Լրահոս
Օրվա լրահոսը

21 տուժած լրագրող ու օպերատոր… եւ ոչ մի մեղադրյալ

Մայիս 03,2016 17:34

Տասը ամիս է անցել 2015 թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում եւ հարակից տարածքներում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների կողմից ֆիզիկական բռնություններ կիրառելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությունը զանգվածաբար խոչընդոտելու աղաղակող դեպքերից։ Այդ օրը տուժեցին տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցներ՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ։

Դեպքերից 10 օր անց՝ հուլիսի 3-ին, Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ («Պաշտոնեական լիազորություններն անցնելը») և 164-րդ («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը») հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») հոդվածի 1-ին մասով հարուցվեց քրեական գործ:

Մայիսի 3-ին լրանում է այս քրեական գործի տասը ամիսը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի գրավոր հարցումներին ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնել են, որ հարցաքննվել են ԶԼՄ-ների 21 ներկայացուցիչներ, որոնցից 20-ը տուժող են ճանաչվել։ Բայց զավեշտալին այն է, որ այսքանից հետո ոչ մի մեղադրյալ կամ գոնե կասկածյալ չկա։

Հիշեցնենք, որ ծավալուն այս գործը առաջին երկու ամիսների ընթացքում քննում էր ընդամենը մեկ քննիչ։ Եվ միայն ԽԱՊԿ-ի միջնորդությունից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ցուցում տվեց ՀՔԾ-ին՝ ձեւավորել քննչական խումբ։

Քննչական խումբը ձեւավորվեց, բայց գործը դոփում է տեղում։ Հունիսի 23-ի դեպքերից տուժած լրագրողներն ու օպերատորները վերջին անգամ հրավիրվել են ՀՔԾ մոտ վեց ամիս առաջ, այն էլ՝ քննչական խմբի կազմավորման մասին տեղյակ պահելու եւ փորձաքննության եզրակացություններին ծանոթացնելու համար։ Մինչ օրս չի եղել առերեսում, ըստ այդմ՝ չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ։

Լրագրողներից շատերը խոստովանում են, որ ՀՔԾ-ն այնքան վաղուց իրենց չի հրավիրել հարցաքննության, որ նույնիսկ մոռացել են այս գործի մասին։ Քննչական խմբի ձեւավորումից հետո միակ առաջընթացն այն է, որ վերջապես ՀՔԾ են հրավիրվել նախորդ 9 ամիսների ընթացքում անտեսված, երբեւէ չհարցաքննված «1in.am» լրատվական կայքի նախկին աշխատակիցներից երկուսը՝ օպերատորներ Գոռ Հովհաննիսյանը եւ Հովսեփ Հովսեփյանը։ Առաջինը տուժող է ճանաչվել, երկրորդն ինքնակամ հրաժարվել է այդ կարգավիճակից։

Գործում ներգրավված լրագրողներն ու օպերատորները համոզված են, որ նախաքննությունը միտումնավոր է այսքան ձգձգվում՝ գործը կոծկելու, մոռացության մատնելու նպատակով։ «Ցանկության դեպքում վաղուց այն ավարտին կհասցվեր։ Հիմա արդեն արդիականությունն էլ է կորել։ Դեպքերից անցել է 10 ամիս, ու եթե ինձ նույնիսկ հրավիրեն առերեսման, ես հաստատ չեմ ճանաչի այն անձանց, ովքեր բռնություն են գործադրել իմ նկատմամբ ու խոչընդոտել են մասնագիտական գործունեությունս», – ԽԱՊԿ-ի հետ զրույցում նշեց «Panarmenian.net» կայքի լրագրող Նիկոլայ Թորոսյանը։

Նույն կարծիքին է նաեւ «Lragir.am» կայքի թղթակից Թեհմինե Ենոքյանը։ Ըստ նրա՝ ՀՔԾ-ն իր դանդաղ աշխատաոճով փորձում է գործը «լղոզել». «Հունիսի 23-ի տեսանյութերում պարզ երեւում է՝ ովքեր ինչ գործողություններ են անում։ Այդուհանդերձ, մինչև հիմա չի եղել նույնիսկ առերեսում։ Մյուս կողմից, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այն լրատվամիջոցները, որոնք ստացան տեխնիկական փոխհատուցում, այլևս չեն բողոքում։ Որոշ լրատվամիջոցների էլ իսկապես հաջողվեց լռեցնել։ Խոսքը, մասնավորապես, «1in.am»-ի մասին է, որի խմբագիր Արման Բաբաջանյանը հորդորել էր օպերատորներին չբողոքել, չներկայանալ ՀՔԾ, արդյունքում նորից ականատես եղանք նույն ձեռագրին. օրեր առաջ՝ մեկ այլ ցույցի ժամանակ, ոստիկանները կրկին նույն լրատվամիջոցի տեխնիկան վնասեցին, խոչընդոտեցին նույն լրատվամիջոցի օպերատորի մասնագիտական աշխատանքը»։

Այս գնահատականի առնչությամբ ԽԱՊԿ-ը զրուցեց նաեւ «1in.am»-ի խմբագիր Արման Բաբաջանյանի հետ, ով, հերքելով լրագրողի ասածը, նշեց. «Ես չէի կարող հորդորել օպերատորներին չներկայանալ ՀՔԾ, քանի որ հունիսի 23-ի դեպքերից մեկ շաբաթ անց ես նրանց հեռացրել եմ աշխատանքից։ Հուլիսից նրանք այլեւս չեն աշխատել «1in.am»-ում։ Իսկ եթե նրանք այլեւս իմ աշխատակիցները չէին, ես իրավունք չունեի նրանց ինչ-որ բան հորդորելու»։ Ինչ վերաբերում է «1in.am»-ի օպերատորների աշխատանքը կրկին խոչընդոտելու, նրանց տեսախցիկները կոտրելու փաստերին, Արման Բաբաջանյանը տեսակետ հայտնեց, որ ոստիկանությունը հավատարիմ է մնացել իր արատավոր գործելաոճին։ «Այս անգամ մենք դիմելու ենք բոլոր քայլերին։ Անհրաժեշտ է նախ բարոյական մասն ապահովել. ոստիկանապետը պետք է հրապարակային ներողություն խնդրի «1in.am» լրագրող Սիրանուշ Պապյանից՝ ապրիլի 24-ին նրան վիրավորելու համար։ Իսկ օպերատորների աշխատանքը խոչընդոտելու եւ տեսախցիկները կոտրելու առումով դիմելու ենք դատարան՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ոստիկանությունից առաջարկել են փոխհատուցել տեսախցիկների գումարը, սակայն մենք հրաժարվել ենք։ Նրանց բարի կամքի ժեստերը մեզ հարկավոր չեն», – ասաց Արման Բաբաջանյանը։

«Ոստիկանության ձեռագիրը փոխվել է, բայց ոչ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած ձեւով», – ԽԱՊԿ-ի հետ զրույցում նշեց «iLur.am» կայքի նախկին լրագրող, գործով տուժող ճանաչված Հակոբ Կարապետյանը։ – Մարսելով իրենց արարքները, ոստիկանության ներկայացուցիչներն ավելի անբռնազբոս են դարձել իրենց գործողություններում, այն աստիճան, որ արդեն ոստիկանապետն ինքն է անձնական վիրավորանք հասցնում լրագրողին…»։ Ինչ վերաբերում է հունիսի 23-ի գործին, ապա լրագրողի խոսքով՝ ՀՔԾ-ն հանրային հետաքրքրությունը մարելու միջոցով գործը կոծկելու կամ կիսատ-պռատ արդյունքի հասնելու միտում ունի:

Անցած տասը ամիսների ընթացքում դեռ չի հնչել գեթ մի հրապարակային կարծիք, որում հավատ լիներ, որ հետաքննությունը անաչառ կանցնի եւ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։ Բոլորը գիտեն. վայրագությունների համար մեզանում ոստիկաններին չեն պատժում։ Հետեւաբար, այս քրեական գործի ամենականխատեսելի ապագան դրա կարճվելն է կամ կասեցվելը եւ այդ որոշման դեմ բոլոր բողոքների մերժումը դատական համակարգի երեք ատյաններում։ Եվ կրկին արդարության համար պայքարելու միակ ճանապարհն է մնալու միջազգային կառույցներին դիմելը։ Բայց առայժմ չշտապենք եւ ուշիուշով հետեւենք գործընթացին։

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031