Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը, Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, խմբակցության անդամներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը, ՀՅԴ փորձագետ Քաջավան Նուրիջանյանը հանդիպել են ՄԱԿ-ի փորձագետներ Ռուման Շպակի, Զորան Տրայկովսկիի եւ Դեն Մալինովիչի հետ:
Հյուրերի խնդրանքով խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին, խոսել են ընտրական գործընթացներում առաջարկվող փոփոխությունների մասին:
Թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն իրենց մոտեցումներն ու մտահոգություններն են ներկայացրել մասնավորապես ընտրացուցակների մաքրման եւ ճշգրտման, էլեկտրոնային համակարգով ընտրողի գրանցման, մատնահետքերի թանաքոտման եւ դրա հետագա օգտագործման, քաղաքացիների կողմից ընտրություններին մեկ միասնական փաստաթղթով մասնակցության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ընտրական գործընթացներում ՄԱԿ-ի հնարավոր մասնակցությանը, մասնավորապես օժանդակության ցուցաբերման հարցին:
Կարդացեք նաև
Հյուրերը նշել են, որ Հայաստանից վերադառնալուց հետո պատրաստելու են ներքին օգտագործման համար զեկուցագիր, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի եվրոպական հարցերով ընդհանուր քարտուղարի տեղակալին:
ՀՀ ԱԺ