Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը փորձեց լքել նիստերի դահլիճը

Մայիս 04,2016 16:07

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 4-ին դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով  քննությունը:

«Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեց եւս մեկ վկա` Հայաստան Ենգոյանը: Նա դատավորին ասաց, որ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը եղել է իր ամուսինը, վերջինս ճանաչել է իր երեխայի հայրությունը: Այժմ նրանք բաժանված են:

Քանի որ Ենգոյանը համարվում է ամբաստանյալի մերձավոր ազգականը, դատավորը նրան հարցրեց` արդյոք ցանկանո՞ւմ է ցուցմունք տալ: Ամբաստանյալը միջամտեց` փորձելով վկայի հետ կապված ինչ-որ բան ասել, դատավորն էլ ամբաստանյալին ասաց, որ աղմուկ է ստեղծում եւ խոչընդոտում նիստի ընթացքը:

extrasensi-dat

Վկան տեղեկացրեց, որ Մուշեղ Մխիթարյանի հետ 2012թ. ծանոթացել է գրադարանում. «Միասին ապրել ենք, նա ճանաչել է երեխայիս հայրությունը»:

Դատավորի հստակեցնող հարցին, թե ցանկանո՞ւմ է ցուցմունք տալ, Ենգոյանը նշեց. «ասելիք չունեմ ուղղակի»:

Այդ պահին ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը կրկին միջամտեց` ասելով. «Հարգելի դատավոր, նրան արդեն իսկ քննիչի դրդմամբ ասել են…»:

Դատավորը կրկին հրամայեց լռել, ինչին ի պատասխան ամբաստանյալը վրդովված ոտքի կանգնեց եւ ասաց. «Ուրեմն դատը հետաձգեք, ես գնացի…»,-ապա փորձեց դուրս գալ նիստերի դահլիճից, սակայն կարգավարները թույլ չտվեցին:

Դատավորի ձայնը բարձրացավ. «Երբ ես խոսում եմ վկայի հետ, Դուք իրավունք չունեք խոսելու, կարգի հրավիրեք ձեզ, այլապես կհեռացնեմ նիստերի դահլիճից»:

Ամբաստանյալը համառորեն փորձեց ինչ-որ բան ասել, սակայն վերջինիս պաշտպանը` Մարինե Ֆարմանյանը, նրան ասաց. «Մի րոպե սուս, հասկանանք` ի՞նչ է կատարվում»: Դատավորը կրկին զգուշացում տվեց ամբաստանյալին, ապա կրկին դիմեց վկային:

Հայաստան Ենգոյանը կրկին պատասխանեց, որ բան չունի ասելու. «Ինձ քննիչը չի դրդել… Ես իր դեմ ոչինչ չունեմ, իմացել եմ այդ դեպքի մասին: Մենք այդ դեպքից մեկ ամիս առաջ ենք բաժանվել»:

extrasensi-dat-3

Մուշեղ Մխիթարյանը կրկին միջամտեց. «Ասել է` ես եսիմ ինչեր եմ պահանջում կապված երեխայի հետ»:

Դատավորը հերթական անգամ ամբաստանյալին հրամայեց կանգնել, ապա ասաց. «Ձեր վարքագիծը վերանայեք: Մի անգամ էլ չենթարկվեցիք` կհեռացնեմ»:

Այսօրվա դատական նիստին մյուս վկաները չէին ներկայացել: Դատարանը միջոցներ է ձեռնարկել` ճշտելու, թե արդյո՞ք նրանք բացակայում են ՀՀ-ից: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 11-ին, ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ հարցաքննվել էր Անի Մաջնունյանի նախկին ամուսինը` էքստրասենս Գաբրիելը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031