Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային գեղանկարչական սիմպոզիում՝ Մանկավարժականում

Մայիս 04,2016 15:00

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Պլեներ ՀԱՅԱՍՏԱՆ-2016» խորագրով գեղանկարչության միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպել է Կերպարվեստի ամբիոնը: Մայիսի 1-10-ն անցկացվող սիմպոզիումին մասնակցում են 6 երկրից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, Իրանից հրավիրված 16 ճանաչված գեղանկարիչներ, որոնք ձեռնարկի շրջանակներում կմասնակցեն զրույցների, բանավեճերի, կքննարկեն տարաբնույթ խնդիրներ, կիրականացնեն փորձի փոխանակում` վարպետաց դասեր:

Ողջունելով հյուրերին՝ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հույս հայտնեց, որ միջազգային սիմպոզիումը կդառնա ավանդական եւ կանցկացվի յուրաքանչյուր տարի: Հյուրերին ողջունեց ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, հայտնի գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը՝ վստահեցնելով, որ միջազգային պլեների կազմակերպումն աննախադեպ, կարեւոր ձեռնարկ է բուհական համակարգում: Պրոֆեսորի կարծիքով՝ ոլորտի լավագույն նկարիչների մասնակցությունը կնպաստի, որ Մանկավարժականի ուսանողները ուսումնասիրեն նրանց գեղանկարչական վարպետության գաղտնիքները, լսեն մասնագիտական խորհուրդներ, ծանոթանան եւ ծանոթացնեն իրենց ազգային մշակույթին:

«Մեր երկրի համար դժվարին ժամանակներում անգամ հայ ժողովուրդը պատրաստ է հյուրընկալել եւ հիացնել իր մշակույթով»,- նշեց Փարավոն Միրզոյանն ու հավելեց, որ այս տասը օրերին արված նկարները ցուցադրվելու են նախ Հայաստանի ազգային պատկերասրահում, ապա իրենց տեղը կգտնեն Մանկավարժականի թանգարանում:
Բազմաթիվ պլեներների մասնակցած գեղանկարիչները վստահեցրին՝ նման ձեռնարկները մեծապես նպաստում են երկրի հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու, Հայաստանը ճանաչելի դարձնելու տեսանկյունից:

Գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀՊՄՀ-ի ռեկտորին հյուրընկալության համար եւ բուհին հանձնեցին խորհրդանշական նվերներ: Ի դեպ, Անգլիայից ժամանած նկարիչ Օլգա Շիենկոյի նվերն ամենաուրախալին էր հատկապես ուսանողների համար. նրա հրավերով Գեղարվեստական կրթության ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկը հնարավորություն կունենա 10 օրով լինել Անգլիայում, այցելել ցուցադրությունների:

10-օրյա սիմպոզիումը նպատակ ունի հրավիրյալներին ծանոթացնել Մանկավարժական համալսարանի կրթական համակարգին, բուհի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաեւ խորացնել եւ զարգացնել տարբեր երկրների հետ կրթական ու մշակութային կապերը: Ձեռնարկի շրջանակներում կկազմակերպվեն նաեւ այցելություններ Հայաստանի պատմական եւ մշակութային տեսարժան վայրեր՝ ծանոթանալու Հայաստան աշխարհին եւ ավելի մոտիկից զգալու հայ գեղանկարչի ներշնչանքի աղբյուրը: Այցերի ընթացքում նկարիչները կնկարեն համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների՝ ապագա նկարիչ-մանկավարժների հետ, կծանոթանան նրանց ուսումնական գործընթացին, արվեստանոցների պատրաստվածությանը, ներգրավվածությանը կրթական նոր համակարգին:

Սիմպոզիումը կավարտվի Հայաստանի ազգային պատկերասրահում ամփոփիչ ցուցահանդեսով. յուրաքանչյուր հեղինակի մեկական լավագույն աշխատանք կնվիրաբերվի Մանկավարժական համալսարանին:

 
Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
03.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031