Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է այլ պետություններից սպառազինություն ձեռք բերել

Մայիս 05,2016 17:00

Ըստ Մարթա Այվազյանի` բացի սպառազինությունների գնումից, անհրաժեշտ է
նաեւ որոշ զինատեսակների հայրենական արտադրություն կազմակերպել
եւ անհապաղ քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղությամբ:

– Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից որոշ ժամանակ անց պաշտոնական Երեւանը ներկայացրեց իր դիրքորոշումը` բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, առանց Ստեփանակերտի որեւէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման: Բանակցությունների վերսկսման համար հետեւյալ նախապայմանները ներկայացվեցին` վստահության վերականգնում, հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂ-ի ժողովրդի նկատմամբ։ Հայկական կողմի դիրքորոշման այս կոշտացումը ի՞նչ անդրադարձ կունենա ԼՂ հակամարտության եւ Ադրբեջանի պահվածքի վրա:

– Նախ պետք է փորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված հայկական կողմի դիրքորոշման այս կոշտացումը, դրա համար պետք է նաեւ անդրադառնանք քառօրյա պատերազմի դրդապատճառներին եւ արդյունքներին: Իմ կարծիքով՝ քիչ հավանական է, եթե ոչ՝ անհնար, որ հայկական կողմը, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ սկզբունքորեն փոխեր իր դիրքորոշումը եւ առանց Ռուսաստանի հետ համաձայնեցման նման կտրուկ, բանակցային գործընթացն այս պահին բացառող հայտարարություններ աներ:

Բացառվում է նաեւ, որ մեր իշխանությունները, մասնավորապես ՀՀ Զինված ուժերի ղեկավարությունը եւ Սերժ Սարգսյանը տեղեկացված չեն եղել նախատեսվող հարձակման վերաբերյալ: Նման հարձակումը պահանջում է մի քանի ամսվա նախապատրաստական աշխատանք եւ չէր կարող աննկատ անցնել: Այն, որ ունենալով այդ տեղեկատվությունը՝ չեն նախաձեռնել անհրաժեշտ քայլեր առաջնագիծն ամրացնելու եւ զինվորների կյանքը հնարավորինս պաշտպանելու համար, խոսում է կամ նրանց բացարձակ ոչ կոմպետենտության, կամ, ինչն ավելի հավանական է՝ այդ հարձակման նպատակների իրականացման ծրագրի մասնակից լինելու մասին, ինչը ցանկացած այլ պետությունում կորակավորվեր ընդհուպ որպես պետական դավաճանություն:

Այնուամենայնիվ, նախատեսված կարճատեւ հաղթական պատերազմը, որի արդյունքում հակամարտող կողմերը պետք է ստորագրեին ՌԴ-ի կողմից առաջարկվող համաձայնագիրը, որի բովանդակությունը հիմնականում բոլորիս հայտնի է եւ ի թիվս այլ պայմանների՝ նախատեսում է տարածքների վերադարձ եւ խաղաղապահների տեղակայում, իսկ Ռուսաստանը ներկայանար որպես խաղաղության հաստատման միակ միջնորդ, ձախողվեց: Տեղի ունեցավ դա հիմնականում մարդկային գործոնի՝ հայ զինվորի արիության, անձնազոհության, զարմանալի մարտունակության, ինչպես նաեւ կամավորների՝ դեպի ճակատ անսպասելի մեծ հոսքի շնորհիվ: Սակայն այս անհաջողությունը ոչ մի դեպքում չի նշանակում, որ հարձակման նախաձեռնողները հետ կկանգնեն իրենց ներկայիս ծրագրից՝ պատերազմական գործողությունների միջոցով հասնել իրենց նպատակների իրականացման:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ նաեւ այս իրադարձություններին միջազգային անդրադարձը, հնչած խիստ գնահատականները, որոնք այս պահին ակնհայտորեն ի նպաստ են հայկական կողմին, չեմ կարծում, որ հակառակ կողմը մոտ ժամանակներս կառաջնորդվի նույն սցենարով, այսինքն` գոնե միջազգային հանրության աչքերում ինքը կրկին իր վրա կվերցնի նախահարձակի, հրադադարը խախտողի դերը եւ կվերսկսի լայնածավալ պատերազմական գործողություններն ամբողջ ճակատով: Սա շահեկան չէ ոչ Ռուսաստանի համար, ոչ Ադրբեջանի եւ հղի է իրենց համար անկանխատեսելի հետեւանքներով: Ավելի հավանական է, որ փորձ կարվի ծրագրի իրականացման համար համապատասխան իրավիճակ ստեղծել հայկական կողմի նախաձեռնած ռազմական գործողությունների միջոցով:

Այս առումով բավական վտանգավոր եւ նման ծրագրի իրականացման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայկական դիրքերում, մի կողմից՝ կանոնավոր բանակը, մյուս կողմից՝ աշխարհազորի զինված զորամիավորումները, տարբեր հրամանատարներին ենթարկվող ջոկատները, որոնց համակարգված կառավարումը բարդ եւ ծանր խնդիր է: Լարված իրավիճակում եւ նման պայմաններում դժվար չէ սադրանքի միջոցով հասնել իրենց նպատակներին:

– Լեռնային Ղարաբաղի` բանակցությունների սեղանին վերադառնալը, ինչպես նաեւ ԼՂՀ ճանաչմանը հասնելը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հնարավո՞ր եք համարում: Այս հարցերում Հայաստանը կարո՞ղ է դաշնակիցներ ձեռք բերել, ի՞նչ ուղիներ եք տեսնում:

– Լեռնային Ղարաբաղի` բանակցությունների սեղանին վերադառնալը անհրաժեշտություն է: Ինչպես գրել էին Ֆրանսիայի սենատի անդամները ս.թ. ապրիլի 7-ի իրենց հայտարարության մեջ՝ «21-րդ դարում որոշել որեւէ բնակչության ճակատագիրն առանց նրա մասնակցության՝ նվազագույնը զուրկ է իմաստից»: Ընդհանրապես հայկական կողմի համար աններելի սխալ էր դուրս մղել ԼՂ-ն բանակցային սեղանից, եւ պայմանավորված էր դա միայն Ռոբերտ Քոչարյանի անձնական ամբիցիաներով: Այդ քայլը կտրուկ թուլացրեց մեր դիրքերը բանակցային գործընթացում եւ թույլ տվեց ադրբեջանական կողմին խնդրի էությունը ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքից շեղել դեպի տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այսօր, ինչպես եւ նախկինում, կա անհրաժեշտություն եւ հնարավորություն ԼՂ-ն բանակցությունների սեղանին վերադարձնելու: Կա նաեւ ավելին, քան նախկինում. հնարավորություն այս հարցում դաշնակիցներ ձեռք բերելու: Սակայն դրա փոխարեն ՀՀ Գլխավոր շտաբի պետին գործուղում են Մոսկվա Ադրբեջանի հետ հրադադար բանակցելու նպատակով, ինչը մեկ անգամ եւս ցույց է տալիս ՌԴ դերակատարումը այս զարգացումներում եւ կասկածի տակ է դնում Երեւանի՝ ԼՂ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու վերաբերյալ հայտարարության նպատակը: Ինչ վերաբերում է ԼՂ ճանաչմանը, ապա Հայաստանը պետք է ջանքեր գործադրի միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությամբ: Սակայն ՀՀ կողմից ԼՂ-ի ճանաչումը չեմ կարծում, որ այս պահին կնպաստի հակամարտության կարգավորման գործընթացին:

– Bloomberg-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշեց, թե պատերազմը Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի, եւ որ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ: Որքանո՞վ եք իրատեսական համարում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը, արդյո՞ք դա միակ ելքն է:

– Ինչպես նշեցի, Ադրբեջանի կողմից լայնածավալ, ճակատային գծի ամբողջ երկայնքով պատերազմական գործողությունների վերսկսումը այս պահին քիչ հավանական եմ համարում: Իմ կարծիքով՝ գործողությունները կշարունակվեն պարբերական ռմբակոծությունների, դիվերսիոն հարձակումների, հնարավորինս շատ մարդկային կորուստների բերող եւ հայկական կողմին հյուծող ու մեզ պատասխան քայլերի դրդող այլ նմանատիպ գործողությունների ձեւաչափով:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը ներկայիս իրավիճակում բանակցությունները վերսկսելու անհնարինության վերաբերյալ, ապա այն ինձ մոտ տարակուսանք եւ նույնիսկ վրդովմունք է առաջացնում: Բանակցությունները պետք է շարունակվեն ցանկացած պայմաններում: Ավելին՝ հիմա բանակցային գործընթացը պետք է շատ ավելի մեծ ինտենսիվությամբ ընթանա, դա է միակ մեզ համար ճիշտ եւ շահեկան ճանապարհը, որը նաեւ կարող է փրկել զինվորների կյանքեր, եւ բավական վտանգավոր է ներկայիս իրավիճակում նման, ես կասեի՝ սադրիչ եւ կեղծ հայրենասիրության երանգներ ունեցող հայտարարություններ անել, որոնք, ըստ էության, հայտարարություն են պատերազմը շարունակելու մեր մտադրության մասին, եւ որոնց միակ բացատրությունը կարող են լինել մեզ համար ոչ տեսանելի եւ ոչ ընդունելի պայմանավորվածությունները խնդրի հանգուցալուծման վերաբերյալ:

– Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով սպառազինություն ձեռք բերելու առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս ասաց, թե պայմանավորվածությունները ձեռք են բերված, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Ձեր կարծիքով՝ ՌԴ-ն դիտավորյա՞լ է ձգձգում այս գործընթացը: Եվ ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակում, երբ նկատվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական բալանսի խախտում, Հայաստանը կարո՞ղ է արեւմտյան երկրներից սպառազինություն ձեռք բերել:

– Չի կարելի բացառել Ռուսաստանի նման վարքագիծը, սակայն հաշի առնելով մեր ամբողջովին կոռումպացված իշխանական համակարգի կողմից պետական ֆինանսական ռեսուրսների ոչ պատշաճ կառավարման հսկայական փորձը, տարիներ շարունակ տարբեր կոռուպցիոն սխեմաների միջոցով պետական միջոցների յուրացման մեծ ծավալը՝ ավելի հավանական եմ համարում, որ ձգձգումը պայմանավորված է հենց դրանով:
Ինչ վերաբերում է այլ պետություններից սպառազինությունների ձեռք բերմանը, ապա դա, իհարկե, հնարավոր է եւ նույնիսկ անհրաժեշտ: Ավելին՝ Հայաստանի ռազմական անվտանգության ամրապնդման եւ դիվերսիֆիկացման նպատակով նման պայմանավորվածություններ պետք էր ձեռք բերել արդեն վաղուց: Սակայն, բացի սպառազինությունների գնումից, անհրաժեշտ է նաեւ որոշ զինատեսակների հայրենական արտադրություն կազմակերպել, ինչպես նաեւ անհապաղ քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղությամբ:

– Ի՞նչ տպավորություն ստացաք Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցից: Ռուսական միջնորդական ջանքերը` գոնե հրադադարի պահպանման հարցում, արդեն ապրիլի 5-ից հետո պարզ էր, որ չեն գործում: Ձեր կարծիքով՝ Մոսկվայի ջանքերը համաձայնեցվա՞ծ են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Բացի այդ, որո՞նք ենք Մոսկվայի իրական նպատակները, ՌԴ-ն իսկապե՞ս կարող է «քաղաքական կարգավորմանը» նպաստել, երբ բացահայտ զգուշավոր քաղաքականություն է տանում Ադրբեջանի հանդեպ:

– Նախ ես կասեի, որ Ռուսաստանը ոչ թե զգուշավոր, այլ բացահայտ բարեկամական քաղաքականություն է տանում Ադրբեջանի նկատմամբ: Տպավորություններն այցից եւ ձեւի, եւ տեսանելի բովանդակության առումով մի շարք հարցեր ու մտահոգություններ են առաջացնում: Լավրովի այցը սկսվեց նման այցերին բնորոշ հանրայնությունից զուրկ ժամանումից, նույն ոճով շարունակվեց ԱԱԾ ընդունելությունների տանը, ինչը բավական տարօրինակ եւ միաժամանակ խորհրդանշական է, մասնավորապես՝ հաշվի առնելով ՌԴ համապատասխան կառույցներից այդ ծառայության անմիջական կախվածությունը, ուր կայացան Սարգսյան-Լավրով բանակցությունները եւ ավարտվեց շատ թերի համատեղ ասուլիսով, որի ընթացքում Սարգսյանն ուղղակի մատնանշեց ՌԴ հատուկ տեղեկացվածությունը պատերազմի վերսկսման մանրամասների վերաբերյալ՝ կարծես ցանկանալով ընդգծել, ի ցույց դնել Հայաստանի դիրքորոշման խստացումը կամ փոփոխությունը, իսկ Լավրովը նախ՝ մի քանի անգամ հատուկ ընդգծեց, որ Ռուսաստանը միշտ գործում է Մինսկի խմբի հետ համաձայնեցված, եւ որ հակամարտության կողմերն ինքնուրույն են գործել ու գործում: Նա նաեւ ակնարկեց, որ ՌԴ-ն այս պահին դադարեցնում է իր միջնորդական ջանքերը: Այն, որ ՌԴ-ն հաճախ գործում է ինքնուրույն, առանց ՄԽ-ի հետ իր քայլերը եւ առաջարկները համաձայնեցնելու՝ դա հայտնի է, դրա մասին հայտարարել է հենց ՌԴ կողմը: Նաեւ հիշեցնեմ, որ վերջերս ՄԽ-ի շրջանակներում որոշ հարցերի շուրջ անհամաձայնության վերաբերյալ առաջին անգամ հայտարարել էր ամերիկյան կողմը: Ռուսաստանի նպատակներն անփոփոխ են՝ Հայաստանի հաշվին եւ միջոցով էլ ավելի ամրապնդվել մեր տարածաշրջանում, ընդլայնել իրենց քաղաքական եւ ռազմական ազդեցությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող բոլոր գործընթացների վրա, նաեւ անել հնարավորինս Ադրբեջանը ԵՏՄ ներգրավելու համար: ՌԴ-ն չի դադարեցնելու իր ջանքերն այս ուղղությամբ, եւ իրենց կողմից մշակված ու համաձայնեցված ցանկացած կարգավորման ծրագիր, բնականաբար, ծառայելու է իրենց նպատակներին:

– ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ արվեցին: Հասարակությունը, կարծես, ավելին է սպասում, քան պաշտոնանկությունները, պատասխանատվության ենթարկելու հարցերն են մնում: Ի՞նչը ազդեց նման որոշումների վրա, եւ Ձեր կարծիքով՝ հասարակական համախմբում ունենալով ապրիլի քառօրյա պատերազմից հետո` պետության առողջացման հասնելու հարցում կարո՞ղ ենք ձեռքբերումներ ունենալ:

– Պաշտոնանկությունները անհրաժեշտ եւ նույնիսկ ուշացած էին: Ավելին, հաշվի առնելով բանակում եւ մասնավորապես առաջնագծում անընդունելի, չկարգավորված հակամարտության պայմաններում նույնիսկ հանցավոր բացթողումները, որոնք բոլորին տեսանելի դարձան քառօրյա պատերազմի ընթացքում, այդ պաշտոնանկությունները պետք է շարունակվեն եւ պատասխանատվության պետք է ենթարկվի նախ եւ առաջ պաշտպանության նախարարը: Սակայն մենք բազմիցս ենք տեսել, թե ինչպես ընդհուպ մինչեւ ծանր քրեական հանցագործություն կատարած մեր բարձրաստիճան պաշտոնյաները, նաեւ հասարակական ճնշման տակ, ժամանակավորապես հեռացել են իրենց զբաղեցրած պաշտոններից, ապա, որոշ ժամանակ անց, վերադարձել են կամ էլ նշանակվել ավելի շահեկան պաշտոնների՝ այդպես էլ չկրելով որեւէ համարժեք պատիժ: Ամենայն հավանականությամբ, այս դեպքում կկրկնվի նույն սցենարը: Հասարակական համախմբումը եւ դժգոհությունը, բնականաբար, ունեցան իրենց ազդեցությունը այդ պաշտոնանկությունների հարցում, սակայն նման հասարակական պոռթկումները, որպես օրենք, արագ մարում են եւ հաճախ դառնում են ներիշխանական խաղերի մաս: Մինչդեռ պետության առողջացման, դրա համար անհրաժեշտ համակարգային փոփոխությունների հասնելու համար միայն հասարակական համախմբումը բավարար չէ, պետք է հասարակության վստահությունը վայելող եւ հասարակության համախմբումը համակարգող ընդդիմադիր քաղաքական ուժ, գործունակ գաղափարական կորիզ, որն այսօր Հայաստանում բացակայում է:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031