Մայիսի 3-ին «Հայ Արտ» մշակույթի կենտրոնում բացվեց շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ»/ «Quize points de vu» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, ArmSwissBank-ի աջակցությամբ: Ցուցահանդեսը ներկայացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:
Ֆելիչե Վարինին ավելի քան 20 տարի հետազոտում է ճարտարապետական կառույցներ և տարածքներ: Շվեյցարացի արվեստագետի նրբին ներխուժումներն այդ տարածքների մեջ մեծ հետաքրքրության և ուշադրության առարկա են դարձել տարբեր երկրների հանդիսատեսի համար: Արվեստագետի աշխատանքը պարզ տեսանելին դարձնում է իրական վերապրում:
Վարինին, ստեղծագործության առարկա ընտրելով փակ տարածությունները, քաղաքային միջավայրը՝ ուրբան տարածքները, վերջիններիս մեջ ստեղծում է երկրաչափական աբստրակտ ինստալյացիաներ, որոնք առաջին հայացքից հնարավոր է ըմբռնելի չեն դիտողի համար: Սակայն դրանք, անսպասելիորեն մեկ կետում՝ «դիտակետում» կենտրոնացնելով հանդիսատեսի հայացքը, բացահայտում են տվյալ ճարտարապետական կառույցի առանձնահատկությունները:
Կարդացեք նաև
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը բացման խոսքում նշեց, որ շատ ուրախ է՝ ցուցահանդեսը բացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում .«Վարինին հիանալի արվեստագետ է, որը բացարձակապես մասնագիտացված է իր գործում: Վարինին յուրահատուկ է նրանով, որ թղթի կամ կտավի փոխարեն նկարում է ճարտարապետական բաղադրիչների վրա: Նա նկարիչ է, այլ ոչ թե լուսանկարիչ»:
«Մշակութային երկխոսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Անդրեասյանը փաստեց, որ սա երրորդ համագործակցությունն է Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան հետ. «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության առաջին նպատակներից է ոչ միայն հայ արվեստագետների հանրահռչակումը արտասահմանում, այլև օտարազգի արվեստագետների հանրահռչակումը Հայաստանում: Արվեստագետների համար շփումը օտարերկրացի արվեստագետների հետ միշտ կարևոր է, քանի որ նոր տպավորությունների, իմացությունների փոխանակում է: Ծանոթանում են այլ մշակույթների հետ: Այս առումով Վարինիի այցը Հայաստան, կարծում եմ, հայ արվեստագետների համար պետք է անչափ հետաքրքիր լինի: Նա այն եզակիներից է, որ շատ ինքնատիպ ձևով է ստեղծագործում: Որքանով տեղյակ եմ Հայաստանում նման ոճով ստեղծագործելու պրակտիկա չունեն. սա ճանաչողական և ուսուցանող կլինի»:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 13-ը:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ