«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը լրագրողների համար թարգմանել, տեղայնացրել և հրատարակել է «Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից» մասնագիտական գիրք-ուղեցույցը:
Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, այն ներկայացվեց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Գիրք-ուղեցույցի նպատակն է օգնել լրագրողներին օգտվելու տեղեկատվության մատչելիության իրավունքից իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:
«Ձեռնարկը նախատեսված է լրագրողների, տեղեկատվական դաշտի մասնագետների համար, որոնց անհրաժեշտ է պետական մարմինների տնօրինած տեղեկատվությունը (ըստ էության, բոլոր կարևոր տեղեկությունները տնօրինում են կառավարությունները)՝ իրենց հոդվածները պատրաստելու համար: Տեղեկատվություն ստանալու և այն տարածելու իրավունքը լրագրողի կարևորագույն իրավունքներից է, առանց որի անհնար կլինի մասնագիտական գործունեություն իրականացնել»,- նշեց գրքի խմբագիր Լիաննա Սայադյանը:
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ գիրք-ուղեցույցը նախապես հրատարակվել է եվրոպական 46 երկրներում՝ նպատակ ունենալով լրագրողներին խորհուրդներ տալ՝ ինչպես տեղեկություններ ստանալ Եվրոպական միությունից և ազգային կառավարություններից:
«Մենք թարգմանել ենք գրքի այն բաժինը, որը խորհուրդներ է պարունակում Եվրոպական միությունից և միջազգային այլ կառույցներից տեղեկություն ստանալու մասին: Նաև զետեղել ենք ՀՀ կառավարությունից տեղեկություն ստանալու ընթացակարգի մասին ծավալուն բաժիններ, որոնք լրագրողներին կօգնեն իրենց աշխատանքն իրականացնելիս մշակել հարցումներ, ստանալ տեղեկություններ, հասկանալ՝ ինչպես օգտագործել այդ տեղեկությունները, մերժման պարագայում ինչպես բողոքարկել դատական և արտադատական ատյաններում, նաև ինչպես անվտանգ դարձնել իրենց տնօրինության տակ գտնվող տեղեկությունները»,- մանրամասնեց Լիաննա Սայադյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ