Լրահոս
Օրվա լրահոսը

«Դվին» հյուրանոցի ներդրողը օֆշորում է գրանցված

Մայիս 03,2016 17:13
dvin

«Դվին» հյուրանոցի վերակառուցման աշխատանքների վերջնաժամկետը 2019 թվականն է: Կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում է ընդգրկված հյուրանոցի ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Նշենք, որ հյուրանոցի վերակառուցման վերջնաժամկետն այս տարի էր:

«Դվին» հյուրանոցը, ինչպես ներդրումային ծրագրում է գրված, նախատեսվում է վերակառուցումից հետո դարձնել Երեւան քաղաքի ամենաշքեղ հինգաստղանի հյուրանոցը:

Ըստ ծրագրի, նրա մրցակցային հիմնական առավելությունը կայանալու է նրա կենտրոնական տեղակայվածության, մեծ հողային մակերեսի (1,814 հա.), մյուս հյուրանոցների համեմատությամբ ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի շատ ավելի մեծ չափի, ինչպես նաեւ ժամանակակից եւ բացառիկ հյուրանոցային ինֆրակառուցվածքի մեջ:

Ի թիվս այլ ժամանցի կենտրոնների, ծրագրով նախատեսվում է, որ հյուրանոցի տարածքում գործելու է բարձրակարգ (VIP) խաղատուն՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա: Ծրագրում գրված է, որ հյուրանոցային համալիրը ներառելու է նաեւ այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը բարձրահարկ մասնաշենք է լինելու, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերեւի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար:

Ծրագրի հեղինակները վստահեցնում են, որ դրա իրականացման արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երեւան քաղաքում նման դասի յուրահատուկ եւ միակ օբյեկտը՝ 55000 քմ. ընդհանուր մակերեսով:

Նախատեսվում է, որ«Դվին» հյուրանոցը, ինչպես նշված է ծրագրում, ռեբրենդինգ, այն կվերանվանվի «Դավիթ Բեկ հյուրանոց»:

Մոտ 120,5 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր իրականացնող «Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ»՝ (CCG Caucasian Communication Group Limited) ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում՝ Կիպրոսում:

Ներդրումային բյուջեն բաղկացած է՝ սեփական կապիտալից, որը 2013-ին «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի գույքի շուկայական արժեքի վերաբերյալ «Գրանթ Թորնթո»-ի փորձագիտական հաշվետվության համաձայն կազմում է մոտ 35,5 միլիոն դոլար, 2013-ին արված 860.000 դոլարի չափով հաստատված ներդրումներից, 2014-ին՝ 3,9 միլիոն դոլարի հաստատված ներդրումներից, 2015-ին՝ 10,2 միլիոն դոլարի հաստատված ներդրումներից, 2016-ի համար նախատեսվող մոտ 20 միլիոն դոլարի չափով ներդրումներից, 2017-ին նախատեսվող մոտ 10 միլիոն դոլարի ներդրումներից, 2018-ին նախատեսվող մոտ 40 միլիոն դոլարի ներդրումներից:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031