Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդեվազ գյուղի բնակիչներին մերժել են ապահովագրել Ամուլսարի ծրագրի ռիսկերից

Մայիս 03,2016 17:55

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում տեղի ունեցավ բնակիչների և Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի (CAО/IFC) թիմի հանդիպումը, ովքեր եկել են Հայաստան՝ հետաքննելու IFC-ին ուղղված Ամուլսարի ոսկու և արծաթի բաց հանքավայրի ծրագրի սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության չափանիշների անհամապատասխանության վերաբերյալ բողոքները: Բողոքները ներկայացրել են Գնդեվազ գյուղի բնակիչները, բնապահպանական հասարակական կազմակերպությունները, «կանաչ» քաղաքացիական նախաձեռնությունները և առանձին փորձագետներ:

Հիշեցնենք, որ IFC-ն ոչ միայն Ամուլսարի ծրագրի ներդրող է, այլ նաև «Lydian International» ընկերության 7.9% բաժնետոմսերի սեփականատեր, որն՝ ի դեմս իր դուստր ձեռնարկության՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի, իրականացնում է Ամուլսարի ծրագիրը: IFC-ի Օմբուդսմենի գրասենյակն իր հերթին հիմնավոր է ճանաչել ներկայացված բողոքները:

Գնդեվազ գյուղում բնակիչները ԷկոԼուրին հայտնեցին, որ «Գեոթիմ» ընկերությունը սկսել է քննարկումներ անցկացնել նոր ծրագրի վերաբերյալ: ««Գեոթիմ»-ի ներկայացուցիչները հանդիպեցին մեզ հետ դեկտեմբերի 17-ին /2015 թ./ և ասացին, որ ծրագիրն ամբողջությամբ պատրաստ չէ, բայց իրենք ուզում են խոսել մեզ հետ: Իրենց մենեջերի՝ Բնապահպանական ու սոցիալական հարցերով կառավարիչ Արմեն Ստեփանյանի հետ մենք պայմանավորվեցինք, որ կգրենք՝ ինչ ձեւաչափով ենք ցանկանում անցկացնել նոր լսումները: Մենք նամակ ուղարկեցինք «Գեոթիմ»-ին, որտեղ ասված է, որ հանդիպումը պետք է անցկացվի կլոր սեղանի շուրջ և անպայման ԶԼՄ-ների ներկայությամբ:

Արմեն Ստեփանյանը հարցրեց՝ ինչի համար են մեզ պետք ԶԼՄ-ները: Ես պատասխանեցի, որ դա գլխավոր պայմանն է, որպեսզի մեր համայնքը, մեր ժողովուրդը, բոլորն իմանան՝ ինչի մասին ենք խոսելու և պայմանավորվելու, որպեսզի ապահովվի թափանցիկություն: Նաև ասված է, որ պետք է մասնակցեն Սևանա լճի հարցերով հանձնաժողովից ու բնապահպանության նախարարությունից այն փորձագետները, ովքեր ստորագրել են ծրագրի վերաբերյալ դրական եզրակացության տակ…Մենք պահանջեցինք, որպեսզի բոլոր ռիսկերը՝ ջրի, հողի, այգիների, կենդանիների, մարդկանց առողջության հետ կապված, ապահովագրվեն…Պատմականորեն մեր գյուղը զարգացել է մեկ ուղղությամբ, այն ուղղությամբ, որտեղ հիմա պետք է կառուցեն ցիանային ֆաբրիկա: Մեզ մոտ մի կողմից կիրճն է, մյուս կողմից՝ Ջերմուկը, իսկ երրորդ կողմից՝ Ամուլսարն է: Եվ դրա համար մենք տնկել ենք մեր այգիները, կառուցել տներ՝ ձգվելով ճանապարհի երկայնքով: Հիմա ես չեմ կարող նոր տուն կառուցել տղայիս համար, ոչ ոք չի ցանկանա կառուցել այնտեղ, որտեղ ցիանային ֆաբրիկան է…20-25 օրից «Գեոթիմ»-ից պատասխան ստացանք, որ պահանջները նրանք կդիտարկեն այն դեպքում, եթե դրանք ներկայացվեն գյուղապետարանի կողմից: Գյուղապետին մենք էլ չդիմեցինք, քանի որ նման պահանջ իրենք չէին ներկայացնի, իսկ իրենց հետ վիճելուց արդեն հոգնել ենք…», – ասացին Գնդեվազի բնակիչները:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031