Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր առաջնահերթություններ

Մայիս 04,2016 10:00

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ` ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպելու։ Թե՛ այդ քայլը եւ թե՛ դրանից առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Նրանք, ովքեր պարտադիր ցանկանում են ամեն ինչում բացասականը տեսնել, հայտնում են իրենց «հիմնավոր» կասկածները՝ ընդհուպ մինչեւ «հուշում, թե ինչպես է պետք Ղարաբաղը հանձնել»: Այդ կասկածներն, իմ կարծիքով, մանր, ճղճիմ, քաղքենիական խոսակցությունների շարքում են, որոնք միշտ էլ կային, բայց այս օրերին առավել անպատեհ են թվում:

Այստեղ տեղը չի քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի անցած ուղու դրական եւ բացասական կողմերը: Կարճ կրկնեմ մի անգամ արտահայտած միտքս. այդպիսի նախագահ մենք դեռ չենք ունեցել, այդպիսի ընդդիմադիր (խոսքը նրա` մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ը ընդդիմադիր գործունեության մասին է)` լիքը ունեցել ենք եւ դեռ կունենանք: Բայց ապրիլին վերսկսված ակտիվ մարտական գործողություններից հետո առաջին նախագահի եւ ՀԱԿ-ի կեցվածքը, կարծում եմ, օրինակելի է մյուս քաղաքական ուժերի համար:

Ցանկացած մարդու, քաղաքացու համար կան առաջնահերթություններ, որոնք նա ցուցադրում է ամեն օր եւ ամեն վայրկյան, բայց դրանք հատկապես ցցուն են դառնում ծայրահեղ, «սահմանային» իրավիճակներում։ Մեկի համար առաջնահերթությունը սեփական ստամոքսն է, քսակը, դղյակը, մեքենան, եւ այդպիսիք են մեր իշխանավորների մեծ մասը։ Մյուսի համար դա քաղաքական պայքարն է, որի նպատակները կարող են եւ շատ ազնիվ լինել, իսկ կարող են լինել նաեւ նույն ստամոքսն ու քսակը։ Երրորդը պարզապես սիրում է նստել իրական կամ վիրտուալ «բեսեդկայում» ու դժգոհել՝ կրկնելով ճիշտ եւ սուտ լուրերը՝ ասենք, մեր զինվորներն իբր սոված են, բոբիկ են եւ այլն։ Մտահոգ են մարդիկ, ազգի մասին են մտածում։

Առաջին նախագահի համար առաջնահերթությունը պետությունն է, քանի որ ակնհայտ է, որ հիմա լուծվում է ոչ միայն Արցախի, այլեւ մեր պետության գոյության հարցը։ Նա, իհարկե, իր քաղաքական գործունեության ժամանակ արել է բազմաթիվ ճիշտ եւ սխալ քայլեր, բայց երբեք չի փորձել գողանալ մարդկանց էմոցիաները՝ դարձնելով դրանք քաղաքական կապիտալ։ Կան գործիչներ եւ քաղաքացիներ, որոնք գտնում են, որ հիմա հենց դրա ժամանակն է, եւ դրա համար լավ առիթ է։ Հարգանքս բոլորին, պարզապես արձանագրում եմ, որ կան կյանքի եւ պետության հանդեպ տարբեր մոտեցումներ:

Բոլորն ազատ են իրենց մոտեցումները շարադրել` նաեւ մեր թերթում: Իսկ իմ մոտեցումը (որը ոմանց, գուցե, դուր չի գա), հետեւյալն է` պատերազմ է, եւ ամեն մեկս պետք է անի հնարավորն ու անհնարինը` թշնամու հարձակումից մեր երկիրը պաշտպանելու համար: Մնացածը կարելի է հետաձգել:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . Առաջին նախագահի եւ – հետեւաբար – ՀԱԿի կեցվածքի մասին Խմբագրի հիմնական կարծիքը կը բաժնեմ: Թէ ինչ է կատարվում, ինչ չէ կատարվում այդ գետնի վրայ, երկրորդական է, նիւթի առարկայ դերակատարներից ոեւէ մէկը երեխայ չէ… : Սակայն երեւոյթը ինքնին, պահվածքը, կեցվածքը, ինքնազսպումը, հաշտութիւնը (թեկուզ ժամանակաւոր) ՝ իրոք օրինակելի են, ճիշդ որակումն է: Լիովին դրական, մխիթարական, հաճելի, սփոփիչ եւ խորապէս յուսադրիչ իրադարձութիւն մը եղաւ այս մէկը:

    . Իսկ այն ինչ կը վերաբերի «մնացածը հետաձգելու»… Նոյնիսկ աւելի բաղձալի եւ օգտաշատ կը լինի որ, պատերազմի պատճառով – քիչ մնաց ասենք՝ անոր «շնորհիւ»… -, այդ «մնացածը» ոչ միայն, եղածին պէս, հետաձգվի, այլ այս ներքին «զինադադարի» առիթով, այդ «մնացածը» վերատեսութեան ենթարկվի: Վերաչափավորվի: Որպէսզի այսուհետեւ գոյանան կառուցողական բանավէճեր, հնարաւոր դառնան փոփոխութիւններ, փոխանակ՝ պարզապէս վերսկսին ներազգային ծայրահեղ, անիմաստ եւ բացառապէս քանդիչ բախումները, ներքին պատերազմը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031