Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքեր պատերազմի ու խաղաղության մասին

Մայիս 04,2016 09:01

Տատիկս պատմում էր, որ երբ դեռ շատ փոքր էի՝ երեք տարեկան, ամբողջ մի օր հոգնեցրել եմ նրան տալով շարունակ նույն հարցը՝տատիկ, իսկ ի՞նչ է «պատերազմը»՝ ինքս էլ դեռ ճիշտ չկարողանալով արտասանել բառը: Ու տատիկս՝ Արևմտյան Հայաստանի ջարդերից փախած և Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր անհետ կորած Հարությունի,և դեռ շատ երիտասարդ կյանքից հեռացած Թագուհու միակ աղջիկը չի կարողացել բավարարող պատասխան գտնել երեքամյա թոռան հարցին. «Էհ, երևում է` ես չգիտեմ, աղջիկս, ծնողներիդ կհարցնես» հուսահատված ասել է վերջում:

Ու հիմա, տասնյակ տարիներ անց, այդ նույն հարցը ջրի երես է դուրս եկել ու պատասխան է պահանջում: Այս անգամ ինձնի՛ց: Հիմա արդեն ինքս պատասխան պիտի գտնեմ: Ու սկսած ապրիլից (բայց ետին պլանում դեռ Փարիզի ահաբեկչական դեպքից) գիտակցությունս փնտրում էր…

Իսկապես, ի՞նչ է պատերազմը, ինչո՞ւ պատերազմները երբեք չեն վերջանում: Ովքե՞ր են հորինում պատերազմներ, և ի՞նչն է բոլոր պատերազմների իրական պատճառը:

Ամփոփ եթե ասենք՝ պատերազմների հիմքում միշտ ընկած է տնտեսական շահը: Երբեք գաղափարախոսությունը չի եղել պատերազմների իրական պատճառը: Փոքր ու միջին ազգերը երբեք չեն հորինել պատերազմներ. դրանք միշտ էլ սկսել են տնտեսական ոլորտում հզորները: Մեծ տերություններն են միշտ հորինել պատերազմներ: Ցավալի է, որ փոքր ազգերը միշտ խաբվել են մենաշնորհային ուժ բանեցնող այդ հզորների կողմից:

Այդ ագահ ու «հզոր» ազգերն են ստեղծել ու ստեղծում են ագահ ու արյունարբու առաջնորդներ. նրանք մարդկային եսասիրության ապրող արտահայտությունն են:

Պատերազմներում, ցավալիորեն, հազարավոր, միլիոնավոր մարդիկ են մահանում,որպեսզի հարստանան քչերը: Հաղթելուց հետո անգամ փոքր ազգերի հաղթանակն իրենցը չի: Թողնում են հարցն անավարտ ու չլուծված, որ իշխանության ու շահի աղբյուրը պահպանվի և պետք եղած դեպքում՝ նորոգվի:

Ճիշտ են ասում, որ ազգերն ընդլայնումն են անհատի: Չարը, եսասիրությունը, դաժանությանը, ագահությունը, անկառավարելի մրցակցությունը, որ հիմքն են պատերազմների, գտնվում են անհատի ներսում: Իսկ անհատները շարունակում են իրենց եսասեր, ագահությամբ և ատելությամբ լի գոյությունը – ազգն էլ անխուսափելիորեն լինում է նմանատիպը: Ազգերն են ստեղծում իրենց գլխավորող ղեկավարներին, և ոչ թե հակառակը:

Այժմ խաղաղության մասին: Կան հիմա շատերը, ովքեր ցանկանում են դառնալ խաղաղության ջատագովներ: Հազարավոր, միլիոնավոր դոլարներ են ծախսվում խաղաղության քարոզչության համար. կարելի է կարծել խաղաղությունը քարոզչական հարց է: Դա ուղեղի լվացման հերթական տարածված քայլ է, ինչպես տարածված է փողերի լվացումը: Կա նույնիսկ Խաղաղության Նոբելյան մրցանակ, սակայն խաղաղություն այդպես էլ չի տիրում աշխարհում:

Աբսուրդ է խաբել ինքներս մեզ, թե խաղաղության ջատագովները պատերազմներ ու կոնֆլիկտներ կլուծեն:Աբսուրդ է խաբել ինքներս մեզ, թե այս կամ այն երկրի՝ մեր Ցեղասպանության ճանաչումը կլուծի Հայկական հարցը: Հիմարություն է մտածել, որ մյուս ազգերի, խաղաղասիրական կազմակերպությունների և ջատագովների շնորհիվ մենք ի վերջո կազատվենք պատերազմի ու ցեղասպանության արհավիրքից:

Ինչքան ենք (հիմարության հասնող) միամտությամբ ուրախանում-ոգևորվում հերթական սին որոշումից, մեզ «ընդունելու» ցանկացած ողորմելի բանաձևից, կամ ինչքան ենք (ոչ պակաս հիմարաբար) վրդովվում, հունից դուրս գալիս ինչ-որ մեկի սուտ ու շահարկող մեկնաբանությունից, թշնամու սադրիչ, աշխարհին և ինքն իրեն մոլորեցնող հայտարարություններից:

Քանի դեռ պատերազմի գործոնները շարունակում են գոյություն ունենալ անհատների և ազգերի ներսում, ուրեմն անխուսափելիորեն, միշտ գոյություն կունենան պատերազմներ: Բոլոր չհարձակվելու, զինադադարի պայմանագրերն անիմաստ են, եթե պատերազմի բոլոր գործոնները շարունակում են գոյություն ունենալ:

Իմանալով անցյալը՝ մենք կարող ենք ապագան առանց սխալի գուշակել:

Դրա համար մենք անհետաձգելիորեն պետք է սկսենք հայ ազգի վերափոխման գործընթացը, որը սկսվում է հե՛նց անհատից:Միայն այդպես է հնարավոր վերափոխումը մեր ազգի ու մեր պատմության, ինչպես նաև աշխարհի:

Այո՛, մենք, հայերս, ունենք աշխարհը վերափոխելու այդ հիանալի ներուժը:

Բայց՝ հարաբերական խաղաղության պայմաններում մոռանում ենք: Հերիք է կոնֆլիկտը սրությունը կորցնի, քուն ենք մտնում: Բոլոր անհատական, նաև ազգային թուլությունները վերադառնում են:

Ուրեմն գիտակցաբար ուղղե՛նք մեր ջանքերը մեր անձնական բոլոր հակասություններն ու թուլությունները իսպառ վերացնելուն, որպես անհատ ուժեղանալուն, այլ ոչ թե ինչ-որ մեկից ինչ-որ բան խնդրելուն կամ պահանջելուն, կամ ինչ-որ մեկին, հենց թեկուզ՝ մեր իշխանությանը, քննադատելուն: Մե՛նք ենք, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, ստեղծել ու ստեղծում մեզ գլխավորող ղեկավարներին: Ուրեմն հետ կանգնենք մեղավորներ փնտրելու այդ հարմարավետ, բայց ոչ մի տեղ չտանող սովորությունից: Չի նշանակում մենք դրանով դադարում ենք տեսնել նրանց սխալները, բայց ինքներս ուժեղ լինելով՝ մենք ուժ ենք ստեղծում ամենքս մեր փոքրիկ շրջապատում, և հետևաբար՝ մեր ազգի ներսում:

Զայրույթը, ատելությունը, անհարկի հպարտությունը, ինչպես նաև արտաքուստ անվնաս թվացող՝ ուրիշների վրա հույս դնելու, իրար (թեկուզ արդարացված) քննադատելու, ճիշտ լինելու ցանկությունը, «շնից մազ պոկելու», բամբասելու, մեղավոր փնտրելու, կնոջը դավաճանելու կամ նվաստացնելու, երեխաների վրա ձայն բարձրացնելու, պատասխանատվությունից խուսափելու, ծուլանալու սովորությունը ամեն մեկս իր միջից արմատախիլ անելով՝ մենք ուղղակիորեն կօգնենք մեր երկրին, երեխաներին ու զինվորներին, նաև աշխարհին: Դա է խաղաղության և երկրի ամրության հիմքը:

Այդ հզոր հոգեբանական ուժը բոլոր թշնամիներին հեռու կպահի և ցածրակարգ ագրեսիվ էներգիա ունեցող հարևաններին դեպի մեզ չի ձգի: Այդ ուժը մեզ կտա արժանի ղեկավարներ, ովքեր է՛լ ավելի կուժեղացնեն, կզարգացնեն մեր երկիրը: Այդ ուժը նույնիսկ թշնամիներին կվերափոխի…

Ի՞նչ ենք մենք ուզում: Խաղաղությու՞ն:

Խաղաղությունը ոչ քարոզում են, ոչ խնդրում,ոչ պահանջում և ոչ էլ համոզում: Խաղաղություն ստեղծում է, կամ ավելի շուտ վերագտնում է ամեն մարդ ինքն իր մեջ: Ներքուստ խաղաղ մարդուն և ազգին ոչ այլ ինչ քան խաղաղություն է սպասում:

Խաղաղ լինենք ինքներս մեզ հետ, մեզ սիրողների ու չսիրողների հետ: Խաղաղ լինենք ներսում թե՛ դրսում, ընտանիքում, թե՛ աշխատավայրում, գիշեր, թե՛ ցերեկ:

Միայն մեր զինվորները կռվելու իրավունք ունեն. ֆիզիկական վտանգն այլ կերպ հնարավոր չէ կանխել: Օրինակ վերցնենք մեր քաջ զինվորներից, ովքեր կռվի առաջնագծում անգամ հանգիստ են ու ներքուստ խաղաղ: Դա՛ է նրանց ուժի ու հաջողության գաղտնիքը:

Ինչպես ասել է հանճարեղ Էյնշտեյնը՝ «Ամեն ինչ էներգիա է. Համապատասխանեցրեք ձեր էներգիայի հաճախականությունը այն իրականության հաճախականությանը, ինչին որ ձգտում եք, և կստանաք ոչ այլ ինչ, քան հենց այդ իրականությունը»:

Մենք կանգնած ենք Շեքսպիրյան հայտնի փիլիսոփայական երկընտրանքի առջև՝ «լինել, թե չլինել» -կա՛մ վերափոփոխվում ենք ու փրկում ինքներս մեզ և աշխարհը, կամ՝ նպաստում ենք աշխարհի կործանմանը:

Սա էր պատերազմի ու խաղաղության հարցի ամենահիմնավոր ու կայուն պատասխանը, որ կարծես թե վերջապես գտա՝ շնորհիվ իմաստուն ու բարի մարդկանց, ում գրքերը կարդացի, ում խոսքերից օգտվեցի կամ ոգեշնչվեցի:

Գոհար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Wieneer Zeitung պարբերականի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031