«Ամերիկայի Ձայն». Freedom House կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում վերջերս գրել էր, որ մամուլի ազատությունն անցած 12 տարիների ընթացքում գրանցել է ամենացածր ցուցանիշը, ինչի պատճառը, ըստ զեկույցի, քաղաքական, քրեական ու ահաբեկչական ուժերն են։
Freedom House-ը մասնավորապես առանձնացնում է Եգիպտոսը, որը միայն մեկ տարվա ընթացքում ամենամեծ վայրէջքը կատարած 9 երկրների շարքում առաջինն է։
Ինչպես եգիպտոսցի լրագրող Խալեդ Դավուդն է ասում, երկրի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի կառավարությունը հավատացած է, որ մամուլը պիտի գործի որպես քարոզչական մեքենա։
«Լրագրողները չէ, որ ստեղծում են իրականությունը։ Կառավարության սխալ քաղաքականությունն է, որը տանում է մարդկանց դեպի բողոքի ցույցերի։ Դրա պատճառը մամուլը չէ։ Ու եթե մամուլն անգամ տաներ քարոզչական արշավ, միեւնույն է, Եգիպտոսի ո՛չ տնտեսական ո՛չ էլ քաղաքական խնդիրները չէին լուծվելու», ասում է նա:
Կարդացեք նաև
Ինչպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու աշխատանքի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին է ասում, անցյալ տարվա ընթացքում աշխարհում ավելի քան 7Օ լրագրող են սպանել, 2ՕՕ այլոց՝ բանտարկել։
Նրա խոսքերով. «Այնտեղ, որտեղ ճնշում են ազատ մամուլը, այնտեղ ավելի հանավական են դառնում հակամարտություններն ու պատերազմները։ Այդ երկրներում են ծաղկում կոռուպցիան, եւ ավելի հավանական դառնում՝ լավ կառավարման համակարգի փլուզումներ»։
Համաշխարհային մամուլի ազատության օրը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նշում է, ուշադրություն հրավիրելով նախկինում ձերբակալված ու տանջամիջոցների ենթարկված լրագրողների վրա ու նրանց, որոնց կյանքը ներկայումս էլ շարունակվում է բանտախցերում։
Այս ամենի մասին մանրամասն տեղեկություններ է տալիս HumanRights.gov ինտերնետային էջի «Ազատ մամուլ» հատվածը։
Մամուլի ազատության մասին զեկույց է հրապարակել նաեւ «Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ»-ը, որն անդրադարձել է նաեւ Հայաստանին։ Հայաստանին վերաբերող հատվածում այն կենտրոնացել է հիմնականում «՝Էլեկտրիկ Երեւան՛» շարժմանը՝ հիշեցնելով ցուցարարների ու լրագրողների դեմ կիրառված ջրցան մեքենաները, եւ այն փաստը, որ այդ օրերին առնվազն 14 լրագրող է Երեւանում ստացել մարմնական վնասվածքներ, երբ վերջիններս հաղորդումներ էին պատրաստում ոստիկանական գործողությունների մասին։