Լրահոս
Օրվա լրահոսը

Կոկորդում ձկան փուշ մնալու դեպքում անմիջապես խմեք կիտրոնի հյութ

Մայիս 05,2016 14:00

Խոշոր ձկներն անհրաժեշտ է եփել սառը, իսկ մանրերը՝ եռացրած ջրում

Ձուկը մեր սննդակարգում կարեւոր նշանակություն ունեցող մթերք է: Ուստի այն գնելիս առաջինը պետք է ուշադրություն դարձնել թարմությանը, որը որոշելու համար պարզապես պետք է այն ընկղմել ջրով լի ամանի մեջ եւ եթե սուզվի, ապա թարմ է: Բայց մինչեւ ջրով փորձարկելը, պետք է ուշադրություն դարձնել արտաքին տեսքին: Թարմ ձուկն ունի փայլուն, հարթ թեփուկներ, թափանցիկ աչքեր, վառ կարմիր գույնի խռիկներ եւ մատով սեղմելուց առաջացած փոսիկն անմիջապես ուղղվում է:

Ձուկը չի կարելի պահել առանց մաքրելու: Այն շուտ եւ հեշտ կմաքրվի թեփուկներից, եթե նախապես թրջեք քացախով, իսկ մաքրելու ժամանակ, որպեսզի այն լպրծուն չլինի՝ ձեռքերը աղով թաթախել:

Ձուկը պետք է եփել նախապես լավ տաքացրած ջեռոցում, իսկ տապակելու համար խորհուրդ է տրվում ձուկը նախապես աղ դնել, որպեսզի այն տապակելու ընթացքում չփշրվի: Տապակելիս կրակը պետք է բարձր լինի: Որոշ տանտիրուհիներ առանց բուսական յուղի են տապակում եւ մատուցելու ժամանակ վրան կարագ են քսում՝ ավելի նուրբ համ ստանալու համար:

Շեշտված հոտ ունեցող ձուկը խորհուրդ է տրվում եփել առատ ջրով, իսկ գետի ձկան հոտը մասնակի անցկացնելու համար անհրաժեշտ է եփելուց առաջ քսել քացախ եւ ապա փաթաթել թղթով:

kitron

Խոշոր ձկներն անհրաժեշտ է եփել սառը, իսկ մանրերը՝ եռացրած ջրում:

Եթե կոկորդում ձկան փուշ է մնացել, անմիջապես պետք է կիտրոնի հյութ խմել:

Ջեռոցում դրված ձկան պատրաստ լինելը ստուգելու համար մեջքի լողակը թեթեւակի քաշել, եթե անմիջապես պոկվի, ուրեմն պատրաստ է:

Ձուկը համեղ եւ դյուրամարս կլինի, եթե այն 1 ժամ գարեջրի մեջ պահեք, ապա հանեք եւ տապակեք տաք բուսայուղի մեջ:

Թարմ ձուկն ամռանը կարելի է առանց սառնարանի պահել, եթե նախօրոք մաքրեք փորը, հեռացնեք խռիկները, բայց չլվանալ, այլ մաքրել խոհանոցային անձեռոցիկով, եւ դրսից, եւ ներսից աղ ու պղպեղ ցանել: Պահել լավ օդափոխվող սենյակում:

Մետաղյա տուփով պահածոյացված ծովատառեխը բացելուց հետո խորհուրդ է տրվում անմիջապես դատարկել ապակյա տարայի մեջ, գարեջուրը եռացնել հատիկավոր պղպեղի եւ դափնետերեւների հետ, սառեցնել եւ լցնել ձկան վրա: Տարայի երեսին բարակ շերտով բուսական յուղ լցնել եւ ծածկել կափարիչով:

Եթե աղ դրված ծովատառեխը նախօրոք լվանաք սառը ջրով, ապա այն ավելի նուրբ եւ համեղ կլինի: Եթե ծովատառեխը նուրբ է եւ փափուկ, պահեք այն թեյի մուգ թուրմի մեջ, որպեսզի պնդանա, իսկ եթե պինդ է՝ կաթի մեջ, որ փափկի:

Տապակած ձկան հոտը չեզոքացնելու համար կարելի է խնկամանի մեջ թեյի տերեւներ լցնել եւ այրել: Նույն գործողությունը կարելի է կատարել բոլոր այն սենյակներում, որտեղ տարածվել է այդ հոտը:

Որպեսզի կարմրախայտը տապակելիս ձեւավոր մնա, նախքան ալյուրի մեջ թաթախելը, այն թաթախեք նաեւ կաթի մեջ:

Խաշած ձկան հետ կարող եք մատուցել խաշած կարտոֆիլ, իսկ տապակածի հետ՝ տապակած կամ խաշած կարտոֆիլ: Կարելի է մատուցել նաեւ հաճարով կամ բրնձով փլավ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031