Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձորում մի սյուն կար, սյան տակ մի ավել, վերցնում՝ մաքրում էինք»

Մայիս 04,2016 16:00

Հավաքարարը զարմացավ, երբ դատախազը հարցրեց.
«Ինչո՞վ էիք փողոցը մաքրում»

Վկա Մարիետա Հովակիմյանը, որը հրավիրվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատախազ Հ. Մելքոնյանի հարցին պատասխանեց, թե ավելով են մաքրել Կենտրոնի փողոցները:

Նա 13 ամբաստանյալներից ճանաչեց միայն «Կենտրոն մաքրություն» ՓԲ ընկերության պատասխանատու Արթուր Հովհաննիսյանին, որն, ի դեպ, միակն է, որն այս պահին դեռ կալանավորված է: Մնացյալ 12-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Նիստի սկզբին դատարան ներկայացած սնանկության գործով կառավարիչ պարոն Շահբազյանը միջնորդեց, որպեսզի դատարանը թույլատրի իրենց ստանալու այս գործով արգելանքի տակ գտնվող հաշվապահական փաստաթղթերը: Ամբաստանյալ Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը հիշեցրեց, որ կա անջատված մաս, եւ հարցրեց, արդյոք քննիչը փոխանցե՞լ է դրանք հանձնելու իրավասությունը: Մեղադրող Հ. Մելքոնյանը տեղեկացրեց, որ քննիչն անջատված մասով փոխվել է, եւ միեւնույն ժամանակ իր դիրքորոշումը հայտնեց, թե պետք է պարտավորեցնել նոր քննիչին այս փաստաթղթերը հանձնելու պարտավորության մասին գրավոր միջնորդություն կատարելու մասին:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց՝ պարտավորեցնել սնանկության գործով կառավարչին, որ արգելանքի տակ գտնվող ապացույցները բացվելուց հետո դրանք գույքագրվեն, մեկ օրինակը տրամադրվի դատարանին, իսկ քննիչի գրավոր միջնորդությունն էլ լինի նրանց մոտ:

Kentron_maqrutyun-1

Դատարան էին ներկայացել տասից ավելի վկաներ:

Առաջինի՝ Ինգա Կալոյանի վկայությունը դատարանում մի քանի նախադասությունից հետո ընդհատվեց, քանի որ վկան ռուսախոս էր եւ խոսակցական լեզվին անգամ չէր տիրապետում: Նրա հաջորդ դատակոչի ժամանակ կլինի թարգման:
Հետաքրքիր էր, որ ազգությամբ եզդի վկաներին թարգմանով ապահովելու խնդիր երբեք չի առաջացել, եւ դատարանը հնարավոր փակուղու առաջ կկանգնի, երբ նման խնդիր առաջանա: Դատական նիստից հետո եզդիներից յոթը չկարողացան ինձ եզդիերեն ասել, թե պաշտպան կամ իրավաբան ինչպես է: Մի վկա էլ՝ Շիրին Թամոյանը զանգեց իր հարազատին՝ զանգ ընկերոջը, որն ասաց՝ «իրավունքի օգնական» եզդիերեն «ալիքարեմն» է, իսկ «դատապաշտպան»՝ «նհամ»:

Վկա Աննա Ալեքսանյանն ամբաստանյալներից որեւէ մեկին չէր ճանաչում: Նա իր անձնագիրն ու սոցիալական քարտը տվել է սկեսուրին՝ Անահիտ Սարգսյանին, որն աշխատել է ամբաստանյալ Սամվել Եղոյանի բրիգադում: Բրիգադիրի անունը նա նշել էր նախաքննության ժամանակ, մինչդեռ դատարանում չհիշեց այդ մասին: Ըստ նրա էլ, սկեսուրը որպես երկրորդ աշխատատեղ ստացել է 80 000 դրամ գումար:
Վկա Մարիետա Հովակիմյանն ասաց, թե հեռուստատեսությամբ լսել է աշխատանքի ընդունվելու մասին, չի հիշում՝ որ ալիքով, գնացել է Արթուր Հովհաննիսյանի մոտ, նա էլ հետագայում ասել է, որտեղ պետք է մաքրեին Սվետայի հետ:

Kentron_maqrutyun-2
Որքան հասկացանք, խոսքը Հրազդանի կիրճի մասին էր: Վկան ասաց. «Ձորում մի սյուն կար, սյան տակ մի ավել, վերցնում՝ մաքրում էինք»: Նա որեւէ ղեկավարի չէր տեսել, ենթադրում է, որ իրենց աշխատանքը ստուգվել է. «Ավտո էր անցնում, դանդաղ, երեւի ստուգում էին»: Վկան դատարանում իմացավ, որ իրեն երկու անգամ պարգեւատրել են:
Ավելի խոսուն էր վկա, 35 տարի քաղաքի մաքրությունը ապահոված Շիրին Թամոյանի հարցաքննությունը: Նա իր ամուսնու, հարսի հետ մաքրել է Կորյունի փողոցից Չարենց-Պլանի գլուխ հատվածը: Իր բառերով. «Հեկտարներով մաքրում էինք: Ու երբ եկել է «Սանիտեկը», ամեն ինչ փլուզվեց: Ասում էին Պլանի գլխից մինչեւ Ձկան խանութ պիտի մաքրեք, էշ-էշ թե մաքրեինք, կսատկեինք»:

Ստիպված են եղել մարքել փողոցները. տանը տասնչորս «նաֆար» կար: Ըստ նրա, հարսը չորս ամիս իր հետ աշխատել է, դրա համար գումար չի ստացել, քանի որ ինքը հիվանդ էր: Հետո մինչ ֆիզարձակուրդ գնալը, աշխատել է, ստացել աշխատավարձ:
Աշխատանքի համար վկան ստացել է 81 000 դրամ գումար: Նրանք այդ տարածքը մաքրել են գիշերվա ժամը 3-ից սկսած:

Տարօրինակ բան կատարվեց վկա Ժենյա Մուրադյանի հարցաքննության ժամանակ: Նա հայտնեց, որ ընդամենը Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Չեխովի դպրոցի գետնանցումը մաքրելու համար իրեն պետք է վճարեին 35 000 դրամ:
Քաղաքապետարանի ամբաստանյալ աշխատակիցներից մեկն ասաց, թե գետնանցումը, սահմանված կարգի համաձայն, ավելի թանկ է վճարվել, քան փողոցները; Ըստ նրա, գետնանցման համար 1քմ տարածքը գնահատվում էր 50 դրամ, իսկ նույնքան փողոցային տարածքը՝ 8 դրամ 80 լումա:

Այս վկան չէր էլ հասցրել իր աշխատավարձը ստանալ, քանի որ վեց ամսից հետո հարուցվել էր քրեական գործ, քննիչն էլ բանկոմատի նրա քարտն է առգրավել, իսկ նա հավաքել էր գումարը, որ «շատ լինի», հետո ստանա:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
03.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031