4 մայիսի 2016, Երևան: Հարգելի պարոն նախարար, մայիսի 3-ին հայտարարել եք՝ «Այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման», մինչդեռ ապրիլի 21-ին ասել էիք. «Անհրաժեշտության դեպքում զինվորներին կուղարկենք արտասահման բուժման»: Սույն հայտարարությունն անելիս գիտե՞ք արդյոք, որ Էրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր 19-ամյա երկու զինվորներ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի հետ կապված շատ ծանր վիրավորում և ինչպես ասել է Մուրացանի հոսպիտալի պետ պարոն Ասատուրյանը՝ «որի վերականգնման ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրում»: Այսինքն՝ առնվազն այս երկու տղաները կարիք ունեն արտերկիր տեղափոխվելու: Այս պահին երկուսի ծնողներն էլ խորհրդակցում են արտասահմանյան տարբեր երկրների բժիշկների հետ, որոնց կարծիքով այս տղաների վիճակը կարող է փոխվել, ինչ-որ չափով վերականգնվել, եթե նրանց մեկ օր շուտ դուրս տանեն:
Ձեր հայտարարությունը չի բխում տղաների առողջական վիճակից, չի սփոփում նրանց ծնողներին: Եթե դեռ չեք այցելել, ապա գնացեք, խնդրում եմ, և տեղում տեսեք, թե ինչպես են օր-օրի հյուծվում տղաները: Ի դեպ, գնդակը Արմանի կերակրափողն էլ է վնասել ու տղան չի կարողանում ոչինչ ուտել, լուրջ պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն կա: Ռուբենն էլ ընդհանրապես չի կարող շարժվել: Նկատի ունեցեք, մոտ օրերս ծնողները պետք է դիմեն Ձեզ տղաներին արտերկիր ուղարկելու խնդրանքով, այնպես որ կարող եք արդեն ուսումնասիրել ու այդ նպատակով շատ արագ պատրաստել այս տղաների բժշկական փաստաթղթերը: Ձեր հայտարարությունը կարծես ՀՀ կառավարությանը աչքալուսանք տալու նպատակ է ունեցել, որը ծախս չանելուն է միտված, բայց ոչ պետության ստանձնած՝ վիրավոր զինվորների առողջության վերականգման ու ծնողներին սփոփելու պարտավորությանը:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ