Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է Al Jazeera հեղինակավոր լրատվամիջոցի հարցերին, եւ անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային մի շարք հարցերի։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, ասել է, որ ինչքան էլ իր երկիրը կողմ լինի միջազգային բանակցություններին, անհրաժեշտության դեպքում, Թուրքիայի ցամաքային ուժերը կներխուժեն Սիրիա. «Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ՄԱԿ-ի կողմից ընդունված մի շարք որոշումներ կան։ Այս պատճառով՝ ելնելով թե´ մեր ինքնապաշտպանությունից, թե´ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, կամ որևէ այլ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու անհրաժեշտությունից, ՄԱԿ-ի այդ որոշումները մեզ համար օրինականություն են ապահովում»։
Վարչապետ Դավութօղլուն խոսել է նաև ռուս-թուրքական հարաբերությունների մասին. «Մենք չենք ուզում որևէ երկրի հետ հակասություն ունենալ, այդ թվում՝ Ռուսաստանի։ Անցյալում մենք լավ հարաբերություններ ունեինք, ցանկանում ենք ապագայում էլ լավ հարաբերություններ ունենալ, բայց եթե խոսք է գնում մեր միջազգային անվտանգության մասին, մենք կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այստեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի տակ ոչ թե Ռուսաստանն է, այլ մենք՝ Թուրքիան»։