Պատերազմի ուրվականը խուճապային տրամադրություններ է առաջացրել մարդկանց մոտ։ Դրանք ավելի են սրվել Արցախի պաշտպանության բանակի հայտարարությունից հետո, որ սահմանին ադրբեջանական զորքի մեծ կուտակումներ են գրանցվել։ Ապա մեկնաբանություններ հնչեցին, որ հակառակորդը մայիսյան եռատոնին միշտ էլ ակտիվություն է ցուցաբերում, այս տարի այն բացառություն չի լինի։
Երեկ մեկը մյուսի հետեւից ստացվող տեղեկություններից տպավորությունը մեկն էր՝ պատերազմը սարերի հետեւում չէ ու այս անգամ ավելի մասշտաբային է լինելու՝ ընդգրկելով նաեւ ՀՀ սահմանները։ Լուրերից մեկն էլ հենց Տավուշի սահմանային գյուղերի մասին էր, իբր երեկվանից տարհանում են մանկահասակ երեխաներին ու կանանց՝ նախապատրաստվելով մայիսի 9-ին։
Սահմանամերձ ամենավտանգավոր գյուղերից Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը թեպետ տեղեկացրեց, որ վերջին օրերին հակառակորդը կրակել է ոչ միայն դիրքերի, այլեւ գյուղի տների վրա, սակայն վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է, տարհանում էլ չկա։ «Էդպիսի մուտիլովկեք են անում, մարդկանց գցում խուճապի մեջ,- վրդովվեց նա,- Երեւանը պահեք, ստեղ ամեն ինչ լավ կլինի»։
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ ասաց, թե իրենց մոտ ոչ մի կրակոց չկա, ամեն ինչ «խախանդ ա», ապա սկսեց գոռգոռալ, թե՝ «էդ դուք եք խուճապ առաջացնում, մեր ժողովուրդը հանգիստ ապրում է… բոլոր կայքերը գրում են՝ թշնամին զորքը կուտակում է, պատերազմը սկսվում է։ Ւ՜նչ պատերազմ, ի՜նչ զորքի կուտակում»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում