Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնից բողոքում են նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել աշխատել բոլոր թատրոններում»

Մայիս 04,2016 15:30

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն
Գայանե Կարապետյանի մեկնաբանությունները

Օրերս Թատերական գործիչների միության համագումարում ոչ դրական համատեքստում անդրադարձ էր եղել Խորեոգրաֆիայի պետական թատրոնին: Կարծիք էր հնչել, թե այն մի թատրոն է, որտեղ անվանումից բացի՝ ուրիշ ոչինչ խորեոգրաֆիայի հետ կապ չունի:
Հիշեցնենք, որ Խորեոգրաֆիայի թատրոնը 1987թ. հիմնադրել է հայտնի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը, եւ այն տեղակայված է Բայրոնի 5 հասցեում` Պարարվեստի ուսումնարանի եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արանքում: Հիմնադրման օրվանից առ այսօր այն 4-5 տնօրեն է փոխել:

«Առավոտը» զրուցեց թատրոնի ներկայիս տնօրեն Գայանե Կարապետյանի հետ, որը 2010թ.-ից է ղեկավարում այն:

Gayane_Karapetyan_2
«Երբ ես տնօրեն նշանակվեցի, թատրոնը համատեղ աշխատում էր Պարարվեստի ուսումնարանի բազայի վրա եւ չուներ ոչ տարածք, ոչ հնարավորություն, թատրոնին հատկացված էր նախարարության նախկին արխիվի ու Պարարվեստի ուսումնարանի կաթսայատան տարածքը: Մի կերպ բարեկարգեցինք, տարածք ստեղծեցինք, փորձասենյակ, որը հնարավորություն կտա նաեւ ներկայացումներ բեմադրելու»,- ասում է տիկին Կարապետյանը: Ապա հավելում, որ սուղ պայմաններում բեմադրված իր առաջին ներկայացումը՝ «Մաուգլին», մեծ արձագանք է ունեցել, որից հետո տրամադրվել են այլ ներկայացումներ ստեղծելուն:

Տնօրենը նշեց, որ տարածք չունենալու պատճառով խաղացել են Գ. Սունդուկյանի անվան թատրոնում եւ հիմնականում բոլոր առաջնախաղերն այնտեղ են կայացել: «Վերջին երկու տարիներին մշակույթի նախարարության աջակցությամբ մեզ հատկացվեց Պարարվեստի ուսումնարանի դահլիճը: Արդեն ձեւավորել ենք խաղացանկ, այժմ նոր կազմով վերափոխում ենք մեր «Մաուգլի» ներկայացումը, իսկ «Չիպոլինոյի»-ով հունիսի 2-ին Վանաձորում մասնակցելու ենք Հեքիաթի փառատոնին: Ի թիվս այլ ներկայացումների, ունենք նաեւ «Հեքիաթ չար կուզիկի ու մանուկի մասին», «Ճպուռն ու մրջյունը», վերջերս հանձնել ենք նաեւ «Չարի վերջը»: Ներկայումս աշխատում ենք Կարինե Խոդիկյանի պիեսներից մեկի վրա»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Մեր հետաքրքրությանը՝ իսկ որտե՞ղ կարելի է հանդիպել իրենց թատրոնի ազդագրերին, Գայանե Կարապետյանն ասաց, որ այդ հարցով դիմել են Երեւանի քաղաքապետարանին: Իսկ ինչպե՞ս է լուծվում կադրային հարցը:

«Քանի որ թատրոնը ստեղծվել է որպես միջնաբեմ դեպի օպերային թատրոն, այդ պատճառով մեզ մոտ ընդգրկված են պարարվեստի ուսումնարանի սաները, նախկին սաները, ինչպես նաեւ դերասաններ: Պայմանավորվածություն կա, որ Պարարվեստի ուսումնարանի սաներն իրենց պրակտիկան անցկացնեն մեր թատրոնում»,- հայտնեց տնօրենը:

Հարցրինք, թե իր կարծիքով, որտեղի՞ց է տպավորությունը, որ թատրոնի անունը կա, ինքը՝ ոչ: «Երբ ստեղծվել է թատրոնը, երկու-երեք մոնումենտալ ներկայացումներ են արվել եւ դրանք զուգորդվել են անկախության տարիների հետ: Այդ շրջանում որեւէ գործունեություն չկար, այնուհետեւ Մաքսիմ Մարտիրոսյանի առողջությունը վատացավ, ինքը սրտի վիրահատությւուններ տարավ, թատրոնը, բնականաբար, պետք է սկսեր «կաղալ»: Բացի այդ, թատրոնը շենք չուներ, իսկ խորեոգրաֆիա ասելով՝ պատկերացնում ենք, թե ինչ մասշտաբի ու չափի մասին կարող է խոսք լինել: Ամեն դեպքում, 65-70 քմ տարածքով փորձասենյակում էլ հասել ենք նրան, որ կարողացել ենք ձեւավորել խաղացանկ: Թատրոնի «կաղալու» վրա ազդել է նաեւ բազմաթիվ տնօրենների փոխվելը, հավանաբար մարդիկ մտածել են, որ նման պայմաններում թատրոնը չի կարող նորմալ գործունեություն ծավալել»,- ասաց Գայանե Կարապետյանը:

Նրանից տեղեկացանք, որ բոլոր ներկայացումները հիմնականում պետպատվերով են, մի քանիսն էլ թատրոնի արտաբյուջեի հաշվին, մասնավոր հատվածից ոչ մի աջակցություն չի հաջողվել ստանալ: Այլ թատրոնների նման, իրենք էլ տոմսերի իրացման խնդիր ունեն: Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենը տարակուսած է, որ դպրոցներում արգելված է ներկայացումների տոմսեր վաճառելը. «Ուրիշ որտեղ պետք է իրացվեն երեխաների համար բեմադրված ներկայացումների տոմսերը, եթե ոչ դպրոցներում ու մանկապարտեզներում: Չեմ կարծում, որ դրամարկղ դնելու դեպքում հնարավոր կլինի տոմսեր վաճառել այս խցանված քաղաքում, միայն առաջնախաղերի ժամանակ դրանք կարող ենք իրացնել»: Նաեւ հավելում է, որ բարեգործական հիմունքներով խաղացել են մանկատների, «Օրրանի» երեխաների համար:

Ինչ վերաբերում է իրենց թատրոնի հասցեին արված իր համար անհաճո խոսակցություններին, Գայանե Կարապետյանը շեշտում է. «Թատրոնից բողոքում են նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել աշխատել բոլոր թատրոններում, ընդ որում՝ հիմա նրանցից ոմանց աշխատած թատրոնները քարուքանդ վիճակում են»:

Արդյոք այս թատրոնը պահպանե՞լ է իր բուն դիմագիծը որպես խորեոգրաֆիայի թատրոն, թե՞ ավելի շատ մոտ է մյուզիքլայինին: «Սխալ կլինի, որ ասեմ, թե թատրոնը լրիվ խորեոգրաֆիական է, որովհետեւ դրա համար պայմաններ են պետք, խորեոգրաֆիկ ներկայացումներ ունենալը նշանակում է ահռելի գումարներ, մինչդեռ մենք փորձել ենք ուղղակի շունչ տալ մի թատրոնի, որն ի սկզբանե հիմնավորվել է մոնումենտալ խորեոգրաֆիկ ներկայացումներով: Մյուս կողմից էլ, մարդկանց մոտ տպավորությունն այնպիսին է, որ եթե ասում են խորեոգրաֆիկ, անպայման պատկերացնում են բալետային ներկայացումներ: Ճիշտ է, մեր ներկայացումները խորեոգրաֆիկ են, բայց կան նաեւ այնպիսի ներկայացումներ, որ մյուզիքլային ժանրի են, համեմված դերասանների պարերով, քանի որ հնարավորություն չունեինք պարային մեծ խմբեր հրավիրելու»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031