Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել «Հյուսիսային մարզերի եզդիների միավորում» հ/կ նախագահ Հուսիկ Սերոյանը՝ միջազգային կառույցներից պահանջելով անհապաղ պատժել Հայոց բանակի զինվոր, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատած գազանին պարգեւատրած Ալիեւին: «Երեկ լրատվամիջոցներով մենք տեղեկացանք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պարգեւատրել է այն զինվորին, որը քառօրյա պատերազմի ընթացքում դահիճի նման գլխատել է մեր Քյարամ Սլոյանին՝ Հայոց բանակի զինվոր, ազգությամբ եզդի: Դա բնորոշ է բռնապետին, սրանից մի քանի տարի առաջ Հունգարիայում Ռամիլ Սաֆարովը նենգաբար կացնահարեց քնած մարդուն, ու Ալիեւն ամբողջ աշխարհի աչքի առաջ զինվորական կոչումը բարձրացրեց, ազգային հերոսի կոչում տվեց:
Հիմա հայաստանաբնակ եզդիներս Հայաստանի լրատվամիջոցների միջոցով մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, դիմում ենք աշխարհի բոլոր միջազգային կառույցներին՝ մարդու իրավունքների պաշտպաններին, բոլոր այն կառույցներին, որոնք ի զորու են կանգնեցնելու կամ կտրելու այն դահիճի ձեռքը, որը երկու օր առաջ իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային իր հետեւից գցած պարգեւատրում ու համբուրում է դահիճի ճակատը: Կարելի է պատկերացնել, որ Ալիեւի կինը իրենից բեթար է, որ էդպիսի մարդու հետ ապրում է, եթե մարդկային զգացմունք ունենա, չի կարողանա ապրել: Ալիեւը ոչնչով չի տարբերվում աշխարհի այն մարդկանցից, որոնք եղել են պատերազմի հանցագործներ՝ Սադամ Հուսեյն, Մուբարաք, Ադոլֆ Հիտլեր, ինչո՞վ է տարբերվում:
Չի տարբերվում նաեւ Բեն Լադենից: Ես զարմանում եմ աշխարհի մարդկության վրա, այս մարդուն ոչինչ չի ասում ՝ ձեռքը չի բռնում, չի ասում՝ էս ի՞նչ ես անում, դու հանցագործին ո՞նց ես հերոսացնում: Ամբողջ աշխարհը, միջազգային կառույցներն աչք են փակել նրա վրա, եթե ժամանակին միջազգային կառույցները միջոցներ ձեռնարկեին, երբ որ կացնահարեցին Գուրգեն Մարգարյանին, այսօր նա չէր պարգեւատրի մեկ այլ հրոսակի, մեկ այլ տականքի, որը պատերազմի ժամանակ վիրավոր զինվորին գլխատում է, նկարում է ու դառնում է ազգային հերոս: Ահաբեկչություն է սա, նրանք ոչնչով չեն տարբերվում իսլամական պետությունից:
Կարդացեք նաև
2014 թվականին Հյուսիսային Իրաք մտածները նույն ազերիներն են, որոնց վերապատրաստում են Թուրքիայում, ուղարկում այնտեղ, որոնք սպանում, կոտորում են, վեց հազար հղի կանանց ու աղջիկների տարան ստրկավաճառության: Ոչ ոք ոչինչ չի ասում, աչք է փակում այս ամենի վրա: Մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, դիմում ենք աշխարհի բոլոր հումանիտար կազմակերպություններին, որոնք ի զորու են. ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, որպեսզի կանգնեցնեն էդ մարդուն, հերիք չէ՞ մարդասպանին հերոսացնի, դարձնի ազգային հերոս, առանձնատուն պարգեւի»,- վրդովված էր Հուսիկ Սերոյանը:
Բանախոսն ասաց, որ եզդիները մոտ մեկ հազարամյակ ապրել են հայ ժողովրդի հետ, միշտ եղել են հայ ժողովրդի կողքին, հայն էլ միշտ կանգնել է իրենց կողքին, Հայոց բանակի զինվորին գլխատելը դեմ է մարդկության չափանիշներին, միջազգային բոլոր կոնվենցիաներին: «Պատերազմը պատերազմ, հասկացանք, դիմում ենք աշխարհի բոլոր գերտերությունների նախագահներին, բոլոր միջազգային կառույցներին, թող բռնեն Իլհամ Ալիեւ չարագործի ձեռքը, սրան պետք է պատժել, ինչպես պատժեցին Մուբարաքին, Սադամ Հուսեինին ու մնացած հանցագործներին, դրանք ահաբեկիչներ են: Ես զարմանում են նրանց քաղաքացիների վրա, ինչպե՞ս են հանդուրժում այդպիսի նախագահին, ուղեղիս մեջ ոչ մի տեղ չի տեղավորվում: Կոչ եմ անում աշխարհի բոլոր երկրներին տնտեսական պատժամիջոցներ կիրառել էդ երկրի նկատմամբ, իրենք հարձակվում են, իրենք սպանում են, իրենք մտնում են գյուղ, ծեր մարդկանց ականջ են կտրում, հետո ասում են Հայաստանն է ագրեսոր, Հայաստանն է հանցագործ, մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով հարցը լուծել: Այսօր երկերեսանի դիվանագիտություն են տանում, սա ի՞նչ բան է»:
Բանախոսն ասաց, որ եզդիների 5 հասարակական կազմակերպություններ արդեն իսկ գրավոր բողոքներ է ուղարկել միջազգային կառույցներին՝ Եվրամիության հայաստանյան գրասենյակ, մարդու իրավունքների միջազգային պաշտպաններին: «Մենք եղել ենք ու մնում ենք Հայաստանի քաղաքացի, Հայաստանը մեր օջախն է, մեր տունն է, մեր հայրենիքն է, մենք թույլ չենք տա թուրքի ոտքը ստեղ մտնի: Մեր զինվորները միշտ էլ ծառայել են, չենք ունեցել դասալիքներ, 2-3 ամսվա ընթացքում 2-3 հոգի են զոհվել, պատերազմ է, եզդիների արյունը հայից ավելի կարմիր չէ, եթե թուրքը մտավ ներս, չի հարցնի Հուսիկ Սերոյանը եզդի է, նա հայ է, մեզ ավելի շատ կկոտորեն»:
Բանախոսն ասաց, որ եզդիները կամավորական ջոկատներ են կազմել հայրենիքը պաշտպանելու համար, Հայաստանը իրենց հայրենիք է, հայ ժողովուրդը երբեք իրենց չի տարանջատել իրենցից: Եզդի տղաները 1988 թվականի ղարաբաղյան շարժման ժամանակ էլ մասնակցել են: «Ոչ ոք մեզ չի ստիպում, չի ասում առաջին գիծ պիտի գնաս, դա բնորոշ է ադրբեջանցուն, ազգային փոքրամասնություններին առաջին գիծ մղելը, մենք մեր կամքով մեր տունն ենք պաշտպանում, հայ ժողովուրդը խտրականություն դնող չէ: Ես շատ եմ կարդացել հայ գրողներին, չեմ հանդիպել նման մի պատմության, որ հայն ու եզդին թեկուզ կենցաղային հողի վրա վիճեն, չի եղել նման բան»:
Հայաստանում բնակվում են 43 հազար եզդի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ