Այսօր Ազատության հրապարակում Հայ մտավորականների «Անկախություն» միավորումը, ի դեմս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ մի գործարար՝ Սուրեն Գեւորգյանը եւ հարց ուղղեց. «Արդյո՞ք չէինք կարող մենք ունենալ այդ 4 մլրդ դոլարը, որ ՌԴ-ից գնեինք նույն ТОС-1-ը՝ Սոնցեպյոկը, Սմերչը, ինչն Ադրբեջանն է գնել: Նույն մտածողոթյունն է այստեղ գործում՝ մարմնավաճառին փողը տվեցիր՝ նա տրվում է: Ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում մենք կունենայինք ոչ թե 4 մլրդ դոլար, այլ՝ 15 մլրդ»:
Նա նշեց, որ մենք ունենք ընդերք, որը ճիշտ չի օգտագործվում. «Այն ոչ միայն մետաղական է, որը օգտագործվում է անխնա, պերլիտի հանքավայր ունենք՝ 3 մլրդ խմ, դա աշխարհի ամենամեծ հանքավայրն է: Մեր ապաշնորհ իշխանությունները այդ հանքավայրը վաճառել են 98 թվականին ընդամենը 1 մլն 400 հազար դոլարով, որը նպատակայնորեն պերլիտի միջազգայնացումը կանգնեցնում է: Ես այսօր գործարանատեր եմ, ունեմ քարաձուլման գործարան՝ մոտ 180 մլն արժողությամբ, որը հնարավորություն ունի տալու 3 մլրդ դոլար արտադրանք: Միջպետական պայմանագիր ունենք ՌԴ-ի հետ, որը ստորագրել է անձամբ Սերժ Սարգսյանը: Մենք չենք կարողանում արտադրանք տալ: Չենք անում, որ կարող ենք անել ու ունենալ սպառազինությունը: Որ մեր տղաներն ունենան ժամանակակից սպառազինություն՝ ոչ մի Ադրբեջան ու Թուրքիա մեզ չի հաղթի: Դա տգիտության եւ ապաշնորհության արդյունք է, որ մենք չենք կարողանում տնտեսություն զարգացնել»:
Նրա ելույթից հետո Տիգրան Խզմալյանն ասաց՝ «Սուրենին թվում է, որ մենք ունենք պետություն, որը չի զարգացնում տնտեսությունը: Ես ասում եմ՝ Սուրեն ջան, մենք չունենք պետություն, էս պետություն կոչվածը պատկանում է Ռուսաստանին, ուստի ՌԴ-ն չի ցանկանում, որ սա զարգանա»:
Կարդացեք նաև
Սուրեն Գեւորգյանը նորից բարձրացավ հարթակ ու հակադարձեց. «Ես համամիտ չեմ: Մենք հայ ենք, ՌԴ-ն իհարկե ուզում է ստրկացած ժողովուրդ, իրեն ենթարկվող, բայց մենք հայ ենք, պետք է պայքարենք, հասնենք էդ նպատակին: Ես չեմ մտածում, որ մեր ղեկավարները այդ աստիճանի այլասերված ու ծախված են: Միայն ՌԴ-ն չէ, ԱՄՆ-ն էլ է ուզում, որ բոլոր պետությունները լինեն կախյալ, հեշտ կառավարելի: Մենք, որպես հայի տեսակ, պետք է կարողանանք կոտրենք այդ կարծրատիպը: ՌԴ-ն ազդո՞ւմ է իմ վրա, որ Քարակերտի գործարանը տարեկան 3 մլրդ-ի արտադրանք տա, չէ՛, եթե ցանկանանք, կարող ենք անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ