ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը զորակոչիկների սեռաբջիջների պահպանումը երաշխավորելու մասին պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը չի տեսնում:
«Դա շատ լուրջ հարց է ու պետք է շատ լուրջ մոտենալ, բայց չեմ կարծում, որ այս պահին մեզ անհրաժեշտ էր այդ օրինագիծը»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Հիշեցնենք, որ Թեւան Պողոսյանը առաջարկում է պետականորեն երաշխավորել 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունն՝ այդ նպատակով ստեղծված պահպանության բանկում: Ինչը պետք է լուծի պատերազմ գնացող տղաների գենետիկ վերարտադրության խնդիրը, իսկ ավելի կոնկրետ` զինակոչիկների սերունդների շարունակականությունը կերաշխավորի:
Տիկին Աճեմյանից հետաքրքրվեցինք՝ ինչու է կարծում, որ այդ օրինագծի անհրաժեշտությունը չկա, ի պատասխան պատգամավորը որեւէ լուրջ փաստարկ չբերեց. «Կա տեսություն՝ նպատակը արդարացնում է միջոցները, ես երբեք այդ տեսության կողմնակիցը չեմ եղել: Օրինագծին ծանոթ չեմ, չեմ ուզում կարծիք հայտնել, բայց իմ տեսակետը դրական չէ այդ գործընթացի վերաբերյալ»:
Կարդացեք նաև
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ լավ նախաձեռնություն է համարում Թեւան Պողոսյանի ներկայացրած օրինագիծը, բայց. «Չեմ կարող հիմքերը հասկանալ: Թեւանը երեւի շատ երկար է այդ մասին մտածել, հետեւության է եկել: Ես կարող եմ ողջունել այդ գաղափարը, որովհետեւ մեր հերոս տղաները, մեր ազատամարտիկները, իրոք, մեր գենոֆոնդի լավագույն տեսակն են: Երեւի թե այդ առումով արդարացված է այդ մոտեցումը: Ուրիշ առումներով ես չեմ խորացել այդ հարցում ու չեմ կարող ասել՝ որքանով է դա հնարավոր ու որքանով է ծառայելու նպատակին, ինչը հավանաբար հետապնդում է Թեւան Պողոսյանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ