճշտված ու անարգված, իրեն արժանի ստորին շերտը: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ, հենց այսօր…

Հասկացանք, Հռոմի կայսր Կալիգուլան կարողացել էր համոզել մեծամիտ հռոմեացիներին, որ իր ձին արժանի է լինելու կայսրության Սենատի անդամ: Բայց` միայն մեկ ձի, ընդամենը, անմեղ խոտակեր կենդանի… Մեկ, շատ սիրելի, համարյա սպիտակ, անունն էլ Ինցիտատ, այսինքն, համարյա հրեղեն ձի, այլ ոչ թե մի ամբողջ երամակ… Հավատացեք, Կալիգուլան կարող էր այդ էլ անել, բայց չարեց… Հետաքրքիր է, ինչո՞ւ… Երեւի չհասցրեց…
-Լավ, բա ի՞նչ անենք: Ո՞ւմ դիմենք, ումի՞ց խորհուրդ հարցնենք, ո՞ւմ հավատանք:
Այս հարցերին պատասխան գտնելու համար եկեք մի քիչ շեղվենք մեզանից ու նայենք շուրջներս, օրինակ՝ Մերձավոր Արեւելք… (Եվս մի անդրադարձ կախաղանի ինստիտուտի կարեւորությանը):

Ոչ շատ վաղուց Արաբական երկրներից մեկում, պետական ղազնային թաթ գցած գողին դատապարտում էին հրապարակային մահապատժի: Բայց ոչ եվրոպական «քաղաքակիրթ» գիլիոտինի նման. շըրըխկ… ու վերջ, ոչ հասցնում ես ապրած կյանքի էջերը թերթել, ոչ Աստծո դատաստանին պատրաստվել:

Արեւելքում ամեն ինչ մի տեսակ ուրիշ ձեւի էր կատարվում: Ժողովուրդը հավաքվում էր հրապարակում, գողին բերում էին եւ հանձնում դահճին: Վերջինս լավ սրում էր կացինն ու անշտապ անցնում իր գործին: Սկսում էր վերջույթներից եւ դանդաղ, դիլիմ-դիլիմ կտրատում մեղավոր մարմինը՝ մինչեւ գողը, վերջապես, շունչը փչի: Ժողովուրդն էլ նայում էր այդ ամենին, լսում էր գողի ոռնոցը եւ ուրախանում, որ պետական ղազնան լավ է պահպանվում եւ իրենցից գանձած հարկերն ու տուրքերը վստահելի ձեռքերում են:
Լա՞վ է… Լավ չէ, բայց ճիշտ է:

Սակայն նույնիսկ այդ արդար երկրում գոյություն ուներ մանր-մունր կաշառակերություն. գողի ազգականները կաշառում էին դահճին, որ նա… դիլիմները մի քիչ մեծ-մեծ կտրի:
Շեղվեցինք, բայց արժեր: Որովհետեւ պարզեցինք «ինչ անելու» առաջին հոդվածը. գողը պետք է պատժվի: Խնդրում եմ, չսկսեք՝ «պա՛հ, էդ ինչ մի նորությո՞ւն էր…»: Մենք ջեբկիրների մասին չենք խոսում…

Խիղճը չի ենթարկվում նյութական աշխարհի օրենքներին, բայց նրա առկայությունը կամ բացակայությունը ունակ են ազդելու նյութական աշխարհի վրա:
Ամերիկացիներն իրենց արդյունաբերական վերելքին հասել են «վերահսկում` ամեն շարժման, հաշվառում` ամեն վայրկյանի, խնայողություն` ամեն մի սենտի»: Եվ այդ վերահսկողների, հաշվառողների ու խնայողների բանակը ահռելի բյուջետային բեռ է դարձել ձեռնարկատերերի եկամուտների համար:

Ճապոնիայում ոչ ոք չի հետեւում աշխատավորին, չի վերահսկում, հաշվառում: Այդ անում է նրանց խիղճը, ազնիվ մոտեցումն իրենց աշխատանքին, երկրին, Աստծուն: Եվ դրա համար միջուկային ռմբակոծության ենթարկված Ճապոնիայի արդյունաբերության մակարդակն ու շահութաբերությունը զգալի բարձր են, քան ռմբակոծող ԱՄՆ-ի:

Մենք, հայերս, խիղճ հաստատ ունեցել ենք եւ ունենք, բայց ոչ միշտ ու միասին, այլ տեղ-տեղ եւ անձնական օգտագործման մակարդակում: Ժողովրդի հոգեբանական արժեհամակարգն անխուսափելիորեն ձեւավորվում է իշխանական բուրգի գագաթից դեպի ներքեւ ծորացող «բարոյականության» ազդեցության ներքո: Իսկ պատմությունը վկայում է, որ «խիղճ» կատեգորիայի խտությունը նվազում է ըստ նույն բուրգի վերելքի: Անշուշտ, այնտեղ կան խղճի նշույլներ, բայց քիչ ու անբավարար՝ որեւէ բան փոխելու համար:
Ի դեպ, նկարագրված պատկերը վերաբերում է բոլոր պետություններին:
Վերացական բարձունքներից կտրուկ վերադառնանք ապրիլյան իրադարձություններին: Ինչ արագությամբ ու տեսանելիությամբ ի հայտ եկան հարաբերական խաղաղության կեղեւով ծածկված արատները: Վերլուծությունների, վկայությունների, անհերքելի փաստերի եւ նորելուկ առասպելների ու ստերի տարափը, հաղորդակցման բոլոր միջոցներով, ազատագրում է մեզ ասած-լսած բաներ հնչեցնելու անհրաժեշտությունից: Կարճատեւ կանգ առնենք ոչ պոպուլյար կետերում:

Ժողովրդի համախմբման երեւույթը եւ համընդհանուր ոգեշնչման ալիքը համախմբման առիթով հասնում էր այնպիսի մակարդակի, որ ստիպում է կասկածել, թե այն զարմացրել է բոլորին: Ասես մենք մեզանից այդպիսի հոգեւոր վերելք չէինք սպասում: Սակայն արդյո՞ք այս կարգի միաբանությունը արգասաբեր է հետագա անխուսափելի բարդությունները հաղթահարելու համար:

Ինչ խոսք, խոնարհվում ենք զոհված ռազմիկների հերոսության առջեւ, որն արյունով գրանցվեց Հայաստանի պատմության էջերում: Սակայն հենց այդ, հերոսություն ցուցաբերելու անհրաժեշտությունը վկայում է իշխանական համակարգի պատասխանատու այրերի հանցավոր տկարության մասին: Կայացած բանակներում անհատական հերոսության գործոնը ծայրահեղ միջոցներից է:
Այսքան տարիներ ժողովուրդը բանակը դուրս էր թողել բամբասանքի ու ասեկոսեների պղտոր ջրերից եւ հարգում էր, որպես համաժողովրդական հպարտության ու վստահության խորհրդանիշ… Եվ ի՞նչ… Ափսոս:

Այնուամենայնիվ, ինչպես հասանք այս օրվան, այն էլ մեր շախմատային ուղեղով:
Իսկ միգուցե չորսօրյա հայ-ադրբեջանական պատերազմը հետեւանք է չհայտարարված բազմամյա հայ-հայկական պատերազմի՞: Ոչ միշտ տեսանելի, բայց հյուծիչ, դաժան եւ հետեւողական:

Չէ՞ որ այդ պատերազմը գնում է ամեն օր, ամեն ժամ, մեր գյուղերում ու քաղաքներում, պետական կառույցներում, դատարաններում, ԴԱՀԿ-ներում, հարկայիններում, ոստիկանությունում, հիվանդանոցներում եւ այլ, ժողովրդին ծառայելու երդում տված, ինստիտուցիոնալ ատյաններում: Գործադրվում է ժողովրդին կեղեքելու եւ նյարդայնացնելու լայն զինանոց. թանկացումներ գազի, էլետրաէներգիայի, ստորացուցիչ թոշակներ, կաշառքներ, տուգանքներ, սեւ ու սպիտակ հարկեր, ֆեոդալական աշխատանքային շուկա` լկտի հարստահարման եւ հոգեբանական ստորացման ֆոնի վրա… Եվ էլի հազար եւ մեկ «մանրուքներ»:

Իսկ աֆտերշոկային բացահայտումներն արժանի են մի առանձին ու մեծ վերլուծական աշխատության նյութ դառնալու: Այդտեղ անպայման պետք է տեղ գտնեն այլ երկրներից եկած հայ մարդկանց անունները, ովքեր այն օրերին հայտնվեցին Մարդակերտում եւ օգնություն ցուցաբերեցին սահմանի պաշտպաններին իրենց բերած դեղամիջոցներով, սնունդով, հագուստով: Եվ թող հոգեբանները բացատրեն, թե ինչու Հայաստանում ապրելու դժվարություններից տարբեր երկրներ «փախած» հայ մարդիկ, հայրենիքի աղետային պահերին թողնում են իրենց հարմարավետ ու ապահով կենցաղը, ետ վերադառնում եւ մխրճվում առավել բարդ ու վտանգավոր խնդիրների մեջ, քան իրենց «փախնելու» պատճառ հանդիսացող հանգամանքները:

Հոգեբուժական վերլուծության է արժանի նաեւ սելֆիդայիների շքերթն անվտանգ թիկունքում:

Որտե՞ղ է հայ մարդու գենետիկ իռացիոնալության արմատը: Երեւի, դարերով ինչ-որ տարբեր ու տարօրինակ որակներ կուտակվել ու անցել են մեր արյան մեջ, խտացել, խառնվել, զտվել: Ժամանակ առ ժամանակ համոզվում ենք, որ մենք, հայերս, «հենց-ընենց» ազգ չենք: Երեւի ինչ-որ, ներեցեք, առաքելություն ունենք, որը դեռ պարզ չէ մեզ համար: Ու կարող է այդպես անպարզ էլ մնալ, եթե չազատվենք նարցիսյան եւ մազոխիստական սինդրոմներից, իրատեսորեն զննենք ինքներս մեզ, ախտորոշենք արատները եւ փորձենք ապաքինվել: Ինքնասիրահարվածությունը դեգրադացիայի հիմնարար դրույթն է:
Եթե խորամուտ լինենք մեր կոլեկտիվ անգիտակցականի հիմնարար խորքերը, ապա կտեսնենք, որ մենք նախընտրում ենք հաշիվներ ներկայացնել «ուրիշներին» (հարեւաններին, մերձավորներին, «գնացողներին» ու մնացողներին, կեղծ ու ոչ այնքան` դաշնակիցներին եւ վերջապես` թշնամիներին), հայելու մեջ ուշադիր նայելու փոխարեն:
Բոլորիս ծանոթ է մի իրավիճակ. երբ պատահում են կյանքի դժվարություններ, այն էլ մեկը մյուսի հետեւից, մարդը հոգեպես վհատվում է, ուժասպառ լինում: Եվ այդ ժամանակ, երբ նա փնտրում է կարեկից ձեռք, որին հենվի ու ոտքի կանգնի, հանկարծ հայտնվում է սուրհանդակը անցյալից եւ ներկայացնում «հաշիվներ»՝ թիկունքում թողած մեղքերի դիմաց:

Այս պահին մեզ բոլորիս ներկայացված են չվճարված հաշիվների տրցակ: Հաշիվների, նախկինում անտեսված վերոհիշյալ «մանրուքների» դիմաց, չընկալված, մոռացված, արհամարհված, «վեհ» կոչերի եւ հռչակագրերի աղմկում կորած:
Դե ուրեմն, առանց հապաղելու, հենց այս պահից, քանի դեռ չի մարել միասնության կրակը, հայտարարենք Նոր հայ-հայկական պատերազմ, ոչ թե ինչ-որ բաների դեմ, այլ ինքնամաքրման, խղճի վերածննդի, հարատեւ միաբանության համար` ի բարօրություն անհատի, հանրության, երկրի… եւ ուրիշ լավ բաների համար:
Ու, հավատացեք, հենց որ սկսենք այդ պատերազմը, նույն պահին բոլորս կտեսնենք, թե ինչպես նորովի կշողշողան հայկական երկնակամարում մեր սրբազան գաղափարները. Հայրենիք, Պետություն, Հայաստան:

 

ՎԱՀԵ ՎԱՆԵՍՅԱՆ
ԱՐՄԵՆ ՃԳՆԱՎՈՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031