Երեկ երեկոյան Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում տեղադրված խաչքարի հետնամասում, որտեղ սովորաբար հավաքվում են տաքսու վարորդները, սպանություն է տեղի ունեցել: Տաքսու վարորդները խմել են այդտեղի բնակիչներից մեկի՝ Հովոյի հետ, այնուհետ վիճաբանություն է ծագել տաքսու վարորդներից մեկի՝ Արթուրի ու այդ Հովիկի մեջ, վերջինս էլ դանակահարել է Արթուրին, որը հիվանդանոցում մահացել է: Դանակահարվել է նաեւ տաքսու վարորդ Աշոտը: Այս մասին մենք տեղեկացանք Շիրակի մարզային ոստիկանությունից:
Գյումրու բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ «Մայիսի 3-ին, ժամը՝ 20:30-ին «Գյումրի» բժշկական կենտրոն են ընդունվել կտրած-ծակած գործիքի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ: 1967 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Աշոտ Է.-ն, որի մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք, բարակ եւ հաստ աղիների վնասվածք, ներքին արյունահոսություն: Հիվանդին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, ներկայում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 1966 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ Արթուր Չ.-ն-ի մոտ ախտորոշվել է լյարդի, երիկամի վնասվածքներ, ներքի արյունահոսություն, որը կյանքի համար եղել է անհամատեղելի: Տուժածը 21:30-ին մահացել է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ