Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը ԿԲ-ի՝ գյուղատնտեսության 4-5% աճը իրատեսական չի համարում

Մայիս 04,2016 21:44

Կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում է ընդգրկված Կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կա­ռա­վա­րության եզրա­կա­ցության նա­խա­գծին հավանություն տալու մասին որոշումը: Նախագիծը, ինչպես նշված է կառավարության  կայքէջում, ներկայացնում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ըստ այդ եզրակացության, կառավարությունն ԿԲ-ի՝  այս տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի (գնաճի հաշվետվության) մակրոտնտեսական միջավայրի զարգացումներն, ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագ­րե­րով նախատեսվող ուղղություններին: Սակայն, ֆինանսների նախարարությունն առանձնացրել է որոշ դրույթներ, որոնց հետ այնքան էլ համաձայն չէ:

Օրինակ՝ «Հա­մա­խառն առաջարկ» ենթաբաժնում նշված է «Կանխատեսվող հորիզոնում ներքին պա­հանջարկի աստիճանաբար վերականգնման եւ զբոսաշրջության սպասվող աճի պայ­ման­ներում ակնկալվում է ծառայությունների աճի արագացում եւ կայունացում 2.5-3.5% միջակայքում»: Այս 2.5-3.5% աճի հետ կառավարությունը չի համաձայնվում, համարում է, որ այն հավակնոտ է. «Անհրաժեշտ է նշել, թե ինչով է պայմանավորված զբոսաշրջության սպասվող աճը, քանի որ 2015 թվականին (անգամ ցեղասպանության 100-ամյակի հետ կապ­ված) 2014 թվականի նկատմամբ զբոսաշրջիկների թիվը նվազել է 1%-ով, իսկ զբոսաշրջային գործակալությունների գործունեության մասով մատուցված ծառայությունները նվազել են 21%-ով»:

Ֆիննախը  գյուղատնտեսության մասով էլ ներկայացրած ցուցանիշը կասկածի տակ է առնում: Եզրակացության մեջ գրված է.«Գյուղատնտեսու­թյան ճյուղում ավելացված արժեքի կանխատեսումները նախորդ կանխատեսում­նե­րի համեմատ ճշգրտվել են փոքր-ինչ աճի ուղղությամբ: Վերանայման համար հիմք են ծառայել 4-րդ եռամսյակում անասնապահության սպասվածի համեմատ ավելի բարձր աճը, ինչպես նաեւ ոլորտում նկատվող արտահանման ներուժի ավելացումը: Արդ­յունքում, ճյուղի ավելացված արժեքի իրական աճը 2016 թվականին կկազմի 4.2-5.0%»:

Այս ցուցանիշի մասին էլ ֆիննախն ասում է՝ «Այս հատվածի կապակցությամբ կարծում ենք, որ գյուղատնտե­սու­թյան աճի կանխատեսումները փոքր-ինչ գերագնահատված են: Այսպես. 2015 թվա­կա­նին աշնանացանի աճը կազմել է 1.3%, իսկ անասնաբուծության աճը, որի վրա դրվում է հիմնական շեշտը, 2016-ի հունվար-փետրվարին կազմել է 2.0%, ինչը նշանակում է, որ էքստենսիվ գործոնի հաշվին գյուղատնտեսության աճը՝ նշված 4-5% կազմելու փոքր հավանականություն ունի, իսկ ինտենսիվ գործոնի ազ­դե­ցու­թյամբ գյուղատնտեսության աճ կանխատեսելը նախորդ տարվա բարձր բազայի եւ ըն­թացիկ տարում որոշ բնակլիմայական անբարենպաստ զարգացումների պայ­ման­ներում՝  իրատեսական չէ»:

Իսկ «Համախառն պահանջարկ» ենթաբաժնի վերաբերյալ էլ ֆիննախի եզրակցությունը հետեւյալն է՝  «Ներկայացված է, որ ցածր ներքին պահանջարկը կնպաստի տնտեսությունում խնայողությունների եւ ներդրումների միջեւ բացասական ճեղքվածքի կրճատմանը, իսկ այդ գործընթացն էլ ազատ լո­ղա­ցող փոխարժեքի պայմաններում բարձրացնում է ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի մրցունակությունը»:

Իսկ «Համառոտագիր» բաժնում ներկա­յաց­վում է, որ ցածր գնաճը կնպաստի արտաքին մրցունակության վերականգնմանը»: Այս առնչությամբ էլ ֆիննախը նկատում է՝ «Ինչպես ցույց են տալիս 2015-2016 թվականների 1-ին եռամսյակի զարգացումները, ցածր գնաճը նպաստել է մրցունակության վերականգնմանը, բայց ամբողջությամբ չի չեզոքացրել գործընկեր երկրների շարունակվող արժեզրկումը ՀՀ դրամի նկատմամբ, որի մասին է վկայում նաեւ  իրական արդյունավետ փոխարժեքի արժեւորումը»:

Ֆիննախը նկատում է, որ առաջացել են գնաճի ծրագրված ցուցանիշից նվազման ուղղությամբ շեղման նոր ռիսկեր, մասնավորապես, գազի գնի հնարավոր նվազումը  եւ ԿԲ-ն իր ապագա գործողություններում պետք է հաշվի առնի վերոնշյալ հանգամանքները:

Եզրակացությունն ամփոփելով, նշվում է. «Հարկաբյուջետային կար­ճա­ժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերում կառավարությունը նպատակադրում է ԿԲ-ի կողմից ընդուն­ված գնաճի եկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշ, ինչը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաեւ գնաճային սպասումները եւ կնպաստի ներդրումների ու բարեկեցության աճին: Այս կապակցությամբ գտնում ենք, որ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության ծրագրերում պետք է շարունակի հե­տա­մուտ լինել գների կայունության ապահովմանը եւ նկարագրի  դրամավարկային պայմանների այնպիսի գործիքներ, քայլեր եւ հաճախականություն, որոնք ուղղված կլի­նեն թե՛ կարճաժամկետ, եւ թե՛ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակից շեղ­ման ռիսկերի չեզոքացմանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031