ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ երեսունմեկերորդ
Կարդացեք նաև
ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ
Եվ որպեսզի ձեզ համար ավելի պատկերացնելի լինի, հիշեցնեմ, որ ցուրտ ու մութ էդ տարիներին հազար դոլարն ահավոր մեծ փող էր, եւ Վարուժն էդ նկարի էդ մակարդակով վաճառքից շատ գոհ էր, եւ Վարուժը շարունակելով ավելացրեց՝ «էդ բեյրութցին կատալոգիս մեջ Հրանտի պորտրետը որ տեսավ, միանգամից ուզեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ նկարը կատալոգի ու ալբոմի մեջ տպված ա լինում, դրանից արժեքն ավելի ա բարձրանում», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «ես ե՞մ ասել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «ճիշտ եմ ասել», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Վարուժը հարցրեց՝ «էլ ի՞նչ հետո» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրանց վատությունն իրանց մնաց», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ վատությունը», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «Հրանտի ու Վերժուկի», եւ ես զարմացած հարցրի՝ «իրանք քեզ ի՞նչ վատություն են արել», եւ Վարուժն ասաց՝ «իրանց պորտրետները չվերցրին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իմ հետ ըտենց բան չէր պատահել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չէր պատահել», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «չէր պատահել, որ մեկին նկար նվիրեմ, ու հրաժարվի՝ չվերցնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, իրանք քեզ ոչ թե վատություն են արել, այլ՝ լավություն», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լավություն են արել», եւ ես ասացի՝ «էրկու հազար դոլարի լավություն» եւ ժպտալով ավելացրի՝ «եթե իրանք իրանց պորտրետները տարած ըլնեին, դու, փաստորեն, էրկու հազար դոլարից կզրկվեիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քամահրանքով ինձ ասաց՝ «ինչպես միշտ՝ ինձ ուշադիր չես լսում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչը ուշադիր չեմ լսել», եւ Վարուժն ասաց՝ «էդ բեյրութահայը Հրանտի պորտրետին ընդամենը հազար դոլար տվեց, հազար էլ՝ էդ էրկու պեյզաժներին», եւ ես ասացի՝ «փաստորեն, Հրանտի պորտրետի շնորհիվ էդ էրկու պեյզաժներդ էլ ա առել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էդքան էլ ըտենց չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նկար առնողն ու մանավանդ սփյուռքահայ նկար առնողը որ գալիս ա մոտդ նկար առնելու, էն գլխից արդեն որոշած ա ըլնում՝ ինչքան գումարի սահմաններում ա նկար առնելու», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ», եւ Վարուժը փռթկացնելով հարցրեց՝ «ես ե՞մ ասել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Վարուժը ժպտալով ինձ ասաց՝ «ճիշտ եմ ասել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ Հրանտի պորտրետը չըլներ էլ, մեկ ա՝ էդ բեյրութցին էդ օրն ինձնից էրկու հազար դոլարի նկար էր առնելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց որ Հրանտի պորտրետն առավ, ես կրկնակի շահեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարա՞ս ասես՝ ինչ իմաստով շահեցի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մի օրում էրկու հազար դոլարի նկար ծախելը խոշոր շահում ա», եւ Վարուժն ասաց՝ «ուրիշ իմաստով էլ եմ շահել», եւ ես հարցրի՝ «ուրիշ ի՞նչ իմաստով ես շահել», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «չես կարա՞ ինքնուրույն գլխի ընկնես», եւ ես բավական երկար մտածեցի ու ասացի՝ «չէ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ ձեռ էր տալիս, որ էդ բեյրութցին Հրանտի պորտրետն առներ, ոչ թե՝ ուրիշ նկար», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «ինչի՞», եւ Վարուժը ժպտալով ինձ հարցրեց՝ «չես կարո՞ւմ ինքնուրույն գլխի ընկնես», ես ես բավական երկար մտածեցի ու ասացի՝ «չէ», եւ Վարուժը քմծիծաղով ասաց՝ «չես ուզում մի քիչ գլխիդ զոռ տաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նկար առնողները հազարից մեկ են պորտրետ առնում», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «ես ե՞մ ասել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Վարուժն ասաց՝ «եթե էդ բեյրութցին Հրանտի պորտրետը չառներ, էդ պորտրետն ամենայն հավանականությամբ վրես էր մնալու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտ ա, էդ պորտրետը շատերն են հավանում, բայց ոչ մեկն էդ պորտրետին էդքան փող չէր տա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մարդիկ մենակ իրանց ու իրանց հարազատների պորտրետներին են փող տալիս»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: