Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաթևը կարծես դարձել է Հայաստանի լուսանկարչական դիվանագիտական դեմքը». Վահրամ Կաժոյան

Մայիս 04,2016 23:59

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մայիսի 4-ին բացվեց լուսանկարիչ Տաթև Մնացականյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը՝ կազմակերպված «Մշակութային երկխոսություն.լուսանկարչական ծրագրի» շրջանակներում:

Մշակութային այս երկխոսության մեջ ներգրավված են ազգությամբ հայ, շվեյցարացի, լեհ, դանիացի, նորվեգացի, լիտվացի, իրանցի, եգիպտացի, գերմանացի, ավստրիացի, ռուս, չեխ, ֆրանսիացի, թաիլանդցի, ամերիկացի, լիբանանցի և ուզբեկ հայտնի նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, ոսկերիչներ, գիտնականներ և ճարտարապետներ: Ծրագրի հիմնական նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն հանրահայտ ու պատկառելի տարեց արվեստագետներին, ովքեր արժանի են մեծարման ու ճանաչման իրենց կյանքի ընթացքում:

20160504_161041 20160504_161216

Ցուցահանդեսը նվիրված է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան, որ նշվում է ամեն տարի մայիսի 21-ին:

Լուսանկարչուհին նշեց, որ սկսել է նկարել 2010թ.-ից: Նկարել է 100-ից ավել արվեստագետի 17 երկրից: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայ արվեստագետների մեծ մասին ծանոթ է եղել, և նկարներում հիմնականում նկարիչ քանդակագործներ են. «Արվեստագետը միայն ստեղծում էի, ինքն իր մասին, իր կերպարի մասին չի մտածում: Դրա հետ մեկտեղ մանավանդ մեծահասակները, իրենց տարիքից ելնելով, օտարացած և փակված են զգում իրենց: Ես ուզեցի նրանց կենդանության օրոք դուռը բացել, նկարել նրանց, լուսանկարի միջոցով նրանց արվեստը ցույց տալ: Ես այս ցուցահանդեսով իրենց եմ ցույց տալիս, որ ճանաչեն նրանց: Շատ շատերը ունեն այս նկարիչների, քանդակագործների աշխատանքները, բայց չգիտեն՝ ովքեր են նրանք»:

Տաթևը պատմեց, որ ամենաառաջինը հայ արվեստագետը, որին նկարել է, 102 տարեկան էր, բայց նա հիմա չկա.«Ցեղասպանություն վերապրած էր, երեք տարեկան հասակում ամեն ինչ տեսել էր և հիշում ու պատմում էր ու չուներ ոչ մի սերունդ՝ամբողջ կյանքը նվիրելով արվեստին: Սակայն նրա լուսանկարը չկա այսօր, որոշեցի ներկայացնել այն արվեստագետներին, որ հենց հիմա մեզ հետ են, որ հենց այս պահից կարողանանք տալ մեր հարգանքը, ճանաչենք նրանց արվեստը: Առաջին համագործակցությունը սկսվեց Եգիպտոսի հետ: Միտքը կայանում է նրանում, որ ես այս արվեստագետներիններին այլ երկրում եմ ցույց տալիս, ուրիշ երկրների արվեստագետներին այստեղ»:

Ինչպես նշեց Տաթևը, շատ դժվար է եղել համոզել, որ համաձայնեն նկարվել. «Կարելի է ասել՝ ամենադժվար գործը համոզելն է եղել: Կան արվեստագետներ, որ այդպես էլ չկարողացա համոզել, որ լուսանկարեմ: Մի փոքր վախ ունեն, ուզում են հասկանալ՝ ինչի համար: Սակայն երբ ներկայացնում եմ ծրագիրը, ասում թե ինչի համար է, համաձայնում են»:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը բացման խոսքում փաստեց, որ ուրախ է Տաթևի գործունեության համար. «Տաթևը կարծես դարձել է Հայաստանի լուսանկարչական դիվանագիտական դեմքը, որ շրջելով աշխարհով մեկ՝ ցույց է տալիս հայկական մշակույթը, հայկական մշակույթի ձեռքբերումները, և գալով Հայաստան՝ ցույց է տալիս հայաստանյան հանդիսատեսին միջազգային հանրության մեր բարեկամ երկրների մշակութային ձեռքբերումները»:

Aravot.am-ի հետ խոսելիս ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը նկատեց, որ Տաթևի հետ համագործակցությունը սկսվել է վաղուց. «Տաթևի հետ համագործակցությունը 2003 թվականից է սկսվել, երբ երկխոսության թեմայով պաստառի մրցույթ էինք հայտարարել, և Տաթևը հաղթեց այդ մրցույթում: 2013թ.ին առաջին ցուցահանդեսը եղավ, սա արդեն երկրորդ ցուցահանդեսն է, որը, կարելի է ասել, առաջին նախագծի շարունակությունն է: Ցուցահանդեսը և նրա գաղափարը շատ կարևոր է այնքանով, որ նա լուսանկարել է հայտնի արվեստագետների, գիտնականների այլ մշակութային գործիչների, և լուսանկարներում տեսնում ենք, որ Տաթևը հատկապես ուշադիր է տարեց մարդկանց նկատմամբ: Ինչպես ինքն է ասում, միգուցե վախենում է, որ կուշանա, և քանի որ արվեստագետները հոգով շատ համեստ մարդիկ են, իրենք միայն իրենց աշխատանքն են ցույց տալիս մնալով կադրից դուրս, Տաթևը բերում է նրանց կադրի մեջ : Նրանց դեմքի կամ պատկերի միջոցով ցույց է տալիս աշխատանքը: Սա է, որ ես կարևորում եմ, և պետք է այս մարդկանց գնահատել կենդանի ժամանակ, այլ ոչ թե մահից հետո հիշել, գրել, ետմահու պարգևատրել: Տաթևի այս գործն ենք մենք կարևորում»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031