Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ճանաչված նկարիչներ, որոնք չեն կարող գրքի դիզայն իրականացնել»

Մայիս 06,2016 14:00

Գրաֆիկ դիզայներ Վիտալի Ասրիեւի դիտարկումները

Ցանկացած արտադրություն պետք է փոխշահավետ լինի եւ արտադրողի, եւ սպառողի համար: Դիզայնի խնդիրներով զբաղվող կենտրոններ վաղուց են գործում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի մի շարք համալսարաններում եւ այլն: Մեզ մոտ դիզայնի կենտրոններ միայն վերջին տարիներին են բացվել Կինոյի եւ թատերարվեստի ինստիտուտում, Գեղարվեստի եւ Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, գործում են նաեւ դիզայնի մասնագիտական քոլեջներ: Այս հարցում անկասկած մեծ է տվյալ արտադրանքի, այս դեպքում՝ գրքի դիզայնը, ինչով զբաղվում են գրաֆիկ դիզայներները: Առաջին մեզ հասած տպագիր գրքերից է բուդդայական Սուրբ գիրքը, որը 868թ. տպագրվել է կտորի վրա սղոցված փայտե բլոկների միջոցով: 11-րդ դ. սկզբին տպող սարքերի միջոցով ստեղծվում էին երկար գրքեր ու թղթեր: Տպագրության դարաշրջանի իրական սկիզբը համարվում են 1440-ական թվականները՝ կապված Իոհան Գուտենբերգի կողմից տպող հաստոցի հայտնագործության հետ: Ինչ վերաբերում է գրաֆիկական դիզայնին, այն նկարչական ու գծագրային գործունեությամբ հարմոնիկ եւ էֆեկտիվ վիզուալ միջավայրի ստեղծումն է, որի հիմնական «մթերքներն» են գրքերը, ամսագրերը, գովազդները, փաթեթավորումները եւ այլն:

pages
«Առավոտը» հանդիպեց գրաֆիկ դիզայներ Վիտալի Ասրիեւի հետ (լուսանկարում):
Մեր զրուցակիցը նշեց, որ գրաֆիկական դիզայնի համաշխարհային դպրոցները սկսել են գործել դեռեւս անցյալ դարասկզբից, օրինակ՝ ռուսական կոնստրուկտիվիզմը, ամերիկյան գովազդային գրաֆիկան, շվեյցարական գրաֆիկական դպրոցը, ավելի ուշ՝ 1960-ականներից՝ կուբայական եւ ճապոնական պաստառների դպրոցը եւ այլն: Այսօր էլ գրաֆիկական դիզայնի առաջատար դպրոց են համարվում հոլանդականը, անգլիականը, ֆրանսիականը, գերմանականն ու ֆիննականը:

Հարցին, թե պարտադի՞ր է, որ գրաֆիկ դիզայները լինի նկարիչ, Վիտալի Ասրիեւը պատասխանեց. «Կան ճանաչված բարձրարվեստ նկարիչներ, որոնք պարզապես չեն կարող գրքի դիզայն իրականացնել, քանի որ մեր արվեստում կան շատ նրբություններ, որոնց ուսումնասիրությունը ոչ միայն տալիս է դպրոցը, որտեղ սովորում ես, այլեւ տարիների փորձը: Իսկ այն ուսումնական հաստատություններում, որտեղ պատրաստվում են գրաֆիկ դիզայներներ, հիմնական առարկաների թվում, իհարկե, նկարչությունն էլ է համարվում պարտադիր»:

Դիտարկմանը՝ թե մեր օրերում, երբ գրադարաններն են թվայնացնում, մտավախություն չկա՞, որ գիրք «նկարելը» էլեկտրոնային հոսքի դարում պարզապես անպետք կլինի, դիզայները պատասխանեց. «Գրքի դիզայնը եւ ընդհանրապես գիրքը երբեք չի մահանա: Ես էլ, ասենք, տրանսպոտում էլեկտրոնային գրքեր եմ ընթերցում: Ի վերջո, էլեկտրոնային գրքում էլ մասամբ դիզայն է անհրաժեշտ, այլ բան է, որ այդժամ ստեղծագործական ներդրում չի կատարվում»:

Pages-from-portfolio
Մեր զրուցակցին հիշեցրինք ամերիկացի դիզայներ Թոմաս Մորոնի տեսակետը, այն է՝ դասական արվեստների շարքում դիզայնի ոլորտ է ներառվում նաեւ պլաստիկ վիրաբուժությունը, դիմահարդարումը, օծանելիքի պատրաստումը, խոհարարությունը, հագուստի նորաձեւությունը եւ այլն, եւ այս համատեքստում հետաքրքրվեցինք՝ ասենք, հագուստի նորաձեւությունը, եւ ոչ միայն, որ կրկնվում է 15-20 տարի պարբերությամբ, կարելի՞ է ենթադրել, որ գրքի դիզայնն էլ է կրկնվում: «15-20 տարի առաջ միտում կար հարուստ իլյուստրացիաներով գիրք հրատարակելու: Հիմա դրանք իրականացվում են մինիմալ լուծումներով: Հիմա, ըստ իս՝ 60-70-ական թվականների այդ մինիմալիստական ոճի մեջ է մեր գրքերի դիզայնը»,- հայտնեց Վիտալին:

Այսօր մինիմալիստական լուծումներով դիզայնն ավելի վառ է արտահայտվում հայտագրերում, մինչդեռ Գյոթեն ժամանակին նկատել է, թե ինչքան կարեւոր են դիզայնում գունային լուծումները: Ասել է նաեւ՝ գույները մարդու մեջ արթնացնում են հոգեբանական առանձնահատուկ տրամադրություններ: Այս առիթով էլ Վիտալի Ասրիեւը հիշեցրեց հայտնի միքտը, թե ինչքան մարդ, այնքան էլ ճաշակ, հետո էլ նշեց, թե նորաձեւության օրինակով ճաշակը չեն պարտադրում, այսօր, իսկապես, Հայաստանում տպագրվող գրքի որակը՝ սկսած թղթից, վերջացրած դիզայնով, չես համեմատի 15-20 տարի առաջ եղածի հետ: Բայց գրքի ոլորտում մի բան ակնհայտ է՝ ի վերջո, ընթերցողին առաջին հերթին հետաքրքրում է գրքում շարադրված ասելիքը: «Այսուհանդերձ, ցանկալի է, որ Հայաստանն էլ այլ քաղաքակիրթ երկրների օրինակով դառնա Գրաֆիկական դիզայնի համաշխարհային կազմակերպության ICOGRADA անդամ»,- ասաց մեր զրուցակիցը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031