Aravot.am-ի հետ զրույցում խոսելով վերջին օրերին ամենաշատը քննարկվող 18 տարեկաններին բանակ տանելու թեմայից, թատերագետ, Մատենադարանի գիտաշխատող Արա Խզմալյանը նշեց. «Այդ քայլը մեր վիճակի լրջությունից է ելնում, երբ չունենք հովանավորներ, լուրջ վստահելի աջակիցներ, մեր հույսը մենք ենք ու մեր տղաները, որ իրենց միջազգային կապերով ու կապիտալով բանակը կարող են զորացնել: Պետք է այլեւս Իսրայելում ապրողի հոգեբանությամբ ապրենք, ինչպես են այնտեղ ամեն վայրկյան պատրաստ պատերազմի, բոլորն անխտիր զինվորական պատրաստություն են անցնում: Սա մեր ճանապարհն է, մենք չենք ուզում այսպես ապրել, բայց հայտնվել ենք մի իրավիճակում, որ պետք պատրաստ լինենք ամեն ինչի: Այնպես որ, պետական օղակների՝ 18 տարեկանից բոլորին բանակ տանելու մտահոգությունը ես հասկանում եմ»:
Ինչ վերաբերում է Իսրայելի հետ զուգահեռներին, պարոն Խզմալյանը մի դիտարկում էլ արեց. «Եթե Իսրայելի օրինակն ենք բերում, ապա պետք է բանակը այնպիսի բարոյահոգեբանական վիճակի եւ հարաբերությունների բերել, որ 18 տարեկանից բանակ տանելը չդառնա սթրես եւ կործանում ե՛ւ անհատի, ե՛ւ քաղաքացիական միջավայրի, ե՛ւ զինվորականի համար: Ինչքան հնարավոր է, պետք է քաղաքացիական միջավայրը կարողանանք մոտեցնել բանակին, բանակը դարձնել մեր առօրյա կյանքի եւ հարաբերությունների կենտրոն: Օրինակ, կարելի է ամեն շաբաթվա վերջին հնարավորություն ստեղծել, որ զինվորները կարողանան հանդիպել ծնողներին, այսինքն` այնքան մոտենան քաղաքացիական կյանքն ու զինվորական ծառայությունը, որ դա շատ չընկալվի որպես զինվորական ծառայություն, չոչնչացնի անհատին, առավել եւս դեռեւս չձեւավորված 18 տարեկանին: Իսկ մենք ի՞նչ ենք անում, վերցնում ենք նոր-նոր ինքնուրույնության հասնող մարդուն կտրում ենք իր առօրյայից եւ ընտանիքից, ընկերական միջավայրից ու անորոշ ժամանակով տանում ենք հարյուրավոր կիլոմետրեր հեռու, մարդուն հոգեբանորեն մատնում ենք անորոշության, մինչդեռ բանակ գնացողը հստակ պիտի իմանա իր հեռանկարը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ