Քաղաքացիների մարտունակությունը բարձրացնելու նպատակով հետախույզ Վովա Վարդանովի կազմակերպած հատուկ պարապմունքներին այս օրերին 517 քաղաքացի է դիմել, իսկ թե քանիսն են վերապատրաստվել, պարոն Վարդանովը չցանկացավ նշել, ասաց՝ գաղտնիք է:
Պարոն Վարդանովը դեռ Արցախ չի գնացել, բայց ազատամարտիկների ու պատրաստված երիտասարդների մի խումբ արդեն Արցախ է ուղարկել: Իսկ ինքը Գյումրիում եւ Երեւանում շարունակում է մարզել երիտասարդների, որ մայիսի կեսերից Արցախ հերթափոխի գնան:
«Եթե ապրիլի երկուսի նման անակնկալ բան եղավ, ցանկացած պահի կարող ենք դուրս գալ: Մեզ դիմած բոլոր երիտասարդներին պատրաստել ենք, ու իրենք այլեւս անփորձ կամավորականները չեն»,- ասաց հետախույզը:
Չնայած, որ Արցախ դեռ չի մեկնել, բայց ունի ստույգ տեղեկություններ, որ սահմանին հայկական կողմը լավ պատրաստված է, զգոն. «Բնական է, մարդ պետք է կատարյալ ապուշ լինի, որ չհասկանա, որ եթե թուրքը ընդամենը մեկ ամիս առաջ հարձակում է գործել, մի ամիս առաջ բավականին մեծ մարդկային մոբիլիզացիոն ռեսուրսներ է ոտքի կանգնեցրել ԼՂՀ-ում, բնական է, որ հիմա ավելի պատրաստ ենք, զինվորներն ավելի զգոն են: Որոշ պահեստներում, ոչ մարտական դիրքերի զենքերն արդեն մարտական դիրքերում են:
Կարդացեք նաև
Բնական է, որ հիմա մենք ավելի քիչ ենք խոցելի քան ապրիլի երկուսին»:
Մեր դիտարկմանը, թե ապրիլյան դեպքերի ժամանակ դժգոհել էիք մեր հետախուզական ծառայության աշխատանքից, որ չէին կարողացել նախապես տեղեկանալ ադրբեջանական կողմի նման մասշտաբի հարձակման մասին, ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնանկությունը տեսանելի փոփոխություններ կբերի՞, հետախույզը շարունակեց. «Դա չի երեւա, այդ կառույցի ներսում պետք է լինես, որ տեսնես: Հիմա չի երեւա, մի քիչ ավելի ուշ կերեւա՝ փոփոխություններ կան, թե ոչ: Մի ժամանակ կար որոշակի նախանշաններ, որը ցույց էր տալիս, որ մեր հետախուզությունն աշխատում է 100 տոկոսով, իսկ ինքը պարտավոր է աշխատել 120, 150 տոկոսով, այսինքն, իր ուժերից ու հնարավորություններից անընդհատ պետք է դուրս գա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ