Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում տեղադրված խաչքարի հետնամասում, որտեղ սովորաբար հավաքվում են տաքսու վարորդները, սպանություն է տեղի ունեցել: Որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերքով, բարակ եւ հաստ աղիների վնասվածքով, ներքին արյունահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն էին տեղափոխել 1967 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Աշոտ Է.-ին ու 1966 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ Արթուր Չ.-ն-ին, որի մոտ ախտորոշվել էր լյարդի, երիկամի վնասվածքներ, ներքի արյունահոսություն: Վերջինս մահացել էր: Հիվանդանոց տեղափոխված այս երկու անձինք էլ տաքսու վարորդներ են:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հանցանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի բնակիչ, 1991 թվականին ծնված Հովհաննես Պիճիկյանը, որն, ի դեպ, նախկինում դատված է:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի 3-րդ թաղամասի 6-րդ շենքի դիմաց, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարվել են 1967 թվականին ծնված Աշոտ Էլոյանն ու 1966 թվականին ծնված Արթուր Չախոյանը, որը հիվանդանոցում մահացել է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ