Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուլղարահայ ճանաչված փոփ երգիչ Րաֆֆի Բողոսյանը Հայաստանում է

Մայիս 04,2016 14:00

Լուսանկարներում համաշխարհային շոու-բիզնեսի աստղերի կերպարներով պատկերվածը բուլղարահայ փոփ երգիչ Րաֆֆի Բողոսյանն է, որը 2013թ. նմանակել է նրանց ու հաղթել «Մեկը մեկին» հանրահայտ հեռուստաշոուում: Մինչ այդ էլ, 2011թ. Սոֆիայում անցկացված «X Factor»-ում մեր հայրենակիցը շուրջ 3000 մասնակիցներից անցել է եզրափակիչ փուլ եւ ճանաչվել հաղթող: Այսօր արդեն Րաֆֆին ճանաչված երգիչ է Բուլղարիայում: Այս օրերին նա առաջին անգամ այցելել է նախնիների հայրենիք:
«Առավոտը» հանդիպեց Րաֆֆի Բողոսյանի հետ: Մեզ հետ զրույցում 25-ամյա երգիչն ասաց, որ ինքը մասնագիտությամբ մարքեթոլոգ է: 12-րդ դասարանում էր սովորում, երբ ընկերների խորհրդով, նույնիսկ դրդմամբ, մասնակցեց «X Factor»-ի քաստինգին: «Փոքրուց լսում էի աշխարհահռչակ երգիչներին, այդ թվում՝ նաեւ օպերային, օրինակ՝ Պավարոտիին եւ ջանում էի կրկնօրինակել նրանց: Ընկերական, ընտանեկան նեղ շրջանում էլ հաճախ էի երգում…

Հաղթանակը «X Factor»-ում մեծ դեր խաղաց իմ կյանքում: Նախագծում մարզիչս՝ բուլղարացի, այժմ Լոնդոնի Royal օպերայի նվագախմբի կոնցերտմայստեր Վասքո Վասիլեւն էր: Հաղթելուց հետո համագործակցեցի բրիտանացի ճանաչված պրոդյուսեր Թրոյ Միլլերի հետ, ընդ որում՝ իր հրավերով: Մինչեւ անցյալ տարի դարձյալ պայմանագրով համագործակցում էի բուլղարական «Վերջինիա ռեկորդս» ձայնագրման ֆիրմայի հետ, որն իր հերթին համագործակցում է հանրահռչակ «Սոնի մյուզիք»-ի հետ: Այդ ընթացքում ձայնագրեցի 6 երգ, որը վերածվեց նաեւ տեսահոլովակի»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հարցին, թե՝ հիմա ո՞վ է իր պրոդյուսերը, Րաֆֆին պատասխանեց. «Մասնագիտությամբ մարքեթոլոգ եմ եւ չեմ վստահում պոդյուսերներին: Ցանկություն չունեմ ամբողջ մի կյանք ստեղծագործել թելադրանքով, այն է՝ ի՞նչ երգեմ, որտե՞ղ երգեմ, ի՞նչ հոնորարով եւ այլն: Ես իմ պրոդյուսերն եմ եւ արդեն միայնակ աշխատելու արդյունքում, կոնկրետ՝ 6 ամսվա ընթացքում 2 երգ եմ ձայնագրել ու նկարահանել դրանց տեսահոլովակները: Հիմա արդեն երգերիս մեծ մասը գրում եմ ինքս: Գտնում եմ, որ դա շատ ավելի ճիշտ է, քանի որ ոչ մի կոմպոզիտոր չի կարող իմ էմոցիաներն ինձնից ավելի լավ արտահայտել: Կարճ ասած՝ տարբեր հոգեվիճակներում ստեղծածս ստեղծագործությունները դրանք մինի պատմություններ են: Այս պահին էլ աշխատում եմ առաջին ալբոմս թողարկելու ուղղությամբ, ինչը, կարծում եմ, կիրականանա մինչեւ տարվա վերջ: Ունեմ իմ bend-ը եւ շոու բալետը»:

Raffi_Bogosyan-2
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե հաճախակի է հրավիրվում համերգների, որտեղ նույն երեկոյի ընթացքում հանդես է գալիս բուլղարացի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Լիլի Իվանովան, Վասիլ Նայդենովը, երիտասարդ երգչուհի Միխայելա Ֆիլեւան եւ մյուսները: Ռեպլիկին՝ բնականաբար, Լիլի Իվանովան կպահանջի մի քանի զրոներով հոնորար, իսկ ինքը ավելի համեստ կլինի այդ հարցում, Րաֆֆին ասաց. «Աշխարհահռչակ Լիլի Իվանովան այսօր կարող է իրեն թույլ տալ պահանջել, ինչը որ անում է, շուրջ 1 մլն դոլար իր շոուի համար, իսկ միջին սերունդը կամ իմ տարեկիցներս հոնորարի չափը սկսում ենք 1000-ից, թիվը կարող է աճել 25 հազար դոլար: Պատկերացրեք՝ 80-ամյա Լիլի Իվանովան այսօր էլ հիանալի «մարզավիճակում» է»: Երգիչը հավելեց, որ այսօր Սոֆիայի ակումբներում ավելի հաճախակի են փոփ աստղերի ելույթները, քան, ասենք՝ 15.000 հանդիսատես ընդունող Arena Armeez հեղինակավոր դահլիճում: Մանրամասնեց, թե ակումբներում համերգների տոմսերի գները սկսվում են $20-ից, մինչդեռ համերգասրահի միայն վարձակալումն արդեն մեծ թիվ է, իսկ vip տեղերի արժեքը՝ շուրջ $300:
Առաջին անգամ հայրենիքում գտնվող երգիչը տեղեկացված էր, որ «X Factor» նախագիծը Հայաստանում սկիզբ է առել 2010թ.՝ «Շանթ» հեռուստաընկերությունում: Րաֆֆին թեեւ կարճ ժամանակով է Երեւանում, սակայն ցանկություն ունի այցելել «Շանթ» TV, ծանոթանալ իր կոլեգաների ու կոմպոզիտորների հետ: Նա հավաստիացրեց նաեւ, թե բուլղար ժողովուրդը, թե հայ համայնքը տագնապի մեջ են՝ ադրբեջանցիների կողմից վերջին օրերին սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով:
Նա համոզված է, որ ինքը մի օր կներկայանա նաեւ հայ հանդիսատեսին:

Raffi_Pogosyan_3

Րաֆֆի Բողոսյանը՝ Պավարոտիի կերպարում:

Raffi_Pogosyan_4

Միխայելա Ֆիլեւայի հետ:

Հետաքրքրվեցինք, թե Բուլղարիան տարբեր մասնագիտությունների գծով իր քաղաքացի ո՞ր հայերով է հպարտանում: Րաֆֆի Բողոսյանը նշեց հեռուստալրագրող Գեւորգ Գեւորգյանի, բանկիր Լեւոն Համբարձումյանի, էստրադային երգիչ Հայգաշոտ Ագասյանի, բիզնեսմեն Բեդո Տոգանյանի, պրոդյուսեր Մկրտիչ Հալբաջյանի, մեծանուն կոմպոզիտոր Վիլլի Կազասյանի դուստր եւ ջազ երգիչ Հիլդա Կազասյանի անունները:
Րաֆֆի Բողոսյանը հատուկ շեշտեց, որ իր մեծ հայրը, որ Բուրսայում էր ապրում, 1915 թ. ընտանիքով մի կերպ փրկվել է ու հաստատվել Բուլղարիայում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. պրոդյուսեր Մկրտիչ Հալվաջյան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031