Aravot.am-ը Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոից հետաքրքրվեց, թե այսօր Բրազիլիայում ներքաղաքական լարված վիճակը կարո՞ղ է խանգարել օլիմպիական խաղերի՝ բնականոն հունով ընթացքին:
«Նախագահը մի բան է արել, որը դեմ է օրենքին, Բրազիլիայի սահմանադրությանը: Այս մասին որոշ մարդիկ ասել են եւ ներկայումս գործընթաց է սկսվել նախագահի դեմ: Ապրիլի 15-ին ստորին պալատն այդ հարցը քննարկել է եւ որոշել, որ նախագահի դեմ այդ մեղադրանքը իրավացի է: Հաջորդ քայլը նախագահի իմպիչմենտն է: Բայց վերջնական որոշումը պետք է կայացվի մայիսի 12-ին՝ սենատում: Եթե սենատն էլ համաձայնի, ապա, ըստ երկրի սահմանադրության, նախագահի լիազորությունները վեց ամսով կդադարեցվեն եւ փոխնախագահը կստանձնի երկրի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները: Քանի որ նախագահի հետ եւ նախագահի դեմ քաղաքական ուժերի տարանջատում կա եւ եթե սենատը նման որոշում կայացնի, կլինի նոր կառավարություն եւ այդ նոր կառավարությունը կստանձնի բոլոր այն իրավասությունները եւ պարտավորությունները, որոնք ունի ներկայիս կառավարությունը», – մեկնաբանեց դեսպանը:
Պարոն Էդսոն Մարինյո Դուարտե Մինեյրոյի համոզմամբ այս գործընթացները չեն խանգարի օլիմպիական խաղերի բնականոն հունով անցկացմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ