Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանն ու ՀՔԾ-ի քննիչը գո՞րծ են սարքում գյումրեցի անօթեւանի գլխին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 03,2016 23:57

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրու բռնցքամարտի դպրոցի մոտակայքում գտնվող թիվ 238/070 տնակի բնակիչ Գագիկ Գասպարյանը ( նա, ի դեպ, երեք տղաների հայր է , որոնցից երկուսին պատրաստվում է բանակ ճանապարհել), ներկայացնելով հետեւյալը. «Մեր տնակի հասցեից ավագ որդիս՝ Մելիք Գասպարյանը, զորակոչվեց բանակ՝ Արցախ, վեց ամիս անց ծառայության ընթացքում հիվանդություն ստանալով, զորացրվեց տուն, սակայն ոստիկանության անձնագրային բաժինը տղայիս չի գրանցում նույն հասցեում ոստիկանության Մուշի բաժնի տեսուչ Էդիկ Ավոյանի տված կեղծ տեղեկատվության պատճառով, որ իբր տղաս նշված տնակում չի բնակվում»:

IMG_3010

Բանն այն է, որ Գագիկ Գասպարյանի որդին բանակում ծանր հիվանդություններ է ձեռք բերել, այլեւս պիտանի չէ ծառայության (փաստաթղթերը մենք ուսումնասիրել ենք, մեր ձեռքի տակ են, սակայն չենք հրապարակում սոսկ այն պատճառով, որ երիտասարդ տղան իրեն շատ վատ է զգում), սակայն հայրը՝ Գագիկ Գասպարյանը, չի կարող նրան տանել զինվորական հոսպիտալ անվճար բուժման, քանի որ ոստիկանության «Մուշ» բաժնի տեսուչ Էդիկ Ավոյանը տեղեկություններ է ներկայացրել անձնագրային բաժին առ այն, որ նրանք փաստացի այդ տնակում չեն բնակվում: Հայրը՝ Գագիկ Գասպարյանը, բողոքով դիմել է Շիրակի մարզի դատախազություն՝ խնդրելով քննել ոստիկանության տեսուչի անօրինական գործունեությունը: Դատախազությունից գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն կարճ ժամանակ անց քննիչ Զավեն Թադեւոսյանը քրեական գործ է հարուցել Գագիկ Գասպարյանի նկատմամբ՝ 333 հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնության մեղադրանքով:

Բանախոսը պնդում է, որ իր հետ առերեսման են կանչել անծանոթ մարդկանց, որոնց ինքը երբեւէ չէր տեսել, նրանք էլ իր հետ ծանոթացել են քննիչի մոտ: Այդուհանդերձ վերջիններս եկել էին ասելու, որ Գագիկ Գասպարյանի ընտանիքն այդ տնակում չի բնակվում: Բացի այդ, ըստ բողոքավորի, առերեսման են կանչել բռնցաքամարտի դպրոցի տնօրենին ու պահակին, որոնք շահագրգիռ են, որպեսզի իր տնակը այդտեղից հանվի, քանի որ ուզում են խաղահրապարակ սարքել ու բազմիցս վիճաբանություն է եղել այդ թեմայով: «Բոքսի մարզադպրոցի տնօրեն Հրաչ Խաչատրյանի հետ բազմիցս վիճաբանել ենք, ինքը ասել է՝ հանեք տնակը, որ կարողանանք բան սարքել, ես էլ ասել եմ՝ ես հերթացուցակում եմ, ինձ տնով ապահովեք, տարածքը քեզ լինի: Ես այդ նույն տարածքում ունեմ ավտոտնակ, ասել եմ բետոնյա կառուցված ավտոտնակ էլ ձեզ կթողնեմ: Ինձ նույնիսկ ասել են, եթե չես էլ համաձայնի տնակդ տանել, մենք կարող եք ոստիկանության տեսուչի հետ բերել կռանը, բռնի ուժով տեղափոխել, դու ոչինչ չես կարողանա անել: Մի խոսքով, երբ քննիչն ինձ առերեսման կանչեց մեր մոտ բաժնում, տեսուչի ուղղորդությամբ մարզադպրոցի տնօրենն ու այդ նույն դպրոցի պահակը երկուսով եկան առերես հարցաքննման, որ հաստատեն, թե մենք տնակում չենք ապրում: Այսինքն, այս մարդիկ շահագրգիռ մարդիկ են, որ իմ տնակը հանվի, բռնցքամարտի դպրոցի տնօրենը չի ժխտել, որ ինքը շահագրգռված է, ու այս ամենն արձանագրվել է առերեսման ժամանակ: Քննիչն ինձ հարցրեց՝ ինչո՞վ է շահագրգիռ կոնկրետ ոստիկանության տեսուչը, ասել եմ, որ նրա երկու որդիները բռնցքամարտի դպրոցում այդ տնօրենի մոտ են պարապում. թե՛ բռնցքամարտի դպրոցի տնօրենին, թե՛ ոստիկանին ձեռնտու են իմ տնակից դուրս գալը»:

Գագիկ Գասպարյանը նաեւ նեղվեց, որ քննիչը, գալով իր տնակ, չի լսել շուրջբոլորն ապրող հարեւաններին, իր տան անդամներին ու կեղծ ցուցմունքների հիման վրա քրեական գործ է հարուցել իր դեմ: Ավելին, խորհուրդ է տվել Գագիկ Գասպարյանին իր վկաներին տանել, հասցնել Երեւան: Ըստ Գագիկ Գասպարյանի, նրանց բոլորին հուզել է այն, թե ինչպես է ինքը համարձակվել բողոք ներկայացնել ոստիկանության տեսուչի դեմ: «Այս ամեն ինչից հետո քննիչն ասում է՝ լավ, կգաս Երեւան, ամեն ինչ լավ կլինի, կլուծենք այդ հարցը: Գնացի Երեւան մի կեպ, քննիչը ինձ նորմալ դիմավորեց, ասեց՝ ինչի՞ ես խառնվել, գործընթաց է, բայց քեզ մեղադրանք եմ առաջադրելու, ասի՝ ո՞նց թե ինձ մեղադրանք ես առաջադրելու, հա էդպես, ասի՝ ինչի՞ հիման վրա, խամաճիկների ներկայացման հիման վրա՞: Ասաց՝ այն, ինչ, որ տեսա, ինձ համար բավարար հիմք է»:

Ի դեպ, ասուլիսին մասնակցող լրագրողներս որոշեցինք տեղում զանգահարել ոստիկան Էդիկ Ավոյանին՝ հետաքրքրվելով, թե ինչի՞ հիման վրա է տեղեկություններ տվել այն մասին, որ Գագիկ Գասպարյանն այդ հասցեում չի բնակվում: Նա շարունակեց պնդել, որ Գասպարյաններն այդ հասցեում չեն բնակվել, որովհետեւ ապրելու պիտանի չէ, նեղ է, եկել են բնակության միայն վերջերս:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչը փոխվեց այդ տնակում, որ եկան բնակության, տեսուչը հստակ պատասխան չուներ: Նա միայն պնդում էր, որ ամբողջ քաղաքը գիտի, թե որտե՞ղ է բնակվում Գագիկն իր ընտանիքով: Իսկ թե որտեղ, պարզվում է՝ խոսքը Գագիկ Գասպարյանի տնակի դիմաց գտնվող կառույցի մասին է, որտեղ բնակվում է նրա հիվանդ մայրը, ու այդ կառույցը Գագիկի ընտանիքի կողմից օգտագործվում է որպես արհեստանոց շորեր ներկելու: Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ մարդը կոմունալ մուծումներ է արել, էլեկտրաէներգիայի, հեռախոսի վարձավճար է մուծել տվյալ հասցեից, ավելին անձնագրերում ֆիքսված է, որ հենց այնտեղ են գրանցված, տեսուչն ասաց, որ Գագիկի իր մոր տանն է բնակվել, որը գտնվում է իր տնակի դիմաց, այնպես որ կարող էր այդ մուծումները ձեռքի հետ անել:

Ինչեւէ, Aravot.am-ն Asparez.am-ի լրագրողի հետ աշխատեց այդ տարածքում՝ ուսումնասիրելու ու հասկանալու, թե ի վերջո՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ: Մենք ուսումնասիրեցինք Գագիկ Գասպարյանի փաստաթղթերը, որով պարզեցինք, որ նա իրականում անօթեւան է, սա հաստատել էր Գյումրու քաղաքապետարանը, ուսումնասիրեցինք նաեւ նրա կոմունալ վճարումների կտրոնները, դրանք տարբեր տարիների էին՝ ներառյալ 2015 թվականը, բացի այդ Գյումրու Բնակարանների սպասարկում ՓԲԸ-ն տեղեկանք է հատկացրել այս ընտանիքի փաստացի տվյալ տնակի հասցեում բնակության մասին: Լսեցինք նաեւ շուրջբոլորի հարեւաններին: Հարեւաններից մեկը՝ Տեփանոսյան Հռիփսիմեն, փաստեց, որ այս տարածքում ժամանակին մոդուլներ են եղել, որտեղ երկրաշարժից անօթեւան մնացած մարդիկ են բնակվել, Գասպարյանների ընտանիքն էլ վաղուց՝ մոտ 20 տարի բնակվում է այդ տնակում:

-մոր-տունը-(2)

-մոր-տունը (1)

IMG_3017 IMG_3026 IMG_3027 IMG_3028 IMG_3030 IMG_3034 IMG_3037 IMG_3052 IMG_3054 IMG_3057

Այս կնոջ ասելով, Գասպարյանների տնակի դիմացի տնակում էլ ժամանակին հրդեհ է բռնվել ու նրանց տարածքն ավելի է նեղացել: Նրա ամուսինը՝ Տեփանոսյան Վաղարշակն էլ ասաց, որ քննիչը իրեն հարցրել է, ինքն էլ պատասխանել է, որ այս մարդիկ 1990-ական թվականներից բանկվում են այս տարածքում, իսկ փողոցի մյուս կողմի շենքում նրա հիվանդ մայրն է բնակվում, որին գնում ու խնամում են: Կողքի հարեւանուհին՝ Լամարա Դավոյանն էլ ասաց, որ Գասպարյանների տղա երեխաները հենց այդ տնակում են ծնվել ու մեծացել են իր թոռների հետ: Մեր հարցին, թե տեսուչը պնդում է, որ այս ընտանիքն այդ տնակում չի բնակվում, այլ բնակվում է դիմացի փողոցում գտնվող մոր տանը, տիկին Լամարան ասաց. «Ի՞նչ է նշանակում մոր տանն են բնակվում, հիմա իմ տղան երկու ամսով Սոխում է գնացել աներոջ տուն, ասենք, որ նա էնտե՞ղ է բնակվում, հա՞, ամոթ է էլի»:

Քիչ անց, երբ տարածքից հեռանում էինք, մեզ նորից մոտեցավ տիկին Լամարան՝ բողոքելով. «Աղջիկ ջան, ստեղ շանը գցես, չի ապրի, կռիսի բաժին ենք դառնում, բայց մի բան խնդրեմ էլի, էդ որ անցած տարի էկան մեզ հանելու, քաղաքապետարանից մի ակնոցներով մարդ կա, եկավ, թե պիտի տարածքն ազատեք, խաղահրապարակ պիտի սարքենք, ինչի՞ մեզ տուն չեն առաջարկում, որտե՞ղ պիտի ապրենք, ուլիցնե՞րը, մի հատ բարձրացրու էլի էդ հարցը»: Այնուհետ մոտեցանք տարածքում գտնվող էլեկտրաենթակայանի աշխատակից Կակոսյան Աշոտին, որը 8 տարի աշխատում է այդտեղ, նա պնդեց, թե գիշերը այս մարդկանց լույսերը միշտ վառվում են ու նրանք հենց այդ տնակում են բնակվում: Մենք եղանք նաեւ Գագիկ Գասպարյանի մոր տանը, որն արհեստանոց է ծառայում այս ընտանիքի համար, նշենք, որ այդ ցուրտ, բետոնյա տունը շատ ավելի վատն էր իր հարմարություններով, քան Գագիկ Գասպարյանի տնակն էր: Բացի հյուրասենյակից, որը քիչ, թե շատ կահավորված էր, մնացածն աղբանոց էր հիշեցնում, նույնիսկ հանված էր վաճառքի: Ի դեպ, այս ամբողջ պատմության մեջ զարմանալին այն է, որ իրավապահ համակարգի աշխատակիցների շնորհիվ տուժում է առանց այն էլ բանակում ծանր հիվանդություն ձեռք բերած երիտասարդ տղան, որն այդպես էլ չի կարողանում բուժվել սոսկ այն պատճառով, որ Վլադիմիր Գասպարյանի աշխատակիցը որոշել է նրան տարանջատել ընտանիքից:

Այս թեմայի շուրջ ակնկալում ենք նաեւ ՀՔԾ ավագ քննիչի պարզաբանումները, արդյո՞ք նա լսել է շուրջբոլորի բոլոր հարեւաններին, որոնց հատ-հատ լսեցինք մենք ու հետաքրքիր է՝ ըստ նրա, Գագիկ Գասպարյանի մոր տունն ավելի՞ հարմարավետ է ապրելու տեսակետից, քան տնակը: Նշենք, որ թե՛ տնակում, թե՛ նման անմխիթար կառույցում ապրելը չի փոխում Գասպարյանների ընտանիքի կարգավիճակը, նրանք անօթեւան են, ու այս օրերին, երբ գյումրեցի երիտասարդները, դռնեդուռ ընկած, մտածում են, թե ինչպես անեն մի ընտանիքի էլ անօթեւանության ճիրաններից փրկեն, մեր ոստիկաններն ու քննիչները այս ակցիային իրենց լուման ներդնելու փոխարեն, ճնշում են անօթեւանին. նրան, որը պատերազմական այս իրավիճակում նախապատրաստվում է Հայոց բանակին զինվոր ուղարկել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031