ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը նախ հայտարարել էր, որ Զինված ուժերում չկան կապի համապատասխան միջոցներ, չկան անգամ գիշերային տեսողության սարքավորումներ: Այնուհետեւ, նա ասել էր, որ իր հայտարարությունից հետո մեկ-երկու օրում Գերմանիայից բերվել են գիշերային տեսողության սարքավորումները:
Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ արդեն մոտ երեք-չորս տարի է, ինչ զորքերը համալրվում են տարեկան հարյուրավոր գիշերադիտման սարքերով. «Ընդ որում, ամսեամիս դրանց թե՛ քանակը, թե՛ սերնդափոխությունն է իրականացվում: Եթե որեւէ մեկդ մի անգամ շփվել է գիշերադիտման սարքերի հետ, կիմանա, որ ընդամենը երկու տարում առաջին սերնդի ջերմադիտակից հասել ենք 2-րդ + ջերմադիտակի: Դա ամբողջ աշխարհում միտում է:
Դա, այսպես ասած, կատարելության աստիճան չունեցող գործընթաց է, ամենօրյա է, եւ որեւէ մեկի հայտարարության հետ կապ չունի: Ես չեմ կարող ասել, որ մեր պահանջարկի բոլոր հարցերը իդեալական վիճակում են, եւ ընդհանրապես, եթե որեւէ մեկը կարծում է, որ նման իրավիճակ կա աշխարհի որեւէ բանակում, դա առնվազն միամտություն է: Ասել, որ իր հայտարարությունից կամ մեկ այլ անձի քննադատությունից հետո գնացել եւ միջոց են ձեռք, բերել առնվազն ծիծաղելի է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ