Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 4-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արթուր Խուրշուդյանի գործով քննությունը: Արթուր Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող զանգվածային լրատվության միջոց «Hetq.am» կայքի ներկայացուցիչ, լրագրող Դիանա Ղազարյանի (լուսանկարում) լիազորությունների իրականացմանը:
Ըստ մեղադրական եզրակացության. «Խուրշուդյանը, լինելով ՀՀԿ-ի վստահված անձ, դեկտեմբերի 6-ին մուտք է գործել ընտրատեղամաս եւ դիտավորությամբ մոտենալով Դիանա Ղազարյանին` պահանջել է դադարեցնել նկարահանումները եւ հեռանալ տեղամասից` խոչընդոտելով նրա լիազորությունների ազատ իրականացմանը»:
Նիստի մեկնարկին պաշտպանական կողմի միջնորդությամբ ներկա լրագրողներին արգելվեց կատարել տեսալուսանկարահանում:
Նիստի ընթացքում Խուրշուդյանի պաշտպանը` Մամիկոն Մանուկյանը, հանդես եկավ միջնորդությամբ` արագացված դատաքննության կարգ կիրառելու վերաբերյալ: Ամբաստանյալ Խուրշուդյանն էլ ասաց, որ համաձայն է իր պաշտպանի առաջարկի հետ եւ իրեն մեղավոր է ճանաչում:
Միջնորդությունը բավարարվեց, եւ ըստ կարգի, դատարանն անցավ մի շարք փաստաթղթերի հետազոտմանը: Ըստ փաստաթղթերից մեկի` Արթուր Խուրշուդյանը նախկինում դատապարտված է եղել, նրա նկատմամբ նաեւ տուգանք է կիրառվել: Նա նաեւ ՀՀԿ գրասենյակներից մեկի պատասխանատուն է:
Դատախազը միջնորդեց, որպեսզի նա տուգանվի 600 հազար դրամի չափով: «Իհարկե, այս պատիժը մեղմ է` հաշվի առնելով, որ հանցագործությունն ուղղված է եղել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, դա հանրորեն վտանգավոր արարք է: Բայց հաշվի առնելով, որ ամբաստանյալն ընդունում է մեղքը, առարկություններ չունեմ»,-ասաց տուժող Դիանա Ղազարյանի ներկայացուցիչը` փաստաբան Գրիշա Բալասանյանը:
Ամբաստանյալի պաշտպան Մանուկյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ պատիժը խիստ է, ամբաստանյալը չունի մշտական աշխատանք. «Խնդրում եմ ավելի մեղմ պատիժ նշանակել, քանի որ նա զղջացել է եւ ընդունել իր մեղքը»:
Դատավորի` ամբաստանյալին ուղղված հարցերից պարզ դարձավ, որ Խուրշուդյանն ունի մշտական աշխատանք, Երեւանի մետրոպոլիտենում աշխատում է որպես ինժեներ, պաշտպանն էլ ներողություն խնդրեց` թերանալու համար:
Նա դատարանին նաեւ խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ Խուրշուդյանն ընտանիք ունի. «Նա ամսական 120 հազար դրամ է ստանում, ոչինչ, ընտանիքը յոլա կգնա, ոչինչ…»,-փոքր-ինչ հեգնական տոնով ասաց պաշտպանը:
Խորհրդակցական սենյակից գալով` դատարանը որոշեց մեղավոր ճանաչել Արթուր Խուրշուդյանին եւ նրա նկատմամբ սահմանել տուգանք` 600 հազար ՀՀ դրամի չափով` գումարը ամսական 60.000 դրամով վճարելու պայմանով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ