Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. «Տղաները պատմում էին, թե ո՞վ է ժամանակ ունեցել հաց ուտելու կամ ծխելու»

Մայիս 04,2016 12:17

«Բազմազավակ մայրերի խնդիրներով զբաղվող» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը վիրավորված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից: «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում տիկին Հովսեփյանը մանրամասնեց. «Սարսափելի վիրավորված եմ վարչապետից, երբ իրեն ուղղված հարցին ի պատասխան` հայտարարեց օրինական ու անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստության մասին, այնինչ պիտի պատասխաներ, թե ժողովուրդ ջան, անկախ անօրինական, ոչ օրինական լինելուց, այսօր այն օրն է, երբ բոլորս պետք է ներդնենք մեր ունեցվածքը բանակի հզորացման համար»:

Մարգարիտա Հովսեփյանի որդին ներկայումս ծառայում է բանակում: Նա վստահեցրեց, որ որդին ոչ մի գանգատ չունի, բայց առաջին անգամ նամակ է գրել որդուն, որ երբ չկարողանա զանգել, այն գոնե կարդա ու ոգևորվի: Նա նշեց, թե իր որդին գնացել է բանակ անցյալ տարվա ամռանը, երբ օգոստոսյան լարված շրջանն էր, նա զավակին հորդորել է անպայման ծառայել ու իր հարգանքի տուրքը մատուցել զոհված տղաներին:

Մանկավարժ, «Արշակ Դաբաղյանի անվ. Մայր Մանե սոցիալական» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը հայտարարեց, որ պետք է ամեն գնով լինել զինվորի կողքին, աջակցել նրան, քանի որ մենք չունենք տարածք, այլ ունենք հայրենիք: Տիկին Ստեփանյանը նշեց. «Ես ամեն օր առավոտյան և երեկոյան ասում եմ` ներեցեք տղաներ, որ ձեր կողքին չկարողացանք կանգնել, բայց այլևս այդ ներեցեքը չպետք է լինի»:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ Արցախից վերադարձել է օրեր առաջ: Նա տեղեկացրեց, որ, իհարկե, Արցախում խնդիրներ շատ կան, բանակում էլ` բացեր, բայց դրանք միշտ էլ լինելու են, քանի որ պատերազմ է. «Ապրիլի սկզբի օրերին, իրոք, զինվորները չեն ունեցել շատ բաներ: Բայց երբ նրանց հետ խոսում էի, ինձ ասացին, որ իրենց համար երկրորդական է եղել այն հարցը` սնունդ ունեցել են, թե` ոչ: Նրանք զարմանում էին, թե ո՞վ է ժամանակ ունեցել հաց ուտելու կամ ծխելու»:

Սոֆյա Հովսեփյանը հպարտ է, որ այս օրերին ոչ մի մայր չփորձեց Հայաստանից դուրս տանել իր որդուն, ոչ մի կին իր ընտանիքով չլքեց երկիրը: Դա վկայում է այն մասին, որ ցանկացած կին պատրաստ է իր որդու և ամուսնու հետ գնալ պայքարելու: Նա հիշեցրեց հայոց պատմության այն դրվագները, որ ունեցել ենք Սաթենիկներ ու Այծեմնիկներ, ու զուգահեռներ տարավ այսօրվա իշխանավոր կանանց հետ. «Ցավոք, այսօր չունենք նման իշխանավոր կանայք: 21-րդ դարում իշխանավոր կինը միայն պճնամոլի մեկն է, միայն հայ մայրն է, որ տալիս է զինվոր հայրենիքին: Պետք է թարմություն մտցնենք պատմության մեջ, որ չլինի այնպես, թե 17-րդ դարի իշխանավոր կինը պատրաստ էր պայքարի, բայց 21-րդ դարի իշխանավոր կինը միայն պճնամոլ է»:

Սոֆյա Հովսեփյանը միևնույն ժամանակ ուրախությամբ նշեց, որ աղջիկ երեխաների շրջանում բարձրացել է ռազմահայրենասիրական ոգին. 5-6-րդ դասարանի աղջիկները դասամիջոցն օգտագործում են, որ մտնեն ռազմագիտության սենյակ, կրակել սովորեն:

Ազատամարտիկ, գնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանն էլ իր փորձից ելնելով հավաստիացրեց, որ «չորս տարի պատերազմի դաշտում եմ եղել, ուտելը առաջնայինը չէ»: Այնուհետև նկատեց մի օրինաչափություն. «Հայը առանձնահատուկ է նրանով, որ արտագաղթում է, երբ խաղաղ է, ներգաղթում է, երբ պատերազմ է: Հիմա ներգաղթում են այն մարդիկ, որոնք արտագաղթել են խաղաղ ժամանակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031