«Որևէ մեկին պետությունը փող չի տալիս: Գործարանը կուտակել է պարտքեր, որոնք չեն ներվում: Առաջարկվում է ներել միայն այդ պարտքերի չվճարումների պարագայում առաջացած տույժերն ու տուգանքները: Ներդրողը պատրաստվում է կատարել ներդրումներ և վերագործարկել «Հրազդան ցեմենտ» գործարանը, որն այսօր թաղված է պարտքերի մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն` անդրադառնալով «Հրազդան ցեմենտ» գործարանը սոցիալական ապահովագրության վճարների պարտքերից ազատելու արտոնություն տալու եւ այն ՎՏԲ բանկի կառավարմանը հանձնելու մասին նախագծին: Այդ նախագիծը, հիշեցնենք, խորհրդարանում սկանդալային զարգացումների արդյունքում տապալվեց:
Նախագծի քվեարկությունը տապալվեց՝ 53 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ընդդիմությունը չքվեարկեց, իսկ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը դեմ քվեարկեց:
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է մայիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը: Կառավարության նախաձեռնած արտահերթում, հատուկ ընթացակարգով, կներկայացվի նաև այդ պատմական նախագիծը:
Գագիկ Մինասյանը կարծում է, որ ի սկզբանե նախագծի հանդեպ սխալ մոտեցում է ձևավորվել, իբր պետությունն այսպիսով ինչ-որ մեկին փող է տալիս: ՀՀԿ-ական պատգամավորը մտավախություն ունի` եթե գործարանը չվերագործարկվի, այսինքն` ներդրող չլինի, այն ուղղակի կվաճառվի, որպես մետաղական ջարդոն: «Ցեմենտի երկրորդ գործարանի առկայությունը Հայաստանում չափազանց կարևոր է: Բացի նրանից, որ գործարանը աշխատատեղերի խնդիր է լուծում, բացի նրանից, որ այդ տարածաշրջանի համար կարևոր է, գործարանը ստեղծում է երկրում երկրորդ արտադրությունը: Այսինքն, շուկան մենաշնորհային չի լինի: Այս իմաստով, նախագծի ընդունումն առավել քան արդարացված է»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Գագիկ Մինասյանը հույս ունի, որ ընդդիմությունն այս անգամ չի տապալի նախագծի ընդունումը: Իր կարծիքով, նախկին քվեարկության ժամանակ նախագիծն այդ ճակատագրին արժանացավ, քանի որ հավանաբար, ընդդիմադիրների մոտ խնդրի ընկալումը աղավաղված էր. «Եթե փորձում ենք համեմատել այն իրավիճակը, որում կհայտնվի մեր տնտեսությունը այդ քայլին գնալուց կամ այդ քայլին չգնալուց, ապա իհարկե խոհեմությունը կհաղթի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ