Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մասնագիտական խմբեր է կազմել, որոնք կաշխատեն գաղտնագրված կապի միջոցներ ստեղծելու, անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու, դրանք չեզոքացնելու համար տեխնոլոգիաների մշակման, զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրման, հարձակողական նորագույն զինատեսակների ստեղծման ուղղությամբ: Այդ նախագծի շուրջ կամավորության սկզբունքով արդեն համախմբվել են 32 ընկերություններ եւ 150-ից ավելի մասնագետներ:
Բայց նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ֆինանսական մեծ միջոցներ են հարկավոր, իսկ պետբյուջեից առայժմ միջոցներ չեն նախատեսվում ծրագրին տրամադրելու համար: Ուստի անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով բանկային հաշվեհամար է բացվել, եւ բոլոր այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք ցանկություն ունեն աջակցելու Հայաստանում ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծմանը, կարող են փոխանցումներ կատարել այդ հաշվեհամարին:
Կարեն Վարդանյանը այդ նախաձեռնությունը առաջին քայլն է համարում այն մեծածավալ ծրագրի, որ կոչված է նպաստելու հայկական ռազմարդյունաբերության ստեղծմանն ու զարգացմանը: Եվ եթե մեկնարկը բարեհաջող տրվի, ապա նա լիահույս է, որ այն, ինչ ՏՏ ոլորտի մասնագետներն անում են խանդավառությամբ, մոտ ապագայում պետական ծրագիր կդառնա. «Ռազմարդյունաբերության ոլորտում հսկայական քայլեր է հարկավոր իրականացնել` հաշվի առնելով, որ այն զրոյից ենք հիմնելու եւ զարգացնելու մեր երկրում: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում մեր բացերը շատ են: Բայց դրանք միանգամից եւ մեկ օրում չենք վերացնի:
Ռազմարդյունաբերությունը Հայաստանի համար պետք է դառնա էներգետիկական ոլորտին հավասարազոր մտահոգության առարկա, եւ այդ ոլորտում նույնպիսի քայլեր պետք է իրականացվեն, որոնք էներգետիկայի բնագավառում են արվում: Պատերազմական երկիրը պետք է սեփական ռազմարդյունաբերությունն ունենա:
Կարդացեք նաև
Իսկ մինչ այդ պետք է արագ լուծումներ գտնենք, որոնք հնարավորություն կտան սահմանին այժմեական խնդիրներ լուծել: Օրինակ, հակառակորդի ԱԹՍ-երի հայտնաբերման եւ ոչնչացման համակարգ ստեղծենք կամ սահմանը առավելագույնս վերահսկելի դարձնելու մեխանիզմներ մշակենք, որպեսզի մեր զինվորներին պաշտպանենք թշնամու դիվերսիոն հարձակումներից:
Մենք չենք կարող մի քանի օրում իսրայելական արտադրության ԱԹՍ-երի նման սարքեր ունենալ, սակայն կարող ենք ինչ-որ ժամանակավոր հակազդման մեխանիզմներ մշակել, որպեսզի մի քանի տարվա մեջ ունենանք ինքնապաշտպանության ժամանակակից եւ համարժեք միջոցներ:
Պաշտպանության նախարարության հետ ՏՏ ոլորտի մասնագետների համագործակցությունն առայժմ այդ նպատակին ենք ծառայեցնելու: Որից հետո ավելի հիմնարար խնդիրներին կանդրադառնանք»:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում