ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում, ինչպես հայտնի է, ընդգրկված է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Պաշտոնական Երեւանն արդեն մի քանի մակարդակով պարզաբանել է, որ եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա` ԼՂՀ ճանաչման հարցը կմտնի օրակարգ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RIA Novosti-ին տված հարցազրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային նկատել է, թե` հայ պատգամավորների ներկայացրած նախագծի շուրջ աղմուկ ստեղծելու պատճառ չկա, քանի որ Երեւանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայի շուրջ քննարկումներին, չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում։ Դա խորհրդարանի երկու պատգամավորի առաջարկն է։ Իսկ Հայաստանի կառավարությունը, օրենքի համաձայն, ինչպես նրանք են բոլորին բացատրում` կրքերը հանդարտեցնելով, պետք է այդ օրինագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստի։ Իմ կարծիքով`աղմուկ բարձրացնելու ու խուճապի մատնվելու իմաստ չկա»։
Ղարաբաղյան հակամարտության թեմայով այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ` մայիսի 5-ի տպագիր «Առավոտ»-ում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ